ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս կրտսերի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորեց դիվանագետին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելու կապակցությամբ:
«ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ կառավարության երկարամյա համագործակցության շնորհիվ մենք բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել մի շարք ոլորտներում»,- ասաց Արմեն Մուրադյանը` առանձնահատուկ կարևորելով այն աշխատանքները, որոնք իրականացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ:
Նա նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսի ն ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի շրջանակում իրականացվել են բարեփոխումներ առողջության առաջնային օղակում, տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում: Մշակվել և ներդրվել են բուժօգնության որակի բարելավման ու կառավարման մեխանիզմները:
Կարդացեք նաև
Նախարարը առողջապահության բնագավառում կարևորեց նաև ամերիկահայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը, որն ընդգրկել է ինչպես մարդասիրական օգնության, այնպես էլ, հատկապես վերջին տարիներին, համակարգի զարգացման ծրագրերը:
«Մեր երկու կառույցները համագործակցության երկարամյա փորձ ունեն և աշխատանքը առողջապահության նախարարության հետ մեզ համար օրինակելի է , մասնավորապես այն ծրագրերի շրջանակում, որոնք իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ»,- ընդգծեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրված «Կենսաբանական զենքի ստեղծման համար պիտանի տեխնոլոգիաների, պաթոգենների և փորձագիտության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին, որը ներառում է նաև առողջապահության ոլորտին վերաբերող դրույթներ:
Քննարկվեցին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս լաբորատորիայի շենքի վերակառուցման աշխատանքները: Համագործակցության շրջանակում համաճարակաբանների, վարակաբանների և լաբորատոր մասնագետների համար կազմակերպվել են մի շարք դասընթացներ, որոնք շարունակական են: Դասընթացներն իրականացվում են ամերիկյան մասնագետների կողմից` հայ մասնագետների մասնակցությամբ:
Ուշադրության կենտրոնում էին նաև համատեղ իրականացվող հանրային առողջապահական ծրագրերը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին մի շարք ոլորտներում շարունակել երկկողմ համագործակցությունը:
Հայաստանի և ԱՄՆ-ի առողջապահության բնագավառում համագործակցությունն հիմնականում ընթանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության Պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:
2012թ. հունվարին ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ միջև ստորագրվեց սահմանափակ շրջանակով դրամաշնորհային Համաձայնագիր, որն ուղղվեց Հայաստանի բնակչության համար շտապ բուժօգնության ծառայություններին աջակցելուն: Համաձայնագրի շրջանակում բարելավվեց շտապ բուժօգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը, տեխնիկական փորձագիտական աջակցություն տրամադրվեց առողջապահության նախարարությանը` միջազգային չափանիշներին համապատասխան ռազմավարություն մշակելու համար, ինչպես նաև ցուցաբերվեց օժանդակություն աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործում:
2013 թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ն ստորագրեց ՀՀ կառավարության հետ 2010 թվականին կնքած օժանդակության համաձայնագրի թիվ 4 փոփոխությունը, Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առողջապահության բնագավառում իրականացնել գերակա ուղղություններում առողջապահական ծառայությունների որակի, հանրային առողջության հսկողության բարելավում:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները մասնակցել են մի շարք աշխատաժողովների ու սեմինարների: Համատեղ իրականացվել են նաև հետազոտական աշխատանքներ:
ՀՀ առողջապահության նախարարություն