Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Երեք նախագահները հանձնեցին Գագիկ Ծառուկյանին»

Մարտ 06,2015 12:01

«Այսօր Գագիկ Ծառուկյանի համար, որպես Ծառուկյան մարդ, ամենաերջանիկ օրն է, եթե չլիներ զուտ այն ձևը, որով նրան հեռացրին քաղաքականությունից»,-այսօր «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, թե Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը զուտ մարդկային առումով նստվածք կտա: Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանին «անիմաստ բերել, մտցրել էին քաղաքականություն, հիմա նա զբաղվում է իր սիրած գործով»:

Aravot.am-ի հարցին՝ ո՞վ էր ստիպում Գագիկ Ծառուկյանին մնալ քաղաքականության մեջ, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Մեծ քաղաքականությունը ունի կանոններ. օրինակ, երբ շախմատում ասում ես՝ ձեռք ես տվել, պիտի խաղաս, ուստի Ծառուկյանը մտել էր, խաղում էր ու գնալով խրվեց»: Կարեն Քոչարյանը համեմատեց «Մաուգլիի» հետ մեր քաղաքական դաշտը, երբ կողքից շակալները վագրին ասում են, թե քեզ այս ասացին, այն ասացին և այլն:

Կարեն Քոչարյանը կարծում է, որ երեք նախագահները հանձնեցին Գագիկ Ծառուկյանին. «Մեկը Ծառուկյանին դրեց սեղանին, մյուս երկուսը գլխով արեցին՝ ամեն»:

Քաղտեխնոլոգը նկատեց, թե Սերժ Սարգսյանը վերջին քսանհինգ տարվա մեջ երբեք նման կտրուկ քայլ չէր արել. սա առաջին դեպքն էր, երբ թույլ տվեց իրեն նման անհարկի ձևով արտահայտվել նիստի ժամանակ. «Սա ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ այնտեղ եղել են ստորգետնյա պրոցեսներ, որոնք բերել են նման պոռթկումի, որ ինչ-որ ինֆորմացիա, փաստեր, ձայնագրություններ դրել էին Սերժ Սարգսյանի սեղանին: Ինքը քաղաքական այն կերպարներից է, որ միանգամից ռեակցիա չի տալիս, նա միշտ կողմ է եղել ունենալ հաճախորդ, քան դուշման»:

Մեր հարցին՝ այժմ ԲՀԿ-ն ինչպիսի՞ն է, կուսակցությունն ի՞նչ պետք է անի վարկանիշը կրկին ձեռք բերելու համար, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Իներցիայով ԲՀԿ-ն ազդեցիկ է: Եթե հաշվի առնենք, որ մեր ժողովրդի հիշողությունը կարճ է, ապա առաջին հերթին ժամանակի մեջ այդ հարցը կլուծվի: Կուսակցական առումով ինձ համար այսօր ԲՀԿ-ն ավելի քաղաքական է, քան Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն՝ չնայած պրագմատիկ առումով շատ թույլ կլինի, բայց այն քաղաքական է»:

Դառնալով ուժեղ գաղափարական կուսակցություն լինելու հարցին՝ Կարեն Քոչարյանն ասաց, թե այսօր ՀՀ-ում գաղափարական կուսակցություններ չկան, բացի ՀՅԴ-ից, որը ևս գաղափարական առումով խնդիրներ ունի: Նշեց, թե ՀՀԿ-ն էլ ուժեղ չէ, պարզապես այն իշխանական կուսակցություն է, «ՃՃԿ-ն էլ լիներ իշխանություն , նույնն էր լինելու»:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի մասին Կարեն Քոչարյանն ասաց, թե իհարկե, «Նաիրան ամենակարող չէ», բայց նաև շեշտեց. «Իհարկե, որպես կին մեր հասարակության մեջ, նրա համար բարդ է լինելու: Ես Նաիրային համարում եմ մտերիմ մարդ, ընկեր, որին ճանաչում եմ վաղուց. ինչպես էր նա՝ որպես լրագրող, ոստիկանների հետ վարվում, երբ տեսնում էր, որ մարդ են ծեծում: Նաիրան բավականին պինդ անձնավորություն է. անցնելով նույն ԲՀԿ-ի մեջ՝ կարողացավ պահել ԲՀԿ-ն, երբ կոալիցիայի անդամ էր: Բարդ էր այդ ժամանակ Նաիրային՝ լինելով համար մեկ ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկի պրիման՝ դառնալով կոալիցիայի անդամ լիդեր կուսակցության անդամ, հետո այլընտրանք և այլն: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ որոշում կայացնողները ճիշտ որոշում են կայացրել»: Ասուլիսի ավարտին պարոն Քոչարյանը ծիծաղով նկատեց, թե մեր քաղաքական դաշտում ընդդիմության լիդեր լինելն է արդեն դարձել կռվախնձոր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031