Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կհամալրվի հայ ժամանակակից նկարիչների ու քանդակագործների՝ Վարդապետին նվիրված աշխատանքներով:
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդես, որում ներկայացված են Գաստելո Գասպարյանի, Երեմ Վարդանյանի, Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի, Արմեն Վանյանի, Ռաֆայելի, Ռուբեն Արուտչյանի, Միսաք Մելքոնյանի, Էդուարդ Հախվերդյանի և այլ արվեստագետների գեղանկարները, քանդակները, գրաֆիկական և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները, որոնք ցուցահանդեսի ավարտից հետո կնվիրաբերվեն նորաբաց թանգարանին:
Իսկ ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 15-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչը Աշխարհի հայ նկարիչների միությունն է, որի համանախագահ Ղազար Միրզոյանն ասաց, որ ցուցահանդեսին մոտավորապես ութ ամիս առաջ են սկսել պատրաստվել. «Կոմիտասը մեր երաժշտության Մեսրոպ Մաշտոցն է, և նրան նկարելը կամ քանդակելը բավականին դժվար աշխատանք է»,- նշեց Ղազար Միրզոյանը:
Կարդացեք նաև
«Երբ բացվեց Կոմիտասի հրաշալի թանգարանը, մենք մտածեցինք, որ այն պետք է ունենա իր ֆոնդը,- նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի խորհրդական Փարավոն Միրզոյանը,- և նման նվիրատվություն կազմակերպելը միայն առաջին քայլն է»:
Նկարիչ Էդուարդ Հախվերդյանը (լուսանկարում), որը Վարդապետին նվիրված իր նկարներից մեկն է նվիրաբերել Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, ասում է, որ դեռևս նախորդ տարի է այն ավարտել՝ առանց ենթադրելու, որ կցուցադրվի Ազգային պատկերասրահում. «Սիրով համաձայնեցի այն նվիրել Կոմիտասի թանգարանին,- ասում է նկարիչը.- իմ Կոմիտասը լուսավոր է. ես չցանկացա նրան արհավիրքի, ջարդի կամ խելագարության ֆոնին ներկայացնել: Իմ Կոմիտասը պատկերված է կանաչ ֆոնի վրա, որը զարթոնքի, կյանքի նշան է, իսկ վերևից եկող ոսկին, որ անցնում է Կոմիտասի գլխի միջով, ցույց է տալիս, որ նա մեր ժողովրդի հարստությունն է: Նկարում նաև թեթևակի հեգնանք կա, որը շպրտված է թուրքերին՝ ինչ էլ անեք, մենք պիտի կանգուն մնանք ու ապրենք: Ահա այս գաղափարն եմ ցանկացել արտահայտել այս նկարում»,- ասաց Է. Հախվերդյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ