Օրեր առաջ Նուբարաշենի մեկուսարանի դիմաց սպանվեցին երեք «քրեական» հեղինակություններ, որոնց մեջ նշվում էր Դրաստամատ Հակոբջանի Թադեւոսյանի անունը, որի աճյունը կամփոփվի հոր կողքին:
Մի քանի օր է, ինչ մտովի նրա հոր՝ ազգայնական, Ազգային Միացյալ կուսակցության անդամ, պատմաբան, լրագրող (նա խմբագրել է ԱԻՄ-ի «Հայրենիք» ամսագիրը) անկախ Հայաստանում վերստին դատապարտված Հակոբջան Թադեւոսյանի հետ եմ: Ի դեպ, այդ ժամանակ նա «Անկախության բանակի» համակարգողն էր:
Ես լուսաբանել եմ նրա երկարատեւ դատաքննությունները, ուսումնասիրել նրա արխիվը, որոնք նա ազատվելուց հետո՝ հոգեկան խռովքի պահին այրեց:
Բայց ինձ մոտ մնացել են այդ պայծառ մարդու բանտային բազմաթիվ նամակները, որոնք հրապարակվել են իննսունականներին լույս տեսնող «Հայ աշխարհ» թերթում:
Կարդացեք նաև
Դրոյի մայրն էլ հայտնի տոհմից է՝ Սիրուն Նաջարյանը, եւ ես անվերջ մտածում եմ, ինչո՞ւ… ինչո՞ւ կատարվեց այս ամենը հենց այս ընտանիքի զավակի հետ:
19-ամյա Հակոբջան Թադեւոսյանին խորհրդային պետությունը մեղադրանք էր առաջադրել ընդհատակյա կազմակերպություն ստեղծելու, հակասովետական պրոպագանդայի եւ ագիտացիայի համար, իսկ մեղադրանք էին առաջադրել 1200 ռուբլի «յուրացման» համար. նա յուրացրել էր Ադրբեջանին պատկանող սեփականությունը:
Հակոբջանն իր վերջին խոսքում, որը հիշում եմ հիմա էլ, ասաց. «Դատարանն ինձ դատում է հետադարձ ուժով. բռնագրավված ապրանքը համարելով սովետական սոցիալիստական հանրապետության սեփականություն, այլ ոչ թե թշնամի պետության պատկանող ապրանք: Այսօրվա սովետական քրեական օրենսգրքով դատապարտվում եմ, իսկ վաղվա Հայաստանի ազգային օրենսգրքով ես կարդարացվեմ: Եվ դրա համար պետք չէ ինձ քսան տարի սպասել: Ինչպես դա արեցին կոմունիստները՝ իմ առաջին քաղաքական դատվածությունից հետո: Ես շատ բան ունեմ ասելու, սակայն սթրեսային ժողովուրդ ենք դարձել, եւ ես գիտակցված խնայում եմ ձեզ: Այո, խնայում եմ ձեզ, ասելիքս այնքան դաժան կլիներ, միաժամանակ այնքան տխուր»:
Հակոբջան Թադեւոսյանն ուղնուծուծով ապրում էր Հայաստանով, հայ տեսակով, նա ուներ հրաշալի պատմական ուսումնասիրություններ, որոնք բացառապես վերաբերում էին հայ ֆիդայական շարժմանը: Նա Մոսկվայում գնդակահարված ԱՄԿ հիմնադիր Ստեփան Զատիկյանի ընկերն էր, ինչպես նաեւ շատ ԱՄԿ-ականների:
Սակայն նրան այդպես էլ բախտ չվիճարկվեց տեսնել իր ուսումնասիրությունները հրատարակված:
Նա ինձ ուղարկված նամակներից մեկում գրում էր. «Ամբողջ հանրապետությունը, սկսած կուսակցություններից, լցված են թույնի թորումով», ապա շարունակում՝ «դատապաշտպաններից մեկը՝ Մաթեւոսյանը, որը ժամանակին պաշտպանել էր գնդակահարության դատապարտված ընկերոջս՝ ԱՄԿ հիմնադիր Ստեփան Զատիկյանին, հակառակ անաչառ իր կեցվածքին, այսպես կոչված, ճառով հանդես եկավ, ի ցույց դնելով իր ներքին բովանդակության աղքատությունը: Նրանց մեջ բուն դրած սովետական ստրուկը սպանված չէ, եւ ես մտաբերում եմ մի հայտնի տող. ոչ թե ստրկատերին պետք է սպանել, այլ՝ստրուկին, որ ստրակատեր դառնալու նկրտումներ չունենա:
Դրոն այս՝ գրի, գրականության, նվիրումի միջավայրում է ապրել…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. – Հակոբջանի մահից հետո տպագրվեց նրա «Բեկորներիս իրավունքով» գիրքը՝ հինգ տարի առաջ:
<>- Ռուզաննա ջան,հարգելիս,այս պարբերության մեջ ամեն բան խառնված է իրար:Հակոբջանը այո,դատվել է նախկինում,բայց Ադրբեջանական վագոնի ապրանքն իբր «յուրացնելու համար» դատվում էր երկրորդ անգամ,1991-92 թվականներին,երբ նա արդեն 40-նն անց մարդ էր,4 երեխաների հայր և դատվում էր իշխանության եկած ՀՀՇ կառավարության օրոք իբր Ադրբեջանական Հանրապետությանը հասցրած վնասի համար…