Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայը եւ վերջը. հայկական միստիկա

Մարտ 07,2015 14:00

Ես՝ ինքը կյանքն եմ, հարատեւումը, անմահությունը…

Գեւորգ Էմին, «Հավերժի
ճամփորդը»

Լավ, ուրեմն, աշխարհի վերջը Հայաստանից է լինելու: Հետո՞: Վե՞րջ: Մենք էլ, ուրեմն, մարդկության սկզբի հետ ծագել ենք, մարդկության վերջի հետ էլ պիտի գնա՞նք: Հայ-հա՜յ… Ինչ-որ շատ կասկածելի է: Դրա դեմ է ելնում հայի ողջ տրամաբանությունը եւ պատմական փորձը:

Այս պատմությունները՝ Ադամ, Նոյ, Արմագեդոն եւ այլն, հին հրեական առասպելներ են, բանահյուսություն: Նրանք դա մտցրել են իրենց Սուրբ գիրքը, որը, հետագայում, քրիստոնեության եւ իսլամի միջոցով տարածվել է ողջ աշխարհում: Ըստ ժամանակակից գիտության, Ադամի, Նոյի ու Արմագեդոնի մասին «լուրերը» չեն համապատասխանում իրականությանը: Բայց մարդը, շատ հաճախ, ձգտում է հավատալ, եւ ոչ քննել ու հասկանալ: Եվ այս պատմություններին հավատացողներն աշխարհում դեռ շատ ու շատ են:

Աշխարհն անընդհատ զարգանում է, փոփոխվում: Փոխվում են մոտեցումները, քարացած հին կարծիքները ջախջախվում են, հնանում եւ մոռացվում: Ի հայտ է գալիս նորը, ավելի ճշգրիտը, ավելի արդիականը, ավելի առաջադիմականը: Հին առասպելներին փոխարինելու են գալիս նորերը: «Մենք ծնվել ենք, որ հեքիաթը դարձնենք իրականություն», ահա սովետական մի հին երգի բառերը: Դրանից հետո ի՞նչ է մնում՝ նոր հեքիաթ հորինել եւ այն դարձնել իրականություն:

Եվ ահա, հին հրեական բանահյուսությունից հետո ներկայացնենք նոր հայկական բանահյուսությունը: Նրանցը հին է, մերը՝ նոր, նրանցը արդեն մտցվել է Սուրբ գիրք, իսկ մերը դեռ սպասում է դրան: Եվ ի՞նչ ենք տեսնում:

Մեր նոր բանահյուսության ամենահայտնի, բայց ամենաքիչ ուսումնասիրված ժանրում՝ անեկդոտներում երբեմն նույնպես հանդիպում են աշխարհի ու մարդկության սկզբի ու վերջի թեմաները, կապված հայերի ճակատագրի հետ, հենց մեզ հետաքրքրող համատեքստում: Եվ այսպես.

1. Արարատ լեռան վրա է հանգրվանում Նոյյան տապանը: Մարդիկ, փղերը, ընձուղտները եւ մյուսները իջնում են նավից: Բավական աղմկոտ տեսարան է՝ կենդանիները կարգ ու կանոն չգիտեն, Նոյի որդիները ճիպոտներով ու հարայ-հրոցով ուղղորդում են նրանց դեպի ելք: Կոկորդիլոսներն անկարգություն են անում: Երկու հայ հեռվում կանգնած ծխում են.
– Ախպեր, էս ի՞նչ շարժում է (բնագրում՝ ապե, էս ի՞նչ դվիժենի ա):
– Դե, նորից կրկես է եկել:

2. Երկու հայ, շատ հազարամյակներ անց, խոսում են:
– Բա իմացա՞ր, էս տարի մարդկության վերջն է:
– Է, մե՞զ ինչ:

3. Մի հայը ասում է մյուսին:
– Ախպեր, էս վերջին աշխարհի վերջը աչքիս մի տեսակ հաջող չանցավ:
Հիմա քննարկենք: Ի՞նչ իրողություններից են ելնում եւ ի՞նչ են ներկայացնում այս պատմությունները:
1) Նախ, հայերը կապ չունեն Նոյի ու նրա ժառանգների հետ: Մենք այստեղ եղել ենք մինչեւ Նոյը: Ուրեմն, մենք մարդկությունից հին ենք: Մարդկությունից դուրս ենք, մի հին, հնագույն ռասա, որն այստեղ եղել է մինչեւ մնացած մարդկության ծագումը:
2) Հայերը գիտեն ու այն ժամանակից էլ պատկերացնում էին, որ մարդկությունը, կենդանիները եւ ուղեկցող աղմուկ-աղաղակն ընդամենը կրկես է: Ընդ որում, Նոյի կրկեսը առաջին դեպքը չէ: Չէ՞ որ ասվում է, որ կրկեսը նորից է գալիս, այսինքն՝ ոչ առաջին անգամ: Ո՞վ գիտե, թե մինչ այդ քանի-քանի կրկեսներ են եկել ու գնացել, վերացել աշխարհից: Բացի այդ, կա փիլիսոփայական դիտարկում՝ մարդկությունը կրկես է եւ նրա պատմությունն էլ կրկեսային մի ներկայացում է (եւ ոչ թատրոն, ինչպես կարծում էր Շեքսպիրը):
3) Ուրեմն, հայերը ծանոթ էին արդեն կրկեսի արվեստին, ունեին վարժեցրած փղեր եւ այլ կենդանիներ (այդ նույն փղերն էին, որոնք հետագայում կաշառվեցին պարսիկներից եւ կռվում էին Վարդանանց դեմ): Այսինքն, քաղաքակրթության, թատերական արվեստի ու կենդանաբանության վերաբերյալ նշանակալի գիտելիքներ ունեին Նոյի ժամանակներում:
4) Մարդկությունը ծագում է Երեւանի կոնյակի գործարանի սիրած Նոյից, թե Դարվինի սիրած կապիկներից, էական չէ: Հայը չի ծագում ոչ մեկից, ոչ մյուսից: Ընդհանրապես չի ծագում: «Մերն ուրիշ է» եւ նույնիսկ «մեր ջուրն ուրիշ ջրեն է»:
5) Հայերը կապ չունեն ոչ միայն մարդկության սկզբի, այլեւ մարդկության եւ աշխարհի վերջի հետ: Աշխարհի վերջն է, էլի, կանցնի, կգնա:
6) Ինչպես երեւում է, բազում աշխարհի վերջեր են անցել հայի գլխով: Եվ մենք հիշում ենք նախորդ վերջերը: Մի մասը հետաքրքիր են անցել, մյուսները՝ ոչ այնքան:
7) Մարդկությունը ծագում է ժամանակի մի ինչ-որ պահից՝ երբ Նոյն է հանգրվանում Մասիսի վրա ու կազմակերպում վագրերի ու կոկորդիլոսների անվտանգ դահուկավայրէջքի միամսյակը, կամ կապիկն է իջնում ծառից ու մի հարմար փայտ գտնելով՝ ջարդում մերձավորի գլուխը, որ խլի նրա ձեռքի բանանը: Իսկ ինչ ունի սկիզբ՝ ունի նաեւ վերջ:
8) Իսկ մենք մշտնջենական ենք, հավերժական ու հավիտենական: Աշխարհը պարբերաբար ստեղծվում է, բնակեցվում, կործանվում, իսկ մենք եղել ենք, կանք ու կլինենք: Հենց այս 8-րդ կետով, որը եթե մի քիչ թեքես, կդառնա հավերժության նշան (8), վերջացնենք:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031