Համոզված է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը
Վերջերս լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն ազատվել է աշխատանքից: Իրականում՝ ինչպես նշում են պատկերասրահի աշխատակիցները, նա թոշակի է անցել եւ այժմ այնտեղ որպես խորհրդական է աշխատում, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Հակոբյանը:
Նոր տնօրեն Հայաստանի ազգային պատկերասրահը կունենա վեց ամսվա ընթացքում, այդ ժամկետը սահմանել է մշակույթի նախարարությունը, իսկ մինչ այդ, ինչպես ցանկացած գերատեսչությունում, մշակութային օջախում, այստեղ էլ արդեն անուններ են շրջանառվում, որոնցից մեկը Հայաստանի ժողարվեստի թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանն է:
«Առավոտի» հետ զրույցում նկարիչ Հաղթանակ Շահումյանը անդրադառնալով պատկերասրահին ու նրա տնօրենի աթոռը զբաղեցնելու համար շրջանառվող անուններին՝ ասաց, որ մանրամասների չի տիրապետում, բացարձակապես չի հետաքրքրվել, սակայն իր համոզմամբ՝ Ազգային պատկերասրահը մեր մշակութային կարեւորագույն օղակներից է. «Վերջին տարիներին Փարավոն Միրզոյանը բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում, երեւի օրենքն է, կարգ կա, որ թոշակի է անցել: Շատ կուզենամ, որ կարգին մարդ գտնեն տնօրենի համար, պատկերասրահի տնօրենը պետք է գիտակ լինի, կերպարվեստի պատմությունը իմացող, սա շատ կարեւոր է, եւ ամենակարեւորը՝ ինտելիգենտ լինի: Հովեյանը ճիշտ է՝ աշխատանքային փորձ ունի, պոետ է, արվեստի մարդ, բայց չգիտեմ…»:
Հարցին՝ միայն արվեստի մարդ լինելը բավարա՞ր է այս պաշտոնը զբաղեցնելու համար, Հաղթանակ Շահումյանն ասաց. «Արվեստի մարդ լինելը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Կարող է այնտեղ տնօրեն լինել տնտեսական գծով մարդ եւ այլն, բայց այդ արժեքներին տեր կանգնելու համար գիտակ մարդ է պետք, ոչ մասնագետը կոչնչացնի եղածը: Այնտեղ բաներ կան, որ դեռ հնից հաշվեգրված չեն, քանի որ առաջ ներկայիս տեխնիկաները չկային, որ հաշվառեին, պահեստում ահագին գործեր կան, որ վերծանված չեն, եւ որոնք կարող են միջնադարի մեծ վարպետների գործեր լինել»:
Կարդացեք նաև
Իսկ թե ում է ուզում ինքն անձամբ տեսնել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում՝ Հաղթանակ Շահումյանն ասաց, որ անկախ ամեն ինչից՝ այդ աշխատողը պետք է կերպարվեստը լավ իմանա, որ արժեքը գնահատել իմանա. «Մեր նկարիչների մեջ ամբիցիաներ կան, մեկը ժամանակակից ավանգարդ մտածողություն ունի, մեկը՝ պահպանողական, իսկ այդ համոզմունքները միշտ դեր են կատարել նաեւ պատկերասրահի էքսպոզիցիայի ձեւավորման մեջ, բայց նման բան չպետք է լինի: Բացի այդ՝ պատկերասրահը պետք է ունենա գեղարվեստական լուրջ խորհուրդ: Պատկերասրահը գիտական միջավայր է, եւ եթե ղեկավարը արժանի մարդ է, չպետք է տարիքը հաշվի առնվի, բայց ես կուզեմ կարգին մարդ լինի նոր տնօրենը, որ չթալանեն եղածը»:
Իմիջիայլոց, կապվեցինք Հովիկ Հովեյանի հետ, որպեսզի հետաքրքրվենք, թե ինչ է մտածում իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների առնչությամբ: Նա, սակայն, չցանկացավ որեւէ հարցի պատասխանել, ասաց, որ ծնունդն են նշում: Իսկ Փարավոն Միրզոյանի հետ չհաջողվեց կապվել:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2015