Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հղի կինը (պատմվածք)

Մարտ 06,2015 16:25

Աշխատանքային ժամը վերջացել էր: Տուն վերադարձողները խռնված փողոցների կանգառներում սպասում էին իրենց հարմար ուղևորատար տրանսպորտին: Եվ ահա կանգառին է մոտենում դեռևս խորհրդային տարիներից գոյատևող հնամաշ առաջին համարի տրոլեյբուսը: Հրմշտելով և մի փոքր էլ հրելով իրար ամբոխը բացված դռներից ներխուժում է տրոլեյբուսի ուղևորասրահ:

Մարդկային հոսանքը գուցե ոմանց դուրս կշպրտեր առջևի դռնից, եթե վարորդը ժամանակին չփակեր այն:

Տրոլեյբուսի սրահում տարածվել էր մարդկային քրտինքի գաղջ հոտը: Կանգառներում տրոլեյբուսը հսկա մրջնանոցի էր նմանվում, որից իջնում էին նախկին ուղևորները ու բարձրանում նորերը: Ուղևորասրահի միջնամասում կանգնած էր մի երիտասարդ կին, որի դեմքը հետզհետե գունատվում էր: Նա հայացքը տենդագին աջ ու ձախ էր փախցնում, արհամարհական ծամածռում շուրթերը և լուսամուտից դուրս նայում, իբր դուք ո՞վ եք:

Նուրբ ու հմայիչ շուրթերը պիրկ սեղմվել էին և տեղ-տեղ երևում էր արդեն գույնը կորցրած շրթներկի հետքը, որը երևի քսել էր առավոտյան աշխատանքի գնալիս:

Կոպերը խիստ կարմրած էին, որոնց տակ խլրտում էին սաթի պես սև ու խոշոր աչքերը: Նա բռնել էր մոտակա նստարանի մետաղյա նիկելապատ բռնակից և օրորվում էր տրոլեյբուսի շարժմանը համընթաց: Երևի հիվանդ էր կամ չափից դուրս հուզված, փորձում էր անտարբեր ձևանալ շրջապատի նկատմամբ և պատուհանից նայում էր դեպի հեռուները:

Թվում էր, թե հիմա նա կուշաթափվի, բայց գերագույն ճիգեր գործադրելով հաղթահարում էր ահագնացող տագնապը: Բայց հանկարծ նա խոնարհվեց դեպի իրեն մոտիկ նստած միջահասակ կնոջ կողմը և ինչ որ բան շշնջաց նրա ականջին: Կինը շտապով վեր բարձրացավ և սիրալիորեն տեղը զիջեց արդեն գույնը ամբողջովին գցած երիտասարդ կնոջը:

Երիտասարդ կինը սարսափելիորեն գունատվել էր, քրտինքը պատել էր պարանոցը, ձեռքերը թեթևակիորեն դողում էին: Պատուհանի մոտ նստած կինը նկատելով այդ իր հերթին տեղը զիջեց նրան` արագ վեր կենալով իր տեղից:

Երիտասարդ կինը արագ տեղավորվեց պատուհանի մոտ, շշուկով շնորհակալություն հայտնեց իրենց տեղը զիջած կանանց, խորը շունչ քաշեց, որոշակիորեն թեթևություն զգաց: Մաքուր օդը, որը ներս էր թափանցում տրոլեյբուսի բացված պատուհանից, կարծես թեթևացրեց նրա վիճակը: Իսկ կողքին նստած կինը թեքվելով դեպի նա կամացուկ հարցրեց` իմանալու համար, թե ինչն է նրա վատ զգալու պատճառը: Երիտասարդ կինը, որը կարծես մի փոքր խելքի էր արդեն գալիս, նույնպես կամացուկ ինչ որ բան շշնջաց կնոջ ականջին: Կինը հասկացավ եղելությունը և ժպտալով շնորհավորեց նրան և սրտապնդեց իր հորդորներով: Միջադեպը, իհարկե քչերը նկատեցին, քանի որ տրոլեյբուսը բավականին ծանրաբեռնված էր ուղևորներով:

Մի քանի կանգառ հետո, որտեղ սկսվում էր ճանապարհի ոլորապտույտը, երիտասարդ կինը շնորհակալություն հայտնեց իրեն սրտացավորեն տեղները զիջած անծանոթ կանանց և իջավ տրոլեյբուսից: Շորորուն քայլվածքով նա անցավ փողոցի թույլատրված գծանցումով, և դանդաղորեն սկսեց վեր բարձրանալ հանդիպակաց մայթով: Արդեն զգացվում էր նրա քայլվածքի հստակությունը: Համոզվելով, որ վտանգը ետևում է մնացել, նա վստահորեն արագացրեց քայլերը և շարունակեց ճանապարհը: Իսկ տրոլեյբուսի պատուհանից նրան հայացքով ուշադիր հետևում էին իրեն հարազատ դարձած այն երկու անծանոթ կանայք` վստահ լինելով, որ երիտասարդ կնոջը արդեն վտանգ չի սպառնում, որը հստակ քայլերով դանդաղորեն անհետանում էր նրանց տեսադաշտից` տրոլեյբուսի հետզհետե արագացող ընթացքի հետևանքով:

 

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031