Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրեական հեղինակությունները՝ Հիմնադիր խորհրդարանին. «Մի՛ այցելեք Գյումրի, դա ճիշտ չէ»

Մարտ 06,2015 15:39

«Զարմանալի չէր, որ անգամ բերձորյան ահաբեկչությունից հետո ռեժիմը չի դադարում իր դեմքը ցույց տվող գործողություններ կատարել եւ աշխատում է ամեն կերպ խափանել մեր քայլերը»,- մարտի 6-ին Հիմնադիր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ իրենք պատրաստվում են վաղը՝ մարտի 7-ին, ավտոերթ կազմակերպել դեպի Գյումրի, որի ընթացքում գյումրեցիները հանդիպում կունենան շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ: Սակայն, այս անգամ էլ ավտոերթը եւ հանդիպումը խոչընդոտելու քայլեր են ձեռնարկվել. «Այդ քայլերը ձեռնարկվում են մեր նկատմամբ հալածանքներ իրականացնելու ավելի մեծ ծրագրի համատեքստում: Ռեժիմի քայլերից մեզ համար արդեն ակնհայտ է դառնում, որ  հրահանգ է իջեցվել բոլոր հնարավոր ուժային մարմիններին, որպեսզի Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների, նաեւ ակտիվ աջակիցների նկատմամբ փորձեն հնարավորինս ճնշելու միջոցներ գտնել եւ այդպիսով կարողանան նրանց վրա ազդել»:

Նրա խոսքերով՝ հանկարծ հիշել են, որ իր կինը երկու տարի առաջ 100 հազար դրամ տույժի է ենթարկվել, որը գործատուի անփութության հետեւանքով իր աշխատավարձից չի պահվել, հիշել են, որ տարիներ առաջ Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանը եղել է ինչ-որ ընկերության տնօրեն եւ այդ ընկերությունը չմարած պարտավորություններ ունի: Նա հավելեց, որ հետեւել են Հիմնադիր խորհրդարանի անդամ Հասմիկ Էվոյանին. «Փաստորեն, ամբողջ վարչական եւ քրեական ռեսուրսը ռեժիմը գործադրում է իր այդ նպատակին հասնելու համար: Մենք նաեւ քրեական հեղինակություններից հստակ հաղորդագրություններ ենք ստացել՝ մի՛ այցելեք Գյումրի, դա ճիշտ չէ, հակառակ դեպքում՝ սպառնալիքներ են հնչում մեր եւ երթի հետ կապված»:

Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ կատարվածը ծրագրի երեւացող մասն է եւ իրենք չեն բացառում, որ եթե ոչ բերձորյան ահաբեկչության ձեւերով, ապա ինչ-որ սադրանքներ են նախապատրաստում: Նա հավաստիացրեց, որ շարժումը հաստատակամ է եւ սադրանքները իրենց չեն կարող հետ պահել ազգային ազատագրական պայքարի իրենց ծրագրից:

Aravot.am-ի հարցին, թե ավտոերթին մասնակցելո՞ւ են շարժման անդամների կանայք եւ երեխաները, նա պատասխանեց. «Մենք ինչ ձեւաչափով աշխատել ենք, շարունակելու ենք այդպես աշխատել: Առհասարակ, մենք պետք է հասկանանք, որ այս բնույթի պայքարի մեջ մտած մարդը պետք է օրինակ ծառայի եւ ցույց տա, որ ինքը պատրաստ է զոհողությունների գնալ ընդհանուրի համար,  որպեսզի հնարավոր լինի նաեւ կազմակերպել, հավատ առաջացնել եւ գործի դնել ուժերը: Մենք պարտավոր ենք օրինակ ծառայել, այլ կերպ չի  կարելի: Բացի դա՝ մեր երկիրն է, մեր տունն է, որտեղ ուզենք կգնանք, ինչպես ուզենք կգնանք, այլ բան է, որ հանցավոր ռեժիմը կարող է դրա դեմ քայլեր ձեռնարկել: Եթե այդպես մտածենք՝ մեր ընտանիքի անդամները ամեն օր էլ վտանգի տակ են եւ որեւէ  ձեւով որեւէ մեկի անվտանգությունը երաշխավորված չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031