Լրահոս
Օրվա լրահոսը

Սողոմոն Քոչարյանին ցմահ ազատազրկման դատապարտելիս դատախազը եղել է հինգ տարեկան

Մարտ 06,2015 19:03

Դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ քննվող ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի գործով այսօր դատարան ներկայացած դատախազը՝ Հայկ Ենոքյանը փորձեց ճշտել, թե երբ է նա դատապարտվել ցմահ ազատազրկման: Ու երբ տեղում իմացավ, որ 1999թ-ին չէ, այլ 1996թ-ին է դատապարտվել, ասաց՝ այդ ժամանակ ինքը հինգ տարեկան է եղել:

Ցմահ ազատազրկման դատապարտված, հետախույզ Սողոմոն Քոչարյանը դատարան չբերվեց, չնայած նրա ներկայացուցիչ-փաստաբանը հայտնեց իր վստահորդի խնդրանքը՝ իր բողոքի քննությանը թույլատրել մասնակցելու:

Դատարանն առանց նրա շարունակեց բողոքի քննությունը, որը նրա շահերի ներկայացուցիչը, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը ներկայացրել էր դատարան:

Ռ. Ռեւազյանն ասաց, որ դրամատուրգ, բանաստեղծ Սամվել Խալաթյանն իր 2014 «Դատախազ» գրքում գրել է նախկին գլխավոր դատախազ Ժիրայր Խառատյանի մի արտահայտության մասին, որը հետագայում «Հետք» լրատվամիջոցի լրագրող Զարուհի Մեջլումյանին նրա հետ ունեցած հարցազրույցի ժամանակ հայտնել է անձամբ՝ դատախազը, ինչը կապված է եղել Սողոմոն Քոչարյանին պատժի առավելագույն չափի դատապարտելու հետ:

Ըստ Ռոբերտ Ռեւազյանի, Ժիրայր Խառատյանին ուղղվել էր հետեւյալ հարցը՝ թե ցանկացե՞լ եք օգնել, բայց չի ստացվել: Նախկին գլխավոր դատախազի տեղակալը ասել է, թե Սողոմոն Քոչարյանի հետ կապված եղել է պահանջ, որ նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման:

Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով փաստաբանը դիմել է քրեական գործ հարուցելու: Հատուկ քննչական ծառայությունը մերժել է:

Ըստ փաստաբանի, եղել է այս գործով բարձրաստիճան անձանց միջամտությունը, իսկ գլխավոր դատախազության ներկայացուցիչը՝ Հայկ Ենոքյանն էլ ասաց, թե նախկին գլխավոր դատախազ Ժիրայր Խառատյանն իր բացատրությունում ասել է, թե «հեղինակի կողմից այլ կերպ է ձեւակերպվել իր ասածները», ոչ մի ազդեցություն չի եղել, գրավոր կամ բանավոր որեւէ հանձնարարական չի եղել, եւ որ գրքում հաշվի պետք է առնվի ոչ թե գրքի տեղեկատվությունը, այլ Ժիրայր Խառատյանի ՀՔԾ-ում տված բացատրությունը:

Ի դեպ, այս հարցի շուրջ բացատրություններ էին տվել ոչ միայն նախկին գլխավոր դատախազի նախկին տեղակալը, այլ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը:

Գործի նյութերում, որոնք առկա էին  դատարանում, չերեւաց նաև այն զեկուցագիրը՝ դատախազական հսկողության վերաբերյալ, որն իր հարցազրույցում հիշատակել էր Ժիրայր Խառատյանը:

Իսկ Հատուկ քննչական ծառայությունը, որն այսօր էլ իր ներկայացուցչին չէր ուղարկել  դատարան, չէր փորձել ծանոթանալ, թե արդյոք, նման զեկուցագիր կա, թե ոչ:

Դատախազության ներկայացուցիչը մեկ անգամ եւս պնդեց, որ արժանահավատ պետք է համարել նախկին գլխավոր դատախազի բացատրությունը:

Դատարանը որոշումը կհրապարակի մարտի 20-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031