Այս շաբաթվա սկզբին փակվեց «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի Սայաթ-Նովա – Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութը։ Նրա մուտքի դռներին հայտնվել է «ՓԱԿ է» ցուցանակը։
Սուպերմարկետների ցանց ասվածը «Մոսկվիչկայի» պարագայում այլեւս խիստ չափազանցված է հնչում, քանի որ վերջին մեկուկես տարիների ընթացքում փակվում է այս ցանցի արդեն չորրորդ խանութը։ 2013 թվականի ապրիլի վերջին փակվեց Երեւանի Մոսկովյան փողոցում գտնվող «Մոսկվիչկան», անցած տարվա սեպտեմբերին փակվեց Մերգելյան ինստիտուտի հարեւանությամբ գտնվող խանութը, իսկ այս տարվա փետրվարին՝ Սարյան փողոցում գտնվողը։
Այս խանութների ցանցի ստեղծումը եւ փակվելը ինքնին ուշագրավ պատմություն է: «Մոսկվիչկա» ցանցը պատկանում էր Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին, եւ մի քանի տարի առաջ դրա կառավարումը պաշտոնապես ստանձնեց նրա որդին՝ Արմեն Նազարյանը՝ իր «Բիզնեսլիդեր» շատ համեստ անունը կրող ՍՊԸ-ով։ Ու քանի դեռ Ներսիկ Նազարյանը Երեւանի ոստիկանապետն էր, «Մոսկվիչկան» անհոգ գործում էր։ Ներսիկ Նազարյանին իր զբաղեցրած պաշտոնից հանեցին 2013 թվականի ապրիլի 16-ին։ Երկու շաբաթ անց՝ փակվեց առաջին «Մոսկվիչկան»՝ Մոսկովյան փողոցում գտնվողը։
Ու դրանից հետո «Մոսկվիչկայի» խորտակումը այլևս հնարավոր չեղավ կասեցնել։ Եվ այս օրինակը ինքնին ցույց է տալիս, թե ինչպես են աշխատում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բիզնեսները. պաշտոնը կա, բիզնեսը բարգավաճում է՝ անկախ նրանից, թե որքանով է արդյունավետ։ Պաշտոնը չկա՝ կործանվում է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում