«ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ դուրս է գալիս ԲՀԿ քաղխորհրդի կազմից եւ ընդհանրապես կուսակցությունից: Սակայն նա շարունակելու է մնալ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը ու ղեկավարել «Կենտրոն» հեռուստաընկերության «էպիկենտրոն» լրատվական ծառայությունը: Այսինքն` այն կանխատեսումները, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունն այլեւս չի սպասարկի ԲՀԿ-ին, հաստատվում են:
Ստեղծված իրավիճակը մեկնաբանելու «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Ես շարունակում եմ ղեկավարել «Էպիկենտրոն» լրատվական ծառայությունը, որն ունի հստակ քաղաքականություն, որով առաջնորդվել է նախկինում ու շարունակելու է առաջնորդվել նաեւ ապագայում: Խոսակցությունները, թե կուսակցական է կամ կուսակցական չէ, ես նման խոսակցությունները մեկնաբանելը նպատակահարմար չեմ համարում, մենք մեր գործունեության ընթացքում աշխատել ենք լինել մաքսիմալ օպերատիվ ու օբյեկտիվ:
«Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատիրոջ փոփոխության հետ կապված հարց չկա, այս պահի դրությամբ որեւէ բան չի փոխվել»,- հավաստիացրեց Տոնոյանը: Մինչդեռ դժվար թե որեւէ հեռուստադիտող նկատած չլինի, որ ներկա եւ նախկին «Կենտրոնը», բովանդակային իմաստով, որեւէ ընդհանրություն չունեն: Նախկին ընդդիմադիր հեռուստաալիքն այլեւս դարձել է իշխանական սովորական լրատվամիջոց»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: