Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկը բացառում է, որ նորածնին գողացել են, կամ որեւէ գործարք է եղել

Մարտ 07,2015 15:00

Մոտ 2 տարի առաջ նորածին երեխային իրենից ապօրինաբար բաժանելու համար Երեւանի բնակիչ Նարինե Նիկողոսյանը մեղադրում է իր ծանոթներ՝ բժիշկ Հրաչ Կալուստյանին եւ Էդիսոն Ադյանին. Նարինեի պատմելով՝ վերջիններս օգտվել են իր անօգնական վիճակից: «Առավոտը» բազմիցս այս խնդրին անդրադարձել է, Նարինե Նիկողոսյանը նույնիսկ պնդում է, որ իր երեխային գողացել են:

Երեխայից բաժանվելուց մոտ 6 ամիս հետո է Նարինե Նիկողոսյանը դիմել ոստիկանություն, որը որոշում է կայացրել կարճել գործը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ:

Ե՛վ «Առավոտի» հետ զրույցում, ե՛ւ դատարանում Նարինե Նիկողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը պնդում է, որ քննիչը պետք է հարցաքններ նաեւ բժիշկ Հրաչ Կալուստյանին, ինչը չի արել:

Երեխայի մայրը դատարանում էլ վստահեցրել է, որ Էդիսոն Ադյանն ու բժիշկ Կալուստյանը նախապես պայմանավորվել են, որ երբ կինը ծննդաբերի, երեխային տալու են Ադյանին:
Իրավապահ մարմինները Կալուստյանին չհարցաքննելու պատճառ են ներկայացնում այն, որ վերջինս հանրապետությունից բացակայում է:

Քանի որ մենք այս խնդրի վերաբերյալ ներկայացրել ենք Ադյանի եւ Նիկողոսյանի բացատրությունները, փորձեցինք զրուցել նաեւ բժիշկ Հրաչ Կալուստյանի հետ: «Առավոտը» «ֆեյսբուք» սոցիալական ցանցով կապ հաստատեց բժշկի հետ, նա, իրոք, բացակայում է հանրապետությունից, բայց համաձայնեց մեր որոշ հարցերին պատասխանել:

Մասնավորապես՝ արդյոք որեւէ պայմանավորվածություն, գործարք եղե՞լ է կողմերի միջեւ, ինչի արդյունքում փոքրիկ երեխան հիմա իր մոր հետ չէ, նրան խնամում եւ մեծացնում է նրա, Նիկողոսյանի ներկայացմամբ՝ ոչ կենսաբանական հայրը: Գործարքի վերաբերյալ Կալուստյանն ասաց. «Այդպիսի բան չկա»:

Նարինե Նիկողոսյանը վստահեցնում է, որ ինքն արդեն 6,5 ամսական հղի է եղել, երբ բժիշկը ծանոթացրել է նրան Էդիսոն Ադյանի հետ: Նարինեի խոսքերով՝ ինքը զրկված է եղել օթեւանից, բժիշկն առաջարկել է նրան իր ծանոթ Ադյանին պատկանող Աբովյան քաղաքի բնակարանում ապրել որոշ ժամանակ, բժիշկը կնոջն ուղեկցել է այդ բնակարան, որտեղ էլ ծանոթացրել է Ադյանի հետ: Այս առնչությամբ էլ բժիշկը մեզ վստահեցրեց. «Ես էդ տան տեղը չգիտեմ, իրենք իմ կլինիկայում են ծանոթացել: Իմ մոտ են ծանոթացել: Երբ Նարինեի ամուսինը, որը իրանից 35 տարի մեծ էր, մահացավ, Նարինեն մի օր եկավ իմ մոտ, Էդիսոնն էլ իմ մոտ նստած էր, Նարինեն լաց եղավ, որ ամուսնու երեխեքը իրան տնից հանել են ու դրսում է մնացել: Էդիսոնն էլ խղճալով՝ ասաց, որ ինքը տուն ունի Հայաստանում, որը դատարկ է, կարող է ժամանակավոր ապրել այնտեղ: Սա եղել է, երբ ինքը հղի չէր»: Նկատենք, որ Էդիսոն Ադյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ Նարինեի հետ ծանոթացել է բժշկի գրասենյակի ընդունարանում, Ադյանը ոչ մի խոսք չի ասել մեզ այն մասին, որ ինքը նստած է եղել բժշկի մոտ ու այդտեղ տեսել է Նարինեին արտասվելիս, խղճացել է ու օգնություն առաջարկել: Ադյանը մեզ վստահեցրել է, որ կլինիկայի միջանցքում է տեսել Նարինեին, հրավիրել սուրճ խմելու, ու միասին գնացել են:

Ծննդատնից դուրս գրվելուց հետո, ինչպես պնդում է Նարինեն, բժիշկ Կալուստյանը նրան տարել է նոտարական գրասենյակ, որտեղ համոզել է նրան ստորագրել մի փաստաթղթի վրա, որով երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնում է հորը՝ Էդիսոն Ադյանին: Իսկ Ադյանը երեխայի ծննդականում գրանցվել է որպես հայր, երբ Նարինեն դեռ ծննդատանն էր: Նարինեն վստահեցրել է, որ ինքը չի էլ իմացել, թե ինչ թղթեր է ստորագրում, բժիշկը նրան ասել է՝ ոչինչ չկա, պետք է ստորագրի: Բժիշկ Կալուստյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը Նարինեին ոչ մի տեղ էլ չի տարել. «Ու եթե ես համոզեի, ոնց որ ինքն է ասում, ինչո՞ւ համար ինքը սպասեց մինչեւ իմ վերապատրաստման գալը, նոր դիմեց այս նենգ քայլերին: Ինքը, իմ իմացածով, դատարան է գնացել, ցուցմունք էր տվել, որ երեխուց հրաժարվում է: Էդ եղել է ծննդաբերությունից ամիսներ անց: Փաստորեն, ես իրան էս ամիսներին էլի խաբել եմ, էս հեքիաթին նույնիսկ երեխան չի հավատա: Նոտարը ամեն ինչ կարդում է բարձր ձայնով, նոր մարդիկ ստորագրում են»: Նշենք, որ Նարինե Նիկողոսյանն ասել է, որ ինքը նոտարի մոտ Էդիսոն Ադյան անուն-ազգանուն չի լսել, այլ անուն է լսել:

Մեզ հետ զրույցում բժիշկը հերքեց Նարինեի խոսքերը, ըստ որի՝ իր երեխային գողացել են: Կալուստյանի ներկայացմամբ՝ «Փաստորեն, ըստ իրա ասածի՝ ես հանցավոր եմ երեխու գործով, բուժքույրը հանցակից է, որ երեխուն չէր բերում, ԶԱԳՍ-ի աշխատողը հանցավոր է, որ ծննդավայրը գրել է, իմիջիայլոց, ասեք թող տեղեկացվի, նոր խոսա. Հայաստանում բոլոր ծննդականները ձեռագիր են գրում: Նոտարը հանցավոր է, որ թուղթը իրա մոտ է ստորագրել: Դատավորը հանցավոր է, որ դատի ժամանակ Նարինեն իրեն ասել է, որ հրաժարվում է: Քննիչը հանցավոր է, որ իրականությունը պարզել է»:
Կալուստյանն ասաց, որ ինքը Նարինեին ծննդաբերությունից 3-4 ամիս հետո է տեսել, երբ կինը գնացել է բժշկի մոտ եւ ասել, որ Ռուսաստան է գնալու, այդ պատճառով էլ երեխուն հոր մոտ է թողնում:

«Ուղղակի ստացվում է, որ Նարինեն խաբել է Էդիսոնին՝ ասելով, որ իր երեխան է, հիմի էլ ինչ-ինչ նպատակներով փորձում է բոլորիս խաբել»,- ասաց բժիշկը:
Մեր այն հարցին էլ, թե Էդիսոն Ադյանի հետ բժիշկն ինչպես է ծանոթացել, Կալուստյանն ասաց, որ իր հիվանդի ամուսինն է, եւ ժամանակի ընթացքում ընկերացել են, ու ավելացրեց. «Իր հին ընկերոջ եղբայրն է, որը նահատակվել է: Կինը վաղուց է եկել, իմ մոտ չէր այցելում»:

Այս պատմության մեջ նաեւ շրջանառվում է ոմն Յուրա Ադյանի անունը. Նարինեի խոսքերով՝ Յուրայի հետ հանդիպել է բժշկի մոտ, հենց բժիշկն է Նարինեին հորդորել Յուրայի հետ գնալ ու նրա մեքենայում իրեն սպասել. ըստ Նարինեի՝ Յուրա Ադյանը նաեւ ակնարկել է, որ «երեխային տալու է, չէ՞, իրենց»: «Յուրան, իմ իմանալով, Էդոյի (Էդիսոն Ադյանի) ծանոթն է, ոչ թե եղբայրը, Յուրան ի՞նչ կապ ունի էստեղ՝ չգիտեմ: Էդպիսի բան չեմ հիշում, որ եղել է:

Ես Յուրայի հետ վաղուց չեմ հանդիպել: Ասում եմ, չէ՞, ինքը (նկատի ունի Նարինեին-Ն. Բ.) 2 տարի հետո՞ հիշեց, որ երեխուն գողացել են: Մի քիչ կասկածելի է: Կամ էլ ինչ-որ պատվեր է կատարում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031