Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Հայ ժողովուրդը ապրիլի 24-ի խորհուրդը վերաիմաստավորելու կարիք ունի»

Մարտ 06,2015 16:12

«Մենք հաճախ մեր աջակիցներից հորդորներ ենք լսում, որ զգույշ լինենք, այս ռեժիմն ամեն ինչի ունակ է եւ անգամ կարող է ֆիզիկական բռնության այլ ձեւերի դիմել»,- մարտի 6-ին Հիմնադիր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ասաց նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը:

Ըստ նրա՝ ապրիլի 24-ը ցասման օր կդառնա եւ ժողովրդական ընդվզման ալիքն իր առջեւից ամեն ինչ կսրբի. «Մենք չենք ուզում, որ այդպիսի ցնցումներ լինեն մեր երկրում, առանց այն էլ մենք շատ ծանր վիճակի մեջ ենք գտնվում, ուստի՝ պետք է բոլորը, այդ թվում՝ նաեւ ռեժիմը հասկանան, որ չի՛ կարելի այնպիսի քայլեր կատարել, որոնք առաջին հերթին ուղիղ կերպով սպառնալու են իրենց, եւ անուղղակի կերպով՝ մեր երկրին: Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, շատ լավ կլինի, որ ըմբռնենք, թե իրենք դեպի ուր են գնում, եթե այդպիսի մտադրություններ իսկապես ունեն»:

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ իրենք ապրիլի 24-ին չեն կատարելու այնպիսի քայլեր, որոնք կարող են խափանել այդ օրվա ծիսական միջոցառումները. «Մենք նույնպես այցելելու ենք Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, մեր հարգանքի տուրքն ենք մատուցելու մեր նախնիների հիշատակին եւ ամբողջ օրը լինելու ենք մեր ժողովրդի հետ: Բայց դրանից զատ՝ մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու, որոնցով սկսվելու է ռեժիմի հեռացման գործընթացը»:

Նրա խոսքերով՝ նախաձեռնությունը չի ցանկանում, որ որեւէ մեկը տուժի կամ որեւէ մեկի կյանքին վտանգ սպառնա, իրենք կատարելու են քաղաքացիական անհնազանդության քայլեր, որոնք՝ որպես համալիր, ստիպելու են ռեժիմին ընկրկել եւ հեռանալ. «Բնականաբար, եթե ռեժիմը փորձի մարտիմեկյան կամ բերձորյան սցենար կիրառել, այդ ժամանակ իսկապես ժողովրդական ընդվզումը տասն անգամ ավելի կլինի, քան ինքը սպասում է: Ելքը կլինի ի վնաս ռեժիմի եւ նրա ներկայացուցիչների, ժողովրդին հնարավոր չէ հաղթել, սա պետք է բոլորը հասկանան»:

Վարուժան Ավետիսյանը համարում է, որ հայ ժողովուրդը ապրիլի 24-ի խորհուրդը վերաիմաստավորելու կարիք ունի, հակառակ դեպքում՝ հայ ազգը ուղղակի կվերանա աշխարհի երեսից. «Որպեսզի հետագայում ավազակները մեր հետքերը չմաքրեն երկրագնդի վրայից, մենք պետք է սթափվենք եւ հասկանանք, որ ինչպես 1965 թվականի ապրիլի 24-ին մեր ժողովուրդը կարողացավ կիսով չափ վերաիմաստավորել օրվա խորհուրդը եւ դա դարձնել պայքարի օր: Այսօր մենք 100-ամյակի շեմին պարտավոր ենք ամբողջությամբ վերաիմաստավորել այդ օրը եւ դարձնել ազգային պետության ստեղծման եւ այդ պետության առանցքի շուրջ հավաքված, քաղաքականապես կազմակերպված ազգ դառնալու, նպատակներն ու իղձերն իրականացնելու, ցեղասպանության հետեւանքները վերացնելու օր»:

Անդրադառնալով քաղաքացիական բանակին՝ պարոն Ավետիսյանը նշեց, որ նրա անվանումը շփոթություն է առաջացնում, բայց դա զինված կառույց չէ. «Քաղաքացիական բանակ է կոչվում պարզապես այն պատճառով, որ կազմակերպվածության եւ կարգապահության հատկանիշներով փորձում ենք նմանեցնել բանակին: Պետք է լինի կարգապահ, կազմակերպված կառույց՝ նաեւ հաշվի առնելով, որ գործ ունենք բազմաթիվ սադրանքների ունակ ռեժիմի հետ, այդ պատճառով՝ մենք պետք է պատրաստված լինենք: Այն շատ նման է օրենքով սահմանված կարգով կարգադրիչներին, որոնց սահմանում են կազմակերպիչները, եւ որոնք պետք է հետեւեն կարգ ու կանոնին: Սա էլ կարգադրիչների մի մեծ խումբ է, որը նախօրոք է հավաքվում, որովհետեւ բազմաթիվ քայլեր պետք է կատարվեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031