«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը արտահերթ համագումարից անմիջապես հետո հորդորեց բոլորին ԲՀԿ-ին ժամանակ տալ։ Այնուհանդերձ, լրագրողների համար բհկականները չդարձան «անհասանելի բաժանորդ»: «Հայոց Աշխարհ»-ը զրուցեց պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։
-Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն է: Եթե նկատի ունենանք, որ հայաստանյան ընդդիմությունը գործում է բոլորովին այլ տրամաբանությամբ` մոռացել է ընդդիմության իրական գործառույթներն ու առաջնորդվում է` «դուք գնացեք, մենք ենք գալու իշխանության» սկզբունքով, ու միակ պահանջն էլ իշխանափոխությունն է, հետաքրքիր է, թե ինչպիսի քաղաքական դիմագիծ կունենա նորացված ԲՀԿ-ն:
-Այն երեւույթը, ինչի մասին նշեցիք, կարծում եմ, շատ խորը արմատներ ունի: Բանն այն է, որ հայաստանյան ընդդիմադիր ուժերը իշխանափոխության պահանջով հանդես են եկել այն պատճառով, որ նրանց ձայնը լսելի չի եղել: Այսինքն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը համոզված են, որ իրենց ծրագրերը կարող են կյանքի կոչվել միայն իշխանափոխության դեպքում: Այնպես որ, ընդդիմության նման պահվածքն ունի օբյեկտիվ պատճառներ:
Իսկ թե ինչպիսի ընդդիմություն կլինի «Բարգավաճ Հայաստանը», գիտեք, կան հարցեր, որոնց պատասխաններն այս պահին դեռ չունենք։ Հիշյալ հարցը դրանց շրջանակում է:
Իսկ պատճառը շատ պարզ է` մենք դեռեւս խնդիր ունենք հասկանալու, թե վերակազմավորումից հետո կուսակցությունն ի՞նչ ծրագրերով է հանդես գալու, ինչպես նաեւ՝ ովքե՞ր են մնալու կուսակցության մեջ:
Կարդացեք նաև
-Կարելի՞ է ասել, թե ԲՀԿ-ում առնետավազքը սկսված է:
-Գիտեք, չէի ցանկանա վերջին տրանսֆորմացիոն գործընթացները կոչել այնպես, ինչպես դուք անվանեցիք: Իրականությունը քիչ այլ է. կուսակցության անդամներից շատերը ԲՀԿ էին եկել Գագիկ Ծառուկյանի հետ միասին ու նաեւ նրա շնորհիվ ներգրավվել կուսակցական ակտիվ գործունեության մեջ: Ուստի տրամաբանական է, որ Ծառուկյանի հեռանալով մեր գործընկերներից շատերը եւս հեռանում են։ Կարծում եմ, սա տեղավորվում է քաղաքական գործընթացների ու ներկայիս տրանսֆորմացիաների տրամաբանության մեջ։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: