Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրիմինալ աշխարհի ու երրորդմասցի Լյովիկի մասին. «Կատարել են դատավճիռ, որ էս էր քո վերջը»

Մարտ 06,2015 13:41

«Քրեական աշխարհում նման երեւույթները շատ հաճախ են լինում: Ասել, որ դա ինչ-որ արտառոց բան է՝ չէ: Օրը ցերեկով ընտրվել է այնպիսի վայր, որ համեմատաբար քիչ մարդ լինի, բայց դա նշանակություն չունի էլ: Դա քրեական աշխարհում բնորոշ վարվելակերպ է, բայց բնորոշ չէ մեր հասարակությանը: Առաջ են եկել քրեական աշխարհի խաղի կանոնների հիման վրա: Այն, որ դա օրը ցերեկով է կատարվել՝ ոչ մի նշանակություն չունի, սիմվոլիզմ կա այստեղ՝ գաղութի մոտ են գնդակահարել»,- այսօր «Հայելի» ակումբում Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին այսպիսի տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Իսկ թե որն է սիմվոլիզմը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսպես բացատրեց. «Ցուցադրական են արել, որովհետեւ, կարելի ասել՝ կատարել են դատավճիռ, որ էս էր քո վերջը»:

Ռուբեն Բաբայանի խոսքերով՝ կրիմինալը հասարակության մեջ շատ տարածված է. «Կուլտուրական խոսելը մեր հասարակության մեջ ամոթ է, եթե տղամարդ ես, պիտի անպայման մռութ ջարդես, նակազատ անես: Քրեական աշխարհի սկզբունքը դարձել է մեր հասարակության ապրելու սկզբունքը, երբ չգրված օրենքները դառնում են ավելի կարեւոր, քան գրված օրենքները, երբ ոստիկանություն դիմելը դառնում է ստորություն»:

Ըստ Ռուբեն Բաբայանի, միշտ իշխանությունների կապը եղել է քրեական աշխարհի հետ: Նրանց միջոցով հարցեր են լուծում, մեր երկրում էլ, արտասահմանում էլ, այդ կապն առկա է. «Ժամանակին, երբ բոլշեւիկները վերցնում էին իշխանությունը քրեական աշխարհին մոտ էին նրանք շատ: Քրեական աշխարհի միջոցով ստալինյան ճամբարներում հարցեր էին լուծում: Այսօր էլ երբ բիզնես են կիրառում, անպայման ուզում են, որ քրեական էլեմենտն էլ ինչ-որ չափով մասնակից լինի, որ բիզնեսը պաշտպանված լինի: Մենք խնդիր ունենք մտածողության փոփոխության: Հեղինակություն բառը միանշանակ ասոցացվում է կրիմինալ հեղինակության հետ, ոչ թե մշակութային հեղինակության»:

Հարցին՝ տարին սկսեցինք գողական սխոդկայով, մի տեսակ Սիցիլիա ենք դարձել, ո՞րն է պատճառը՝ Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Երեւի այստեղ համապատասխան հող են գտնում: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասաց՝ ավելի լավ է գողերը հավաք անեն, քան միասեռականները: Ընտրության հարց է»:

Ըստ Ռուբեն Բաբայանի, քրեական աշխարհի դեմ պայքարելու մի ձեւ կա՝ դրա մասը չկազմելը. «Եթե դու համակարգի մասը չես՝ կարող ես դրա դեմ պայքարել, եթե մաս ես՝ չես կարող: Նույնը՝ կոռուպցիայի հարցում է»:

Aravot.am-ի հարցին՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի կողմից անընդհատ ժողովներ է անում ու ոստիկաններին դաս տալիս, թե ինչպիսին պետք է լինի ոստիկանի կերպարը, քաղաքացու հետ դուք-ով պետք է խոսեք եւ այլն, մյուս կողմից էլ, կապված լինելով կրիմինալ աշխարհի հետ, չե՞ն պայքարում կրիմինալի դեմ, դրա մա՞ս են կազմում՝ Ռուբեն Բաբայանը պատասխանեց, որ չի կարող անձնավորված ասել, որ Վլադիմիր Գասպարյանը կրիմինալի մաս է կազմում, դրա համար չի պայքարում կրիմինալի դեմ. «Եթե խնդիր դրվում է պայքարել կրիմինալի դեմ, կարելի է արձանագրել որոշակի առաջընթաց, ոչ թե ստեղծել պայքարի իմիտացիա: Կարելի է, օրինակ, մի նախարարի նստացնել: Դանդաղ քայլերով կարելի է վերացնել: Բժիշկը պետք է ինքը լինի առողջ, որ կարողանա բուժել հիվանդին: Մինչեւ դուք ինքներդ չբուժվեք, չեք կարող զբաղվել հասարակության առողջացմամբ: Եթե դու կոռումպացված ես, վարկաբեկված ես հասարակության մեջ, քո գործողությունները վստահություն չեն առաջացնում»:

Սամվել Խուդոյանն ասաց, որ սերիալները շատ մեծ ազդեցություն են թողնում հատկապես դեռահասների վրա. «Ես երեխա գիտեմ, որ չճանաչելով երրորդմասցի Լյովիկին, մի տեղ ասել է՝ իմացար, մեր Լյովիկը մեռավ: Հարցրել են՝ դու Լյովիկի հետ ի՞նչ կապ ունես, ասել է՝ ոչ մի: Նա չի ճանաչում, բայց նույնացնում է իրեն այդ աշխարհի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031