Ինչպես տեղեկացրել ենք, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն այսօր «100-ամյակն առանց ռեժիմի» խորագրով ավտոերթ էին անցկացնելու Գյումրիում ու Ամենափրկիչ եկեղեցու բակում հանդիպելու էին գյումրեցիների հետ: Սակայն, անհայտ ծագումով մի խումբ երիտասարդներ՝ չգիտես ում կողմից ուղարկված, հավաքվել են Գյումրիի մուտքի մոտ՝ սպառնալիքներ հնչեցնելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հասցեին ու հարձակվելով նրանց սպասող լրագրողների վրա:
Վերջիններս հեռացել են հեռախոսազանգ ստանալուց հետո: «Հիմնադիր խորհրդարանի» անդամները , հասնելով Ազատան գյուղի մոտ, առաջ չեն շարժվել: Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը մամուլի ասուլիս է հրավիրել Ազատան գյուղի մոտ: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանն, անհայտ ծագումով սադրիչները ցրվել են Գյումրու տարբեր անկյուններում՝ Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած խմբի՝ Գյումրի մտնելուն պես սադրանքներ հրահրելու համար, դա է պատճառը, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները որոշել են Գյումրի չմտնել:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ոստիկաններն իրենց անվտանգության ապահովման երաշխիքներ չեն տալիս, իրենք էլ զգում են, որ «խաժամուժը» , քրեական տարրերը պտտվում են իրենց շուրջբոլորը: Ըստ նրա, կա իրենց վրա հարձակվելու ռեալ վտանգ, եւ այսօր Գյումրի չեն մտնի, սադրանքից խուսափելու նպատակով: Վերջինս նաեւ հայտնեց իր մտավախությունն առ այն, որ Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց հսկողությունն ակտիվացրած ոստիկանները կրիմինալ տարրերի միջոցով կփորձեն հակառուսական տրամադրություններ հրահրել , սադրել եւայդ ամբողջը կբարդեն իրենց վրա:
Կարդացեք նաև
Ժիրայր Սեֆիլյանն էլ հայտարարեց, որ իրենք անպայման կգան, «գյումրեցի ժողովրդի» հետ կշփվեն: «Եթե այս անգամ որոշել էինք միտինգ չանել, բավարարվել միայն հանդիպումով , առաջիկա օրերին Գյումրին կգանք միտինգի նպատակով», -ասաց նա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ