Մոտ մեկ շաբաթից՝ մարտի 16-ին, Երեւանում մեկնարկելու է Եվրանեսթի՝ Եվրամիության Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանը: Ինչպես հայտնում են խորհրդարանական մեր աղբյուրները, Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը, որ բողոքի ալիք էր բարձրացրել նստաշրջանը Հայաստանում անցկացնելու որոշման դեմ, կարծես թե տեղի է տվել եւ կմասնակցի վեհաժողովի աշխատանքներին: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը դեռ փետրվարի 11-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրանեսթի Բյուրոյի հերթական նիստի ժամանակ հայտարարել էր, թե իրենք դեմ են Խորհրդարանական վեհաժողովի, Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը Երեւանում անցկացնելուն եւ Վեհաժողովում ՀՀ համանախագահությանը:
«Իր հայտարարություններում ադրբեջանական պատվիրակությունը ընդգծել է, որ, քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիան, Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը Հայաստանում անցկացնելը, ինչպես նաեւ Եվրանեսթում ՀՀ նախագահությունը անընդունելի է եւ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի ՀՀ-ում անցկացվող այդ աշխատանքներին:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանը տեղի է ունենալու Երեւանում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Կասկած չկա, որ Հայաստանը կօգտվի այդ միջոցառումից՝ քարոզելու Հայոց հորինված ցեղասպանությունը»,- հայտարարել էր Սուլեյմանովը: Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը, այդուամենայնիվ, որոշել է գալ եւ այստեղ պայքարել «Հայոց հորինված ցեղասպանության դեմ»: Իսկ որ Ցեղասպանության հարցը շոշափվելու է Եվրանեսթի լիագումար նիստում, թերեւս աներկբա է:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: