«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ համաձայն չէ, թե ԲՀԿ-ի «կապիտուլյացիայից» ու եռյակի փլուզումից հետո ընդդիմադիր դաշտում ստեղծված անորոշությունը մոտ ապագայում կարող է հանգուցալուծվել։ Ավելին՝ ըստ նրա, ոչ մի անորոշություն էլ չկա։
-Այս պահի դրությամբ միակ լուսավոր կետը կարող է լինել քաղաքացիական հասարակության ակտիվությունը. մեր քաղաքացիները վերջապես պետք է հասկանան, որ որեւէ մեկը չի կարող իրենց փոխարեն լուծել իրենց հարցերը, որեւէ ընդդիմադիր ուժ ի վիճակի չէ իրենց հաղթանակ պարգեւել, ոչ մի քաղաքական գործիչ չի կարող 10 հազար հոգու գործ անել։ Այդպես չի լինում, եւ եթե մեր քաղաքացիներն իսկապես ցանկանում են, որպեսզի երկրում լինեն արմատական փոփոխություններ, պետք է անմիջական մասնակցություն ունենան դրանում։
-Փորձե՞լ եք վերլուծել՝ որտեղ եք թերացել, ինչպես եղավ, որ ոչ իշխանական ուժերի մոտ երկու տարվա բավական սերտ համագործակցությունից հետո հաշված ժամերի ընթացքում եռյակը փլվեց։
Եռյակը, նույն ԲՀԿ-ն, պետք է որ պատրաստ լիներ իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարներին, մշակեր պահեստային ինչ-որ տարբերակներ. ի՞նչ է, չգիտեի՞ք, որ իշխանությունները ձեռքները ծալած չէին նստելու՝ փորձելու էին ինչ-որ կերպ հակազդել եռյակի հռչակած «իշխանափոխական» արշավին։
Կարդացեք նաև
-Պատրաստը՝ պատրաստ էինք, բայց հիմա չգիտեմ՝ «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ ինչ աստիճանի ճնշումներ են գործադրվել, որովհետեւ տեղեկատվության պակաս կա։ Եվ մարդկայնորեն էլ կարելի է հասկանալ մեր գործընկերներին, քանի որ իրականում չգիտենք՝ ինչ է եղել։
Ցանկացած պարագայում հասարակությունն այս անգամ իսկապես ամբողջությամբ պատրաստ էր պայքարելու իր իրավունքների համար, որովհետեւ Հայաստանում առաջին անգամ համատեղվել էին ե՛ւ քաղաքական, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ մարդկային ռեսուրսները, ե՛ւ քաղաքական փորձառությունը։
Ցավոք սրտի, դա այլեւս անցյալում է, եւ պարզ է, որ առանց այդ ռեսուրսների համատեղման՝ իշխանափոխության խնդիրը հնարավոր չէ լուծել։ Համենայն դեպս, այս պահին նման հեռանկար չեմ տեսնում։ Քաղաքացիները հնարավորություն չունեն ինքնուրույն ֆինանսավորելու որեւէ արտահերթ գործընթաց, իսկ դրա համար անպայման ֆինանսական նվազագույն ռեսուրսներ պետք է ունենալ։
-«Ժառանգությունը» կարծես մտադիր էր գնալ մարզեր, հանդիպել ժողովրդի հետ. ի՞նչ ընթացքի մեջ է այդ նախաձեռնությունը։
-Մենք էլի գնում ենք մարզեր եւ հանդիպում քաղաքացիների հետ, բայց «Ժառանգությունը» միայնակ, ցավոք սրտի, ոչինչ անել չի կարող, եթե չլինի հասարակական աջակցություն եւ քաղաքական ուժերի համախմբում։
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ երկրում ստեղծված ծանր իրավիճակի միակ մեղավորը «Ժառանգությունն» է։ Ինչո՞ւ եմ սա ասում. որովհետեւ հասել ենք մի հանգրվանի, երբ ամեն ինչի համար ընդդիմությանն են մեղադրում՝ բոլոր լծակներն իշխանության ձեռքում են, բայց իշխանությունը ոչ մի բանում մեղավոր չէ, ընդդիմությունն է մեղավոր, որ ժողովրդի վիճակը վիճակ չէ։
-Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ ընդդիմադիր դաշտում այսօր ՀԱԿ-ից բացի՝ այլ քաղաքական ուժ չկա, այնպես որ, իզուր եք ձեզ մեղադրում ստեղծված իրավիճակի համար։
-Մենք էլ երեւի արդեն 22 տարի իշխանության մեջ ենք։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ« թերթի այսօրվա համարում