Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հետեւանքներ կունենա Նեմցովի սպանությունը

Մարտ 07,2015 15:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում հարցը քննարկում են Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը եւ Times.am կայքի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Արամ Աբրահամյան.– Նախ եւ առաջ՝ այդ սպանությունը քաղաքակա՞ն էր, թե՞ ոչ: Եթե քաղաքական չէր, ապա քննարկելու բան առանձնապես չկա:

Ստեփան Գրիգորյան.– Ես կարծում եմ՝ Նեմցովը այն մասշտաբի մարդ էր, որ ավելի շատ քաղաքականի նման է: Մարդը, որ ընդդիմության առաջատարներից մեկն էր, մարդ, որն ակտիվորեն քննադատում էր իշխանություններին, իր մահը պարզ է՝ անհետեւանք չի կարող մնալ, իր հետքը թողնում է: Իմ կարծիքով՝ ամենամեծ մտահոգող փաստը, այդ թվում՝ մեզ համար, պետք է լինի այն, որ Ռուսաստանում այնպիսի մթնոլորտ է, որը թույլ է տալիս նման սպանություններ: Եթե դա տեղի ունենար Յարոսլավլում կամ Նովոսիբիրսկում, դուք կարող էիք ասել՝ ինչ-որ ներքին գզվռտոցի խնդիր է, կարող է՝ կոնկրետ ինչ-որ լոբբիստական գործերի հետ է կապված: Բայց երբ սպանում են Կրեմլի պատերից մոտավորապես 100 մետր տարածության վրա, ակնհայտ է, որ դա ավելի շատ քաղաքական է: Իսկ մեզ դա հուզում է, քանի որ մենք դարձանք Եվրասիական միության անդամ, ու ստացվում է այնպես, որ «առաջնորդ պետության ներսում» նման դաժան մթնոլորտ է:

Ա. Ա.– Համաձա՞յն եք, որ քաղաքական էր սպանությունը:

Հրանտ Մելիք-Շահնազարյան.- Միանշանակ. մոտիվները չգիտեմ՝ արդյոք քաղաքակա՞ն էին, թե՞ անձնական խնդիրներ կային, բայց այն, որ Նեմցովը քաղաքական ֆիգուր էր, եւ նրա սպանությունը պետք է ունենար քաղաքական հետեւանք, հետեւաբար անկախ պատճառներից եւ անկախ պատվիրատուների որակից՝ այո, սա քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունեցող սպանություն էր:

Ա. Ա.– Իսկ եթե ինչ-որ աղջկա պատճառո՞վ էր:

Հ.Մ-Շ.– Անգամ այդ դեպքում՝ պետք է ասեմ, որ ընդդիմության առաջնորդ է փաստացի ասպարեզից դուրս եկել, հետեւաբար դա ունենալու է քաղաքական հետեւանքներ, եւ սա էլ իր հերթին բերում է այն համոզման, որ քաղաքական բաղադրիչ այս սպանության մեջ բոլոր դեպքերում կա:

Ա. Ա.– Պուտինը սպանության հենց հաջորդ օրն ասաց, որ դա իսկապես քաղաքական հանցագործություն է, պատվիրված է եւ շատ նման է սադրանքի: Իսկ դրանից մի քանի օր անց Լավրովն ասաց՝ պետք չէ այդ սպանությունը քաղաքականացնել: Այստեղ չե՞ք տեսնում հակասություն:

Ս. Գ.- Չեմ տեսնում հակասություն, քանի որ այսօրվա Ռուսաստանի քաղաքականությունը շատ հետաքրքիր է, եթե նկատել եք՝ նույնիսկ Ուկրաինայի հարցով եւ շատ այլ հարցերով նույն Պուտինը պարբերաբար փոխում է իր մոտեցումները: Կարող է ընդհանուր առմամբ շատ կարծր քաղաքականություն վարել աշխարհում, ճնշում գործադրել, աշխարհի խաղի կանոնները փոխել, բայց տակտիկական իմաստով հաճախ Պուտինը փոխում է իր շեշտադրումները: Այստեղ ես մեծ հակասություններ չեմ տեսնում, բայց Պուտինի այս հայտարարությունը ներքին սպառման համար չէ, քանի որ Ռուսաստանում մթնոլորտն այնպիսին է, որ բավական մեծ է տոկոսը մարդկանց, ովքեր այդ քաղաքականության կողմնակիցն են: Համոզված եմ նաեւ, որ շատերը Ռուսաստանում անտարբեր են այդ սպանության նկատմամբ: Հայտարարություններն ուղղված են առաջին հերթին Գերմանիային եւ Ֆրանսիային, քանի որ Գերմանիան եւ Ֆրանսիան վարում են, այսպես ասած, «զգույշ» քաղաքականություն, անընդհատ փորձում են Պուտինին երկխոսության մեջ ներգրավել դա իրենց էր ուղղված, որ իրենք կարողանան Ամերիկայի մոտ պաշտպանել Պուտինին, որ նոր պատժամիջոցներ չկիրառվեն:

Հ.Մ-Շ.- Բոլորս գիտենք՝ ինչ բարձր հեղինակություն ունի Պուտինը Ռուսաստանում, եւ թե ինչի շնորհիվ է հավաքել այդ հեղինակությունը, այդ թվում նաեւ՝ Ուկրաինայի հարցում շատ կտրուկ եւ վճռական դիրքորոշման արդյունքում: Դրա համար կլինեն պատժամիջոցներ, թե ոչ, համոզված եմ, որ Նեմցովի գործը ընդամենը տեղեկատվական ֆոն է ապահովելու՝ այլ պատճառներից բխող որոշումների համար:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031