Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ում մի ամբողջ օր էր հարկավոր վերջնականապես կողմնորոշվելու համար, երեկ հայտնելով ԲՀԿ-ից դուրս գալու մասին՝ հավելեց. «Ես սկսել եմ պարոն Ծառուկյանի հետ միասին կուսակցական աշխատանքները, այսպես ասած, եւ եթե ինքը դուրս ա եկել, ուրեմն անելիք չկա»: Այսինքն, իր կուսակցությունում լինելը գաղափարի՞ վրա չէր հիմնված, զուտ անձո՞վ էր պայմանավորված: «Հարցեր մի տվեք, էլի, ես արդեն ասեցի պատճառը»:
Այլ կուսակցության շարքերն անդամագրվելը, ընդհուպ ՀՀԿ, քաղաքապետը բացառեց: Հարցին՝ չէ՞ որ այդ կուսակցության շնորհիվ է քաղաքապետ դարձել, որքանո՞վ է ճիշտ այն լքել հենց ամենածանր պահին, ասաց. «Արի սահմանափակենք, ես չեմ պատասխանում Ձեր հարցերին… այսուհետ հարցերին կպատասխանեմ միայն գրավոր, ցտեսություն»:
Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը ԲՀԿ-ն լքելու հայտարարությունը տարածելուց հետո բավականին կայտառ ձայնով պատասխանեց հեռախոսազանգին. «Ոչ մի խոչընդոտ չկար կուսակցությունում մնալու համար, ուղղակի ես հիմա ավելի հոգեհարազատ գործով եմ զբաղվում»:
Ռեկտորը կամաց-կամաց փակագծերը բացեց. հիշեցրեց, որ ինքը նաեւ Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալն է, եւ հիմա արդեն դժվար կլինի ամեն ինչով զբաղվել, քանի որ Ծառուկյանն էլ է ակտիվ զբաղվելու իր սիրած գործով: «Քաղաքականությունն ինձ հոգեհարազատ չի… ես Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ եմ, դե հիմա դժվար կլիներ՝ էնտեղ էլ, էնտեղ էլ, ավելի ծանրաբեռնված կլինի… Ծառուկյանն արդեն ազատ ժամանակ շատ կունենա, լուրջ կզբաղվի Օլիմպիական կոմիտեյով, մեզ էլ պտի աշխատացնի… համատեղ երեք ֆրոնտում ես չեմ կարող, դա է նպատակահարմար»:
Կարդացեք նաև
Հարցին, թե վաղո՞ւց էր ԲՀԿ-ում, ռեկտորը զարմացրեց. «Դե հա… 97-98 թվականից, էլի»: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հիմնադրվել է 2004 թվականին: Դիտարկմանը, թե այդքան «վաղ» լինելով կուսակցության շարքերում, ցավ չի՞ զգում քայքայումը տեսնելով: «Դե, կկայանա, կկայանա, որովհետեւ հիմքը լավ է դրված, մարդիկ կան, որ կմնան… չէ, չէ, ինձ չի թվում, որ բան կլինի, մեկ-երկու ամսից ուշքի կգան, կուսակցությունը կշարունակի գործողությունը»,-սփոփեց Վահրամ Առաքելյանը, ով կուսակցության «լավ» հիմքերը դնողներից մեկն է եղել, անգամ կուսակցության պաշտոնական հիմնադրումից 7 տարի առաջ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: