Փոքրիկ թիթեռը իրեն պատեպատ էր տալիս՝ ազատվելու համար անսովոր բանտից: Նեղլիկ բանտը կազմված էր երկու քրտնած ձեռքի ափերից, որոնք տեղ-տեղ ներկվել էին պատանդ թիթեռի թևերի գույնով:
-Ռուստա՛մ, թող նրան, մե՜ղք է,- Արցունքների միջից աղերսում էր փոքրիկ Աշխենը:
Ռուստամը տիրակալի նման բռնել էր կապույտ թիթեռին և պատրաստվում էր սկզբից պոկել նրա թևերը, իսկ հետո ստուգել միջի պարունակությունը:
Աշխենը 6 տարեկան էր, Ռուստամը՝ 10: Նրանք եզդի էին, իրար հեռու բարեկամ: Գրեթե ամեն օր դպրոցից տուն տանող ճանապարհին Ռուստամը նույն գործողությունն էր կատարում: Նա բռնում էր մի անօգնական միջատի և ստիպում, որ Աշխենը արտասուքի միջից աղերսի խնայել նրա կյանքը:
Փոքրիկ Աշխենի համար սա մի ողբերգություն էր, որը սակայն, ամեն անգամ ունենում էր նույն ավարտը: Երբ Աշխենը մի բոլ լաց էր լինում, ու խնդրում էր չսպանել անօգնական էակին, տուն տանող ճամփան էլ մոտենում էր ավարտին՝ Ռուստամը բաց էր թողնում անվնաս միջատին, ժպիտով նայում աղջկան և ասում. « Դու էս աշխարհից չես Աշխեն»:
Այս խոսքերը Աշխենին խիստ վիրավորում էին .« Ինչի՞, ես ի՞նչ եմ, որ էս աշխարհից չեմ: Ես ի՞նչ եմ արել»,- ըմբոստանում էր նա՝ արցունքոտ աչքերը հառելով Ռուստամին:
Իսկ Ռուստամը, բնավ նրան վիրավորելու համար չէր անում այդ արտահայտությունը: Նա սիրում էր Աշխենին մանկական մաքուր սիրով և հիանում էր նրանով: Նրա աչքերում այս փոքրիկ բարի աղջնակը մի հրեշտակ էր:
Տարիներն անցնում էին: Աշխենը արդեն գեղեցիկ օրիորդ էր, շատ եզդիներ էին ցանկանում կնության առնել նրան, բայց նրա հայրը մերժում էր բոլորին, քանի որ Ռուստամի հոր հետ վաղուց պայմանավորվածություն ուներ: Ռուստամի հայրը պատրաստ էր Աշխենի համար մեծ ղալիմ՝ գլխագին տալ, միայն թե որդին երջանիկ լինի: Մնում էր Ռուստամը վերադառնա բանակից:
Մինչ սիրահարված երիտասարդը, օրերն էր հաշվում, թե երբ պետք է զորացրվի և հասնի իր Աշխենին, Աշխենը կասկած անգամ չուներ նրա զգացմունքի և ծնողների պայմանավորվածության մասին: Նա շարունակում էր ապրել իր առօրյա, համեստ կյանքով՝ տնային գործերով էր զբաղվում, երբեմն ձեռագործ էր անում:
***
Ամառ էր: Հարևանուհին ձայնեց Աշխենին, և ասաց, որ իրենց ծիրանանոցի բերքը հասել է ու այնքան շատ է, որ չեն հասցնում ինքնուրույն հավաքել:
Գյուղի երիտասարդներին կանչում էին օգնության, Աշխենն էլ առանց վարանելու շտապեց այգի:
Ծիրանանոցը գյուղից շատ հեռու չէր, ոտքի ճանապարհ էր:
Աշխենը պայծառ տրամադրություն ուներ, նա զմայլված նայում էր բերքի տակ ճկված ծիրանենու ճյուղերին:
Հենց այդ գեղեցիկ ծառերի ներքո էլ նա ծանոթացավ համագյուղացի Կարոյի հետ: Այս ծանոթությունը ճակատագրական էր:
Կարոն բավականին հմայիչ երիտասարդ էր, «սրտակերի» համբավ ուներ գյուղում: Գյուղի աղջիկների մի մասը խուսափում էին նրանից, իսկ մյուս մասը՝ հետապնդում էին նրան:
Աշխենը սիրահարվեց, իսկ Կարոն հմայվեց նրա գեղեցկությամբ ու միամտությամբ: Երիտասարդները սկսեցին գաղտնի հանդիպել:
Կարոն հայ էր: Աշխենը համոզված էր, որ իր հայրը երբեք աղջկան հայի կնության չի տա, դրա համար նա իր ընտանիքից գաղտնի էր պահում իրենց հանդիպումները՝ մտածելով, որ կարևորը իրենց սերն է, և որ ժամանակի հետ իրենք մի ելք կգտնեն իրավիճակից:
Աշնան առաջին օրն էր: Կարոն և Աշխենը կրկին հանդիպել էին: Ծիրանենիները դեռ կանաչ էին, շուրջը գեղեցիկ բնություն, խաղաղություն էր: Այդ օրը Կարոն Աշխենի շուրթերին դրոշմեց առաջին համբույրը, բայց արդյո՞ք դա սիրո համբույր էր:
***
Շողոքորթ քամին պտտվում էր վարդի թփի շուրջը, շոյում, իր եթերային ձեռքերով պարուրում էր նրան: Ի պատասխան այս հանկարծակի շոյանքների, գեղեցիկ ու անմեղ վարդը ի ցույց դրեց իր փշերը, բայց քամին ի վերջո կարողացավ հմայել վարդին, նա թափանցեց թփի մեջ՝ ստիպելով, որ փշերի փոխարեն վարդն իր գեղեցիկ կոկոմները պարզի: Այն կոկոմները, որ վարդը թաքցնում էր ամենքի աչքից: Սառնասիրտ քամին ստիպեց վարդին փթթել և երևան հանել իր ողջ հմայքը:
Վարդը իր ողջ գեղեցկությամբ կանգնած էր բաց դաշտի մեջ՝ ամբողջովին տրված քամու կամքին:
Որ կողմ որ այդ պահին քամին փչեր, այդ կողմն էլ կճկվեր հեզ վարդը: Շուտով քամին հանդարտվեց և հեռացավ՝ իր հետ իբրև հիշատակ տանելով վարդի բույրն ու բզկտված թերթիկները՝ թողնելով նրան թվացյալ խաղաղության մեջ:
Օրերը անցնում էին: Կարոն խուսափում էր Աշխենից: Խեղճ աղջիկը չեր հասկանում թե ինչ է պատահել.«Աստված իմ, այդ ի՞նչ փորձանքի մեջ է ընկել իմ Կարոն»,-մտածում էր նա:
Մի օր էլ, երբ Աշխենը մտամոլոր նստած էր պատշգամբում, մայրը ներս մտավ Ռուստամի հետ: Ռուստամը վերադարձել էր: Աշխենը ուրախ էր տեսնել իր ընկերոջը, չնայած այն բանի, որ վերջինս մանուկ հասակում այդքան լացացնում էր իրեն, հետո էլ ասում, թե. « Դու էս աշխարհից չես »:
Հենց այդ օրը ծնողները հայտնեցին աղջկան, որ մոտ օրերս իրենց ամուսնացնելու են. դա սառը ցնցուղի պես մի բան էր Աշխենի համար: Նա դեռ չգիտեր, թե ինչ է պատահել Կարոյին: Նա չէր կարող դավաճանել իր սիրելիին և ուրիշի հետ ամուսնանալ, բացի այդ, կար ևս մի ծանրակշիռ հանգամանք, որը հայտնի էր միայն Աշխենին:
Ռուստամի աչքից չէր վրիպել այն, որ Աշխենը բոլորովին գունատ ու հյուծված էր: Նա առաջվա զվարթ աղջնակը չէր այլևս, աչքերի փայլը կորել էր: Թվում էր, որ նա հիվանդ է, կամ մի ծանր վիշտ է տեսել իր երիտասարդ տարիքում:
Նույն օրը երեկոյան տղան հանդիպեց իր մոտ ընկերների հետ: Նրանք ասացին, որ Կարոյի և Աշխենի հետ կապված ինչ-որ շշուկներ են պտտվում, որոնց հեղինակը հենց ինքը՝ Կարոն է:
Ռուստամը առանց ժամանակ կորցնելու այցելեց նրան: Կարոն գինովցած էր: Ի պատասխան Ռուստամի հարցմանը, նա անպարկեշտ ակնարկներ արեց Աշխենի վերաբերյալ, ինչը հունից հանեց սիրահարված երիտասարդին:
Ռուստամը գալով Աշխենի տուն, նրա հորից թույլտվություն խնդրեց՝ հարսնացուի հետ զբոսանքի դուրս գալու. « Իհարկե գնացեք տղաս, երկու օրից նա քո կինն է դառնալու»,- ասաց հայրը:
***
Կարոն արյունոտ քիթ ու մռթով ընկած էր հատակին: Նա զարմացավ, տեսնելով Աշխենին՝ Ռուստամի ուղեկցությամբ:
-Ծնկաչոք ներողությո՛ւն խնդրիր նրանից,- հրամայեց Ռուստամը:
Կարոն չոքել էր Աշխենի ոտքերի առաջ, և կողերի ցավից կծկվելով ու արտասվելով` ներում էր հայցում:
Աշխենը սառել էր: Ինչպե՞ս էր նա կարողացել այսպես սխալվել: Մի՞ թե նա երբևէ սիրել էր այս մարդուն: Մեկին, ով խորտակեց իր կյանքը, լքեց իրեն՝ առանց որևէ բացատրություն տալու, առանց որևէ բան ասելու:
-Սատկացնե՞մ,- դանակը Կարոյի կոկորդին դնելով, և Աշխենի աչքերին շեշտակի նայելով՝ լռությունը խզեց Ռուստամը:
-Ո՛չ,- ճչաց Աշխենը և դուրս վազեց արտասվալից աչքերով:
Վերջին անգամ այսպես արտասվելիս Ռուստամը նրան տեսել էր փոքրիկ թիթեռին պաշտպանելու ժամանակ: Դա նույն բարի Աշխենն էր:
***
Հարսանիքի օրն էր: Բոլորը ուրախ էին, բացի Աշխենից և Ռուստամից: Նրանք գիտեին այն, ինչի մասին չէին կասկածում մյուսները: Ռուստամը պատրաստ էր ընդունել Աշխենին՝ ինչպիսին որ կար, բայց պատրա՞ստ էր արդյոք դրան Աշխենը:
Հարսանեկան արարողությունը անցնում էր եզդիների գեղեցիկ սովորույթներով համեմված:
Նորապսակները արդեն Ռուստամի տան մոտ էին: Տուն մտնելուց առաջ, ըստ ավանդույթի, փեսան պետք է մի քանի մետր հեռավորությունից կարմիր խնձոը նետի հարսի ճակատին, իսկ հարսը պետք է դիմանա հարվածի ցավին և լռի: (Հավանաբար այս ավանդույթը գալիս է եզդիների կրոնում տեղ գտած որոշ քրիստոնեական տարրերից: Ոչ թե արվում է որպեսզի նորապսակները գեղեցիկ սերունդ տան, այլ խնձորնը նետում են հարսի ճակատին, որ վերջինս հիշի դրախտում Եվայի կատարած մեղքն ու հատուցումը, և ամուսնական կյանքում սխալ քայլ չանի ):
Ռուստամը կանգնել էր Աշխենի առաջ՝ կարմիր խնձորը ձեռքին: Աշխենը նայում էր, ու ի դեմս նրա տեսնում էր իր փրկչին, իր դահճին, իր գլխավոր դատավորին՝ իր խղճին: Աշխենը փրկության ելք էր փնտրում, ինչպես թակարդն ընկած մի թռչուն: Նա նայում էր Ռուստամին և մտածում՝ ես արժանի չեմ:
Վերջապես Ռուստամը բարձրացրեց ձեռքը, որ նետի կարմիր խնձորը: Աշխենը մի ճիչ արձակեց ու անշնչացած ընկավ: Նրա սիրտը ճաքել էր: Աշխենի կրծքի տակ բաբախող մյուս փոքրիկ սիրտը, որի գոյության մասին չգիտեր ոչ ոք, ևս երեք թույլ զարկ ունեցավ, որից հետո հավերժ լռեց: Դա մի մահ էր, որը երկու կյանք խլեց:
Աշխենի մայրը չոքել էր աղջկա դիակի կողքը և անզորությունից իր մազերն էր պոկոտում, հարսանքավորները չէին հասկացել, թե ինչ կատարվեց: Միայն Ռուստամն էր ամեն ինչ հասկանում. Աշխենը չդիմացավ ամոթին. « Դու էս աշխարհի՛ց չես »,-գոռաց նա ՝ ձեռքից գցելով խնձորը:
Մարինե Բարսեղյան
Լուսանկարը՝ www.xrest.ru-ից