Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Բորիս Նեմցովի սպանության գործով երկու հոգի է ձերբակալվել: Ըստ Gazeta.ru-ի՝ այժմ միայն նրանց անուններն են հայտնի. Անզոր Գուբաշեւ եւ Զաուր Դադաեւ:
Բորտնիկովը հստակեցրել է, որ կասկածյալները Կովկասի բնակիչներ են. «Այս պահին շարունակվում են օպերատիվ եւ նախաքննությամբ այլ անհրաժեշտ գործողությունները»,- ասել է նա եւ հավելել, որ ձերբակալման մասին տեղեկացրել են Վլադիմիր Պուտինին:
«Ինտերֆաքս»-ն էլ տեղեկացրել է, որ Բորիս Նեմցովի փաստաբան Վադիմ Պորոխովը հայտարարել է, որ իրավապահ մարմինները դեռ իրենց չեն տեղեկացրել գործով ձերբակալվածների մասին. «Մեզ այդ մասին չեն տեղեկացրել: Բորիս Նեմցովի հարազատները ձգտելու են այս գործով տուժողներ ճանաչվել»:
Մոսկվայի Բասմանյան դատարանն էլ, ըստ RT.com-ի, մարտի 8-ին կարող է կասկածյալների կալանավորման մասին միջնորդությունը դիտարկել: Այս մասին հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադաեւան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ