Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակեց պարել եւ տեղի ունեցավ մարտի 1-ը»

Մարտ 07,2015 18:14

«Մենք ականատես ենք լինում քաղաքական դաշտի զանգվածաբար մաքրմանը, մենք կարող ենք մեղադրել իշխանություններին ոչ իրավաչափ, բռնատիրական գործողություններ կատարելու համար, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր սեփական ինքնասպանության համար առաջին հերթին պետք է մեղադրի ինքն իրեն»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր ուժերի գործունեությանը` այս տեսակետը հայտնեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:

Արմեն Աղայանի խոսքով՝ գոյություն ուներ համաժողովրդական շարժում եւ միայն այդ բառը ցույց էր տալիս, որ ողջ ժողովուրդը այդ շարժմանը մասնակից էր. «Եվ եթե նախագահը իր քմահաճույքով որոշում է, որ այդ շարժումը, ուժը պետք է այլեւ քաղաքականությամբ չզբաղվի եւ այն դադարում է զբաղվել, եւ ոչ ոք ձայն չի հանում, ոչ մի առարկություն չի լսվում, միայն արդարացումներ են հնչում, ցույց է տալիս, որ այդ համաժողովրդական շարժումը երբեք էլ գոյություն չի ունեցել»:

«Մենք կազմակերպված, որակյալ ընդդիմադիր դաշտ առայժմ չունենք,-վստահ է Արմեն Աղայանը,- Հայաստանի քաղաքական համակարգը միաբեւեռ քաղաքական համակարգ է: Այդ միաբեւեռ քաղաքական համակարգն անկայուն է այնպես, ինչպես մեկ ոտք ունեցող աթոռը: Դրա համար առիթից առիթ հայտվում է երկրորդ բեւեռը, որը ժողովրդից ստանում է հեղափոխություն անելու մանդատ: Ընդդիմադիր դաշտում եւս մեկ խնդիր կա՝ ժողովրդի պասիվ մասնակցությունը քաղաքական կազմակերպություններին, մարդիկ ուզում են ինչ-որ մեկը գա՝ իրենց փրկի»: Արմեն Աղայանը տեսակետ հայտնեց, որ  Հայաստանում ժողովրդի կողմից գոյություն ունի ատելություն ցանկացած քաղաքական կուսակցության նկատմամբ. «Ճիշտ է, ատում են ԲՀԿ-ի նման, ՀՀԿ-ի նման կուսակցությանը, բայց այդ ատելությունը տարածվում է նաեւ նորմալ կուսակցությունների վրա: Բայց եթե Հայաստանում պետք է քաղաքական գործունեություն լինի, ապա այն առաջին հերթին գաղափարական հենքի վրա պետք է լինի»:

Քաղաքական զարգացումների հաջորդ գագաթնակետը, ըստ Աղայանի, 2017 թվականի նախագահական ընտրություններն են լինելու. «Սակայն սա չի նշանակում, որ պետք է նստել եւ սպասել մինչեւ 2017 թվականը: Պետք է դադարի գոյություն ունենալ եւս մի միֆ: Դա պայքարի այն եղանակներն են, որոնց նախապատվություն տվեց Շանթ Հարությունյանը»: Մեր զրուցակիցը այդ պայքարը Հայաստանում անիմաստ է համարում. «Անիմաստություններով զբաղվելը միշտ էլ անհնար է»:

Անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի պայքարին իշխանությունների դեմ, Արմեն Աղայանը հետեւյալ տեսակետը հայտնեց. «Ցանկացած քաղաքական ուժ, եթե իշխանափոխության հայտ է ներկայացնում, ապա նա պետք է ժողովրդից ստացած մանդատ ունենա: Այդ մանդատը պետք է ինչ-որ կերպով արձանագրվի: Որպես կանոն՝ այդ մանդատը ստանալու գործողությունը շահագործվում է նախագահական ընտրությունների ժամանակ, եւ հենց այդ ժամանակ է, որ ժողովուրդը այս կամ այն գործիչին մանդատ է տալիս»:

Արմեն Աղայանը օրինակ բերեց Րաֆֆի Հովհաննիսյանին. «Նա շատ մեծ թվով քվեներ ստացավ, նույնիսկ իրեն հայտարարեցինք, որ նա ընտրված նախագահ է: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ մանդատը ստանալով, պատրաստ չգտնվեց այն ռեալիզացնելու»: Այսինքն, ըստ պրն Աղայանի, միայն մանդատը ստանալն էլ է քիչ, առանց մանդատի հավակնություններ դրսեւորելն էլ է քիչ. «Նախախորհրդարանը իրենց համար հնարել են մանդատ, դա հիմնադիր խորհրդարանի ընտրություններն է: Փոխարենը, մենք հիշում ենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը 350 հազար ձայն ստացավ, մանդատ ստացավ եւ ամբողջ ժողովուրդը նրանից ակնկալում էր հեղափոխական զարգացումներ: Նույնիսկ նրա ոչ համախոհ մարդիկ համարում էին, որ գնդակը նրա դաշտում է: Շատերը նույնիսկ ասացին, որ 2008 թվականի փետրվարի 26-ի հանրահավաքից հետո, երբ Սերժ Սարգսյանի բերած ժողովուրդն էլ միացավ Տեր-Պետրոսյանին, բոլորը սպասում էին, որ նա այսօր-վաղը արդեն կգնա եւ Բաղրամյան 26-ում կնստի: Դրա փոխարեն նա շարունակեց պարել եւ տեղի ունեցավ մարտի 1-ը»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031