«Եթե ուղղակի թվերից ենք խոսում, ապա քիչ բանից ենք խոսում: Արտագաղթը մի բան է, սեզոնային ժամանակավոր աշխատանքի համար արտերկիր մեկնելը՝ մեկ այլ բան: Եթե հաշվենք, թե որ տարիքային խմբերն են Հայաստանում պակասում ու նայենք մեր դեմոգրաֆիկ ընդհանուր պատկերը, ապա ակնհայտ է, որ ունենք դեմոգրաֆիական լուրջ ճգնաժամ»,- ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ ի պատասխան ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի ասածների:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի Գագիկ Եգանյանն ասել էր՝ «վերջին 6-7 տարիներին «հեղափոխական», «ցնցումային» փոփոխություններ ինչպես ընդհանուր արտագաղթի ծավալների մեջ, այնպես էլ արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեջ՝ չկան: Այն, ինչ կար 6-7 տարի առաջ, գրեթե նույն մակարդակով, նույն ծավալներով, նույն պատճառներով, նույն երկրներով… Այդ երեւույթները պահպանվում են»:
«Միգրացիայի վարչության պետը կարող է ասել, որ ցնցումային փոփոխություն չկա: Ցնցողը երեւի այն պետք է լիներ, որ հայտարարվեր՝ ճգնաժամային իրավիճակ է ու անցյալ տարվա համեմատ կրկնակի ավելացել է արտագաղթի ցուցանիշը:
Պետական կառույցների հաշվարկները մեկնողների վերաբերյալ վստահություն չեն ներշնչում: Ունենք դեմոգրաֆիկ ցուցանիշի աղաղակող նվազում, ծայրահեղ նոսրացած գյուղական բնակավայրեր ու կեսից ավելին դատարկված տներով, փակված դպրոցներով»,-շարունակեց ազգագրագետը: Նրա խոսքով, անմասն չեն Հայաստանում տարիքային խմբերը՝ 1-15, 18-30 տարիքի քաղաքացիների շրջանում.«Ակնհայտորեն ունենք երիտասարդության զգալի նվազում, ինչը արտահայտվում է ծնելիության դեմոգրաֆիայի վրա: Եթե միայն բացարձակ թվերից ենք խոսում ու չենք խոսում, որ այդ բացարձակ թվերը մեծ խնդրի հետ են շոշափվում ու առաջացնում դեմոգրաֆիկ պատկերի ձեւափոխում, նշանակում է, մենք այդ խնդրին լուրջ չենք վերաբերում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ