«Մարդը մեկ անգամ ճանաչվում է անգործունակ, ու ոնց որ դա լինի խարան նրա ճակատին, այլևս չի կարողանում ճանաչվել գործունակ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հիմնահարցերը և լրիվ անգործունակության ինստիտուտը Հայաստանում» թեմայով քննարկմանը այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը: Նա ներկայացրեց իրենց պրակտիկայից մի դեպք, որի արդյունքում երևում է, թե այս ոլորտում օրենսդրական ինչ բացեր կան. «Մեզ դիմել է մի քաղաքացի, որն անգործունակ է ճանաչվել 1975-ին և չունի որևէ խնամակալ: Նա հոգեբուժարանում էլ չէ, որ որևէ մեկը դիմի դատարան: Դիմել էր մեզ, քանի որ չէր կարողանում որևէ կերպ ապացուցել, որ անգործունակ չէ: Մշտապես հանդիպել էր օրենքի բացին: Մինչդեռ նա լիովին գործունակ ադեկվատ անձնավորություն էր»:
Տիկին Գևորգյանը նշեց, որ կարիքների գնահատում են կատարել բոլոր հաստատություններում, ինչի արդյունքում պարզվել է, որ 26 հոգի կարող է ապրել ընտանիքում: Այս տարվա հուլիսին ստեղծվելու է 8 հոգանոց խնամքի տուն, որտեղ այդ անձինք կապրեն:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը նշեց, թե իրենց դիմողների մեծ մասը բողոքում են, որ դատարանը որոշում է կայացնում այն դեպքում, երբ նրանք անգամ հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել դատական նիստին: Մինչդեռ եվրոպական երկրներում այնպիսին է օրենսդրությունը, որ անձին թույլ է տալիս իր իրավունքների պաշտպանության համար ինքնուրույն որոշում կայացնել: Հասմիկ Հարությունյանը մտահոգվեց. «Անգործունակ ճանաչված անձը` իրավունքի սուբյեկտ` որպես այդպիսին, չի ճանաչվում»:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն այս առիթով նշեց. «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան դիմելու դատարան, բայց մյուս կողմից էլ կան հիվանդություններ, որոնք անդարձելի են: Ու դատական նիստին ինչպես հրավիրել մի անձի, որն անգամ իր անունը չի կարող արտաբերել, որքանով է դա տեղին»:
Դառնալով Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցին ` պարոն Թորոսյանն ասաց. «Իհարկե, այդ փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ մենք ունենք դեղամիջոցներ, որոնցով որոշ ժամանակ անց կարող են անձին հետ բերել այդ անդառնալի առողջական վիճակից: Այդ դեպքում անհրաժեշտ է նշել ժամկետներ, որոնց շրջանակներում հնարավոր լինի վերանայել անձի անգործունակության հետ կապված հարցերը»:
Կարդացեք նաև
Սամվել Թորոսյանը մի օրինակ բերեց, երբ անձը երեսուն տարի անգործունակ էր ճանաչված, բայց վերջին սերնդի դեղերով հնարավոր եղավ նրան ետ բերել այդ իրավիճակից: Ծնողները պատմում էին, «որ նարդի է խաղում, հացի գնում»:
Նախադեպեր կան, երբ անգործունակի խնամակալը փորձում է օտարել իր խնամարկյալի գույքը:
Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Նավոյանը նշեց, թե իրենց պրակտիկայում նման դեպք չի գրանցվել, սակայն վստահեցրեց, որ խնամարկյալի գույքի հետ կապված գործարքների և այլնի հետ կապված բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվում:
Այս կապակցությամբ Անահիտ Գևորգյանը հիշեց մի դեպք, երբ Վարդենիսի տուն-ինտերնատում, որտեղ բնակվում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, բնակիչներից մեկը տեղեկացել էր, որ իր բնակարանը վաճառում են: Արդյունքում տուն-ինտերնատի տնօրինությունը միջամտեց, և թույլ չտվեցին, որ այդ գործարքը կատարվի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ