Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնացին լրագրողները նույն հիմար հարցերով, քաղաքագետները՝ հիմար պատասխաններով». քաղաքագետ

Մարտ 06,2015 13:01

«Հանրապետականները բոլոր ընտրություններին, բոլոր քաղաքական գործընթացներում կհաղթեն և բավական հեշտ, քանի որ ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, որը կարող է ազդել քաղաքական գործընթացների վրա»,- ներքաղաքական վերջին զարգացումներից այս համոզմանն է եկել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, երեկ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու հայտարարությամբ ավարտվեց այն քաղաքական ինտրիգը, որը վերջին մի քանի շաբաթում կար, և որը քաղաքագետները կանխատեսել էին։ Տեղի ունեցավ բավական տրամաբանական ավարտ.

«Այս համակարգը կարող է պահպանվել երկար, նույն առնետավազքը, լրագրողները նույն հիմար հարցերը կտան, քաղաքագետները հիմար ձևով կպատասխանեն, թե ֆլանը ֆստանի մասին այս ասաց, կամ ֆլանն ու ֆստանը միասին դեմ կգնան մյուս ֆլան-ֆստաններին: Դա քաղաքական գործընթացների վրա որևէ ազդեցություն չի ունենա, այդ ամենը կլինի շվեդական խրոնիկա»:

Քաղաքագետը վստահեցնում է՝ ընդդիմադիր դաշտում խոսքերը գործ չեն դառնա.

«Մարդիկ կլինեն, որոնք իրար կմեղադրեն, կվիճեն, թե որն է իրական ընդդիմադիր, իրական ընդդիմություն: Ցանկանո՞ւմ եք, ես վաղօրոք ասեմ, թե ով է նրանցից իրական՝ ոչ ոք»:

Իսկ ընդդիմությունը ե՞րբ ընդդիմություն կդառնա հարցին քաղաքագետը պատասխանեց.

«Հիմա ես դրա համար հիմքեր չեմ տեսնում, ընտրություններին քիչ ժամանակ է մնում, իսկ ընդդիմադիր ուժի ստեղծման համար հսկայական ռեսուրսներ են պետք՝ ֆինանսական, մեդիա, փորձագիտական, շատ բան է պետք։ Իսկ դրա համար պետք է գործել, ես դեռևս չեմ տեսնում, որ որևէ մեկը ցանկանում է դա անել»,-ասաց նա:

Իսկ ԲՀԿ-ի ընդդիմադիր ուժ դառնալու հայտարարությունը քաղաքագետի համար եղանակ չի փոխում.

«Այն քաղաքական ուժը, որ որևէ ազդեցություն չունի քաղաքական գործընթացների վրա, մի կուսակցություն, որի լիդերը մեկ հարվածով ոչնչանում է, նա չի կարող դիտվել որպես քաղաքական կուսակցություն: Իսկ թե հետո ինչ կլինի նրա հետ, կտեսնենք. ՀՀԿ-ն կցանկանա, այն ինչ-որ ձևով կգործի, չի ցանկանա, չի գործի: Ես քաղաքագետ եմ և ոչ հոգեբան: Իսկ այ Գագիկ Ծառուկյանին կստիպե՞ն շարունակել ֆինանսավորել կուսակցությանը, թե՝ ոչ, դա ինձ համար հետաքրքիր է ոչ որպես քաղաքագետ, այլ քաղաքացի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031