Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածի գործով դատավոր. «Ջհանգիրյանի ասածը ընդունում եք բացարձակ ճշմարտությո՞ւն»

Մարտ 06,2015 17:39

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր սկսվեց եւ ավարտվեց 1997թ. նախ մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտված 5 համածառայակիցների սպանության գործով դատապարտված Արթուր Մկրտչյանի եւ նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանի (լուսանկարում) բողոքի քննությունը:

Փաստաբանը նախ հայտարարեց, որ իր վստահորդը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին: Դատավորն ասաց, որ նրա դիմումը ստացվել է:

Aravot.am-ի տեղեկություններով, մինչ դատական նիստը, քրեակատարողական հիմնարկում զգուշացրել էին Արթուր Մկրտչյանին, թե նիստը հետաձգվելու է, այդ իսկ պատճառով նրան դատարան չէին բերել: Մինչդեռ դատական նիստը հետաձգելու մասին որեւէ միջնորդություն չեղավ: Ռոբերտ Ռեւազյանը հայտնեց, որ «Հետք» լրատվամիջոցի լրագրող Զարուհի Մեջլումյանը 2014թ. հարցազրույց էր անցկացրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ, որը լրագրողին հայտնել էր, եւ այն տպագրվել է «Հետքում», որտեղ գլխավոր դատախազը հայտնել էր, թե իր օպերատիվ տեղեկություններով՝ Արթուրը երկուսին միգուցե չի սպանել, դիրքերում մարդիկ են եղել, զենքի առեւտրի հետ կապված, նրանք էլ սպանել են: Նախկին զինդատախազի այս հարցազրույցը հիմք էր տվել փաստաբանին, որպեսզի նոր երեւան եկած հանգամանքներով վարույթ հարուցվեր, սակայն վարույթ չէր հարուցվել եւ առկա էին անցյալ տարվա նոյեմբերի 26-ի եւ դեկտեմբերի 12-ի որոշումները, որով քրեական գործ չէր հարուցվել եւ մի դեպքում էլ մերժվել էր փաստաբանի բերած բողոքը այդ կապակցությամբ:

Ռոբերտ Ռեւազյանը հայտարարեց դատարանում, որ դեկտեմբերի 12-ի որոշումը ինքը չի ստացել եւ միայն գրությամբ է տեղեկացել որոշման մասին: Զինվորական դատախազության ներկայացուցիչ Հարությունյանն առարկեց նոր երեւան եկած հանգամանքների հիմքով քրեական գործ հարուցելու փաստաբանի պահանջին: Նա ասաց, որ արխիվում չի եղել գործը եւ դատական դեպարտամենտից է ստացել Արթուր Մկրտչյանի մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը:

Ինչ վերաբերում է նոր երեւան եկած հանգամանքների հիշատակմանը, պարոն Հարությունյանն ասաց, որ վերոնշյալ տեղեկությունը՝ դիրքերում երեք անձի լինելու հանգամանքը, գնահատվել է մեղադրական եզրակացության եւ դատավճռի մեջ, այստեղ խոսք լինել չի կարող նոր երեւան եկած հանգամանքի մասին:

Երբ Ռոբերտ Ռեւազյանը առարկեց, որ ինքը չի խոսում քրեական գործի նյութերին ծանոթացման մասին, այլ նախկին զինդատախազի «օպերատիվ տեղեկատվության» մասին է, որը հաղորդել է լրագրողին: Ջհանգիրյանը նաեւ ասել էր. «Սպանությունը միգուցե նա չի կատարել, մարդիկ են եղել, Մկրտչյանի դատապարտվելուց հետո քննություն եմ արել»: Դատավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց՝ եթե Ջհանգիրյանն է ասել, դուք բացարձակ ճշմարտությո՞ւն եք համարում, ինչպե՞ս կարող էր քննություն կատարել դատապարտելուց հետո…

Ռոբերտ Ռեւազյանը հիշատակեց նաեւ Ջհանգիրյանի մի ասածը՝ «Արթուրը չի ցանկացել աջակցել քննությանը, քանի որ դիրքեր եկածների հետ ունեցել է անձնական խնդիրներ: Փորձել եմ հիմքեր գտնել, որ գործը նորից վերաբացեի»: Դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 20-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031