Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատան տարածքը տրամադրվել է մոտ երկու միլիոն դրամո՞վ (Տեսանյութ) 

Մարտ 06,2015 13:09

«Դեպի Եվրասիական Միություն» ժողովրդական շարժման նախագահ, «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը եւ շարժման պատասխանատու քարտուղար Իշխան Թովմասյանն այսօր «Նոյան տապան» մամուլի սրահում կրկին ներկայացրեցին ԱՄՆ-ի դեսպանատան հողահատկացման բազմաչարչար հարցը:

Հիշեցնենք, Արմենուհի Ղազարյանը եւ Իշխան Թովմասյանն արդեն մի քանի տարի փորձում են ՀՀ պետական պատկան մարմիններից եւ ԱՄՆ դեսպանատնից տեղեկություն ստանալ, թե ՀՀ ո՞ր օրենքի հիմքով եւ ի՞նչ գնով է տրամադրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածքը: Պատասխաններն իրարամերժ են: Ինչն էլ նրանց հիմք է տալիս հայտարարել. «ԱՄՆ-ի դեսպանատան հողահատկացումը կատարվել է ապօրինի ճանապարհով: Մենք ունենք կառավարության պատասխանը, քաղաքապետարանի պատասխանը, կադաստրի պատասխանը եւ մեր հարցերին այդ բոլոր պատասխանները մեկը մյուսին հակասող են: ԱՄՆ-ի դեսպանատանը հատկացված հողատարածքի հարցը ակնհայտ կեղծ գործարք է՝ կոռուպցիոն դրսևորումներով: Մի կառույցը տալիս է, որ ութ հեկտար հող է հատկացվել, մյուսը`ինը, կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Մուսոյանի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ պարզվում է՝ ԱՄՆ դեսպանատանը տասնմեկ հեկտար հող է հատկացվել: Աբսուրդային իրավիճակ է ստեղծվել`վերջապես, իրականում ինչքա՞ն հող է հատկացվել եւ որքան գումար է վճարվել այդ հողի դիմաց»,- մանրամասնեց Արմենուհի Ղազարյանը:

Համաձայն լրագրողներին տրամադրված փաստաթղթերի, հողը նախ տրամադրվել է վարձակալությամբ`36 000 դոլար մեկ տարվա համար, վաճառքի գինը սահմանվել է երկու միլիոն երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար: Քաղաքապետ Ալբերտ Բազեյանը դեմ է եղել այդ հողահատկացմանը, սակայն, Նարեկ Սարգսյանի «համառ ջանքերով» հողհատկացում է եղել:

Ուսումնասիրելով իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերը եւ համադրելով պաշտոնական ատյանների պատասխանները, գործով զբաղվող անձինք հանգել են եզրակացության, որ տեղի է ունեցել կոռուպցիա: «Երեւանի քաղաքապետարանից մենք հարցում էինք արել եւ խնդրել էինք պատասխանել, թե որքա՞ն գումար է տրամադրվել քաղաքապետարանին` ԱՄՆ դեսպանատան կողմից, տվյալ տարածքի համար: Երեւանի քաղաքապետի տեղակալ պարոն Նիկոյանի պատասխանում ասվում է, որ Իսակովի պողոտային հարող տարածքում դեսպանության շինարարության համար հողամասի տրամադրման հիմքը կարգավորվել է կառավարության համապատասխան որոշմամբ եւ Երեւանը, որպես քաղաքային համայնք, ձեւավորվել է 2009 թվականին, ուստի նշված ժամանակահատվածում գումարների վճարների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն Երեւանի քաղաքապետարանում առկա չէ»,-մանրամասնեց Արմենուհի Ղազարյանը:

Պատկան պետական մարմիններից իրարամերժ պատասխաններ ստանալուց հետո, դիմել են դատախազություն: Վեց ամիս գործը քննելուց հետո, ի՞նչ է պարզել դատախազությունը`քիչ ուշ`տեսանյութում

Այն, որ մեկ կառույցի ասածը հակասում է մյուս կառույցի ասածին, բանախոսները հայտարարում են` նման գործարք չի եղել, ժողովրդի ու պետության հաշվին իրար ախպերաբար փող են տվել, հող են վերցրել: Այս ամենի արդյունքում բանախոսներն ամրապնդել են իրենց մտահոգությունը`իշխանությունը թալանել ու թալանում է ժողովրդին:

Կատարվածի ֆոնին, նրանց համար զավեշտալի են կառավարության քայլերը`կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Բանախոսները չեն հավատում ոչ միայն իշխանությանն, այլ նաեւ ընդդիմությանը: Ընդդիմադիր կուսակցություններին համարում են բիզնես-խմբավորումներ, որոնք էլ Հայաստանի թալանի իրենց բաժինն են իրականացնում`ծառայելով իրենց արեւմտյան տերերին:

«Դեպի Եվրասիական միություն» շարժումը մայիսի 10-ից ակտիվ գործողություններ է իրականացնելու`իշխանությանը ժողովրդին վերադարձնելու համար: Կպահանջեն խորհրդարանի լուծարում, կառավարության հրաժարականը`բազմաթիվ ակցիաներով եւ բողոքի ցույցերով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel says:

    Որ կլինեն խոշոր չափերի յուրացումներ ոչ-ոք չի կասկածում , բայց որ ծառայել են բացառապես «արեւմուտքի» հետ հաստատ սխալվում եք:Բազմակի անգամ ավելի շատ անօրինականություններ կատարվել են Ռուսաստանի հետ կատարված գործարքներում ,գրպանելով շատ ավելի խոշոր գումարներ երկրին պատճառելով միլիարդավոր դոլլարների վնասներ (գրպանելով վնասներից զգալիորեն զիջող գոմարներ, հակառակ դեպքում Ռուսաստանը կաշխատեր օրինականության դաշտում): Եթե անաչառ եք (պատվեր չեք կատարում) անդրադարձեք այդ խախտումներին,դրանք առ այսօր շարունակվում են…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031