Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակել սահմանում զոհերի մասին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տարածած հաղորդագրության մեջ ԼՂՀ ՊԲ-ից հայտնել էին, որ այս գիշեր սահմանում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմը ունի 7 զոհ, ինչպես նաեւ շարքից հանվել է «ԶԻԿ -23-2» զինատեսակը:
Ադրբեջանի ՊՆ-ից Apa.az գործակալությանը հայտնել են, որ «սահմանում անհաջող գործողությունից հետո, վախենալով սեփական երկրի զայրույթից, տարածել է հերթական ապատեղեկատվությունը: Այս հաղորդագրությամբ հայերը, խաբելով սեփական ժողովրդին, խոստովանել են, որ պրոֆեսիոնալ չեն, որ զոհեր են ունենում սահմանում, որ իրենց զինվորները եւ սպաները փախչում են կռվի դաշտից՝ այնտեղ թողնելով զենքերը: Անցած գիշեր նրանք սահմանում փորձել են սադրանք իրականացնել, բայց անհաջողության են մատնվել»:
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ի տարբերություն հակառակորդ կողմի, իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումները չեն օգտագործվում շփման գծում. «Մեր մամուլի ծառայությունը առավոտյան սահմանային իրավիճակի եւ մի վիրավոր զինծառայողի մասին տեղեկատվություն է տարածել: Բացի դրանից, ոչ մի մարդկային կամ տեխնիկական կորուստ Զինված ուժերը չեն կրել: Սահմանում օպերատիվ իրավիճակը վերահսկողության տակ է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ