Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից հետո, մի քանի օր շարունակ, մենք ականատես էինք ոչ այնքան քաղաքական, որքան գողական կյանքի անցուդարձի։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քաղաքական ուղղվածությամբ առանձնապես աչքի չընկան նաեւ նախագահի ելույթն ու կանյաչնիից ստացված պատասխանը, եթե համարենք, որ բացառապես ապաքաղաքական էին նշված ելույթների շուրջ երկու կողմից հնչած արձագանքները («հա, հենց Դոդի Գագո» կամ «ժողովրդի փողերը տարել, կազինոյում կրվել ա» ոճի մեջ), եթե ընդունենք, որ ամեն ինչ շատ արագ հարթվեց իրար տուն գնալ-գալով, ապա անհնար է պնդելը, թե Հայաստանում խորքային քաղաքական պրոցեսներ են ընթանում։ Հակառակը՝ գուցե։
Շատ ավելի հավանական է, որ այդ օրերին «իրար էին հագել» մաֆիայի երկու ընտանիք, որոնք վիճարկում էին առաջնայնության հարցը, որը շատ արագ հանգուցալուծվեց (եթե հանգուցալուծվեց) առավել ազդեցիկ երրորդ ընտանիքի միջամտությամբ։
Ինչ էր անում Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ամենի կենտրոնում։ Նա զո՞հ է, թե՞ գլխավոր դերակատար, ավտարիտե՞տ, թե՞, այնուամենայնիվ, գողականների մեջ իրեն լավագույն կողմերով դրսեւորած մեկը, ում վստահել էին ընդդիմության զոնը նայողի բարձր կարգավիճակ։ Մինչեւ 2012 թվականի ԱԺ ընտրությունները, երբ ԲՀԿ-ն բացահայտ կերպով հրաժարվեց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, Տեր-Պետրոսյանը լավ էլ տիրություն էր անում ընդդիմադիր դաշտին, թեեւ չուներ արդեն 2008– 2009-ի հմայքը։ Ի՞նչն էր պատճառը, որ նա ընդդիմադիր դաշտում գրկաբաց ընդունեց ԲՀԿ-ին՝ իր առաջնորդով, եւ 2014-ին նրան հռչակեց ընդդիմության լիդեր ու շոգեքարշ։
Տեր-Պետրոսյանը, հայտնի է, անասելի խանդով է վերաբերվում ընդդիմադիր նույնիսկ փոքրիկ կազմակերպությունների ակցիաներին, մինչդեռ ԲՀԿ-ի պարագայում ցուցաբերեց այսպիսի մեծահոգություն։ Ինչպե՞ս հասկանալ։ Հավատաց ԲՀԿ-ի ընդդիմադիր արցունքների՞ն, հայ ժողովրդին մի քանի օրում փրկելու Ծառուկյանի խոստումների՞ն, քաղաքական փորձի պակա՞ս ուներ։ Ոչ՝ իհարկե։ Շատ ավելի հավանական է թվում, որ նա այս մեծ ռազբորկայում (մաֆիաների) հստակ առաջադրանք ու դերակատարություն է ունեցել, ինչն զգացվում է նաեւ թոհուբոհի էպիկենտրոնն արագ եւ կազմակերպված լքելու փաստից։ Քաղաքական զինակցին թողնել այս անփառունակ իրավիճակում եւ երկու ամսով արձակուրդ գնալ կարող էր միայն հատուկ հանձնարարությամբ գործակալը, բայց ոչ երբեք քաղաքական հաշվարկներով առաջնորդվող մեծ գործիչը։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում