Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

Մարտ 06,2015 10:15

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ երեսունութերորդ

ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

Գրողների միություն չներթափանցած  անհաջողակների համար Հովհաննես Մելքոնյանի շրջապատը գրական արեւի տակ բավական սփոփիչ եւ նույնիսկ պատվավոր տեղ էր, եւ Հովհաննեսի շրջապատում ու Հովհաննեսի աջակցությամբ էդ տարիներին սկսնակներից շատերն էին իբրեւ գրող ու մանավանդ բանաստեղծ ինքնահաստատվում, դրսեւորվում եւ, շատ դեպքերում, նույնիսկ կայանում, եւ Հովհաննեսի միջավայրում, որպես գրող ու բանաստեղծ, արդեն կայացածներ էլ կային, որոնք վաղուց Գրողների միության անդամներ լինելով՝ այնուամենայնիվ, Գրողների միության ու անձամբ նախագահ Վարդգես Պետրոսյանի կողմից երբեւէ չէին  գնահատվել ու խրախուսվել, եւ, փաստորեն, Հովհաննեսի շվաքի տակ համալրում էին էդ թվերի գրական ընդդիմությունը, բայց, եթե  ըստ էության մոտենանք էդ ամենին, Հովհաննեսի շրջապատը համալրողներն ավելի շուտ գրական աբիժնիկներ էին, քան՝ գրական ընդդիմադիրներ, եւ Հովհաննես Մելքոնյանի շրջապատի միակ գրական ու լուրջ ընդդիմադիրն անձամբ ինքը՝ Հովհաննես Մելքոնյանն էր, եւ, փաստորեն, ինքն ալտենատիվ գրողների միության դեֆակտո նախագահն էր, որի հետ իսկական  Գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանն անձամբ էր հաշվի նստում, որովհետեւ Հովհաննես Մելքոնյանի հետ ժամանակին ոչ միայն ընկերություն էր արել, այլեւ անվերապահորեն ընդունում ու գնահատում էր Հովհաննեսի գրական տաղանդը, ինչպես նաեւ՝ Հովհաննեսի  վտանգավոր լինելն էր հասկանում ու հաշվի առնում, եւ Հովհաննեսի վտանգավոր լինելը հասկանալով ու հաշվի առնելով՝ Հովհաննեսին վերջնական  թշնամի չէր դառնում եւ Հովհաննեսին վերջնական թշնամի չէր դարձնում. ավելին. ժամանակ առ ժամանակ իր համագումարային ու պլենումային զեկույցներում Հովհաննեսի գրականությանն անդրադառնալով՝ վերջինիս գրական տաղանդն անկեղծորեն շեշտում ու առանձնահատուկ կարեւորում էր Հովհաննեսի ներկայությունը հայոց գրական անդաստանում, եւ էդ պահերին Հովհաննեսի գրական ընդդիմության ներկայացուցիչներն իրենց մեջ ուռում ու փքվում էին, եւ անձամբ Հովհաննեսն էդ պահերին չափազանց անտարբեր էր՝ կարծես գրողների նախագահը գրողների բարձր ամբիոնից ոչ թե իրեն էր մեծարում, այլ՝ միանգամայն ուրիշ մեկին, ու էդ պահերին ներկաները զարմանքից լարվում էին, որովհետեւ բոլորը գիտեին, որ գրողների նախագահի ու Հովհաննեսի հարաբերությունները չափազանց լարված էին, եւ չնայած էդ իսկապես էդպես էր, այդուհանդերձ, գրողների  նախագահը Հովհաննեսի գրական տաղանդը չափազանց բարձր էր  գնահատում ու շեփորում, եւ դա իսկապես զարմանալի էր, բայց առավել զարմանալին այն է, որ ընդամենը մի քանի  րոպե առաջ, երբ Հովհաննես Մելքոնյանի ու Վարդգես Պետրոսյանի անձնական հարաբերություններին էի անդրադառնում, ինձ զանգահարեց մի երիտասարդ եւ ներկայանալով՝ ասաց, որ Հովհաննես Մելքոնյանի  որդին է, եւ սա առաջին դեպքը չի, որ երբ ինչ-որ մեկի մասին եմ գրում, անձամբ էդ մեկը կամ էդ մեկին առնչվող մեկը զանգահարում է ինձ, ու  նաեւ պատահել է, որ երբ ինչ-որ մեկի մասին եմ գրել, հենց էդ պահին անձամբ էդ մեկը սկսել է խոսել մեր հեռուստացույցով, եւ հիմա էլ, ահա, երբ Հովհաննես Մելքոնյանի մասին էի գրում, Հովհաննեսի Ռուբեն որդին զանգահարեց, եւ զուգադիպության էս դեպքն առավել զարմանալի է՝ թեկուզեւ էն իմաստով, որ Հովհաննեսի Ռուբեն որդուն անձամբ չեմ ճանաչում, եւ չնայած անձամբ չեմ ճանաչում, գիտեմ, որ ճանաչված  թուրքագետ է, եւ իր մասին գիտեի դեռեւս ութսունականներին, երբ նոր էր ծնվել, եւ, եթե ճիշտը կուզեք իմանալ, իր մասին նախքան իր ծնվելը  որոշ պատկերացումներ ունեի, որովհետեւ Մելքոնյան Հովհաննեսը, որ երկու դուստր ուներ, հիվանդագին փափագում էր, որ երրորդը տղա լինի, եւ չնայած բոլոր հայերն են փափագել ու փափագում տղա ունենալ, Հովհաննեսի մոտ էդ  փափագն ահավոր աստիճանի էր, որովհետեւ Հովհաննեսը փափագում էր իր ծնվելիք որդուն անվանակոչել Ռուբեն՝ Հայրենական պատերազմի թոհուբոհում անհայտ կորած իր Ռուբեն հոր անունով, եւ, դրանից էլ բացի, Հովհաննեսը որոշել էր, որ իր ապագա որդին պիտի թուրքագետ դառնա, որովհետեւ Հովհաննեսը գտնում էր, որ իսկական հայը պիտի լավ ճանաչի իր թշնամուն ու թշնամու լեզուն էլ պիտի լավ իմանա, ու էդպես էլ եղավ, եւ Հովհաննեսի կյանքի օրոք Ռուբեն Մելքոնյանն արդեն ճանաչված թուրքագետ էր, եւ ահա քիչ առաջ զանգահարեց ինձ ու ասաց, որ իր հոր՝ Հովհաննես Մելքոնյանի մասին հուշերի գիրք է պատրաստում,  եւ ցանկություն հայտնեց, որ, եթե հնարավոր է, ձեր խոնարհ ծառան էլ  մի հուշ կամ մի գնահատանքի խոսք գրի, եւ ես անմիջապես համաձայնվեցի, եւ ինքը նախապես իր շնորհակալությունը հայտնեց, բայց ես չբացվեցի ու իրեն չասացի էն կարեւորագույնը, որ քիչ առաջ ձեզ ասացի. այսինքն, քիչ առաջ, երբ ինքն ինձ անակնկալ  զանգահարեց, ես իրեն չասացի, որ հենց էդ պահին իր հոր մասին էի գրում,  որովհետեւ իր զանգն իսկապես չափազանց անսպասելի էր՝ մանավանդ էդ պահին, երբ իր հոր մասին էի գրում, ավելի ճիշտ՝ իր զանգը ոչ թե անսպասելի էր, այլ՝ անհավանական, եւ առավել անհավանականն էն է, որ ես էսքան գրելով ու արդեն էս վեպիս տասնյոթերորդ հատորս ավարտին մոտեցենլով՝ առաջին անգամ եմ Հովհաննես Մելքոնյանին  էսքան հանգամանորեն անդրադառնում, եւ դա ավելի քան անհավատալի ու անարդար է, որովհետեւ անցյալ դարի յոթանասունականներին ու ութսունականներին Հովհաննեսը ոչ միայն իմ, այլեւ շատերի կյանքում է էական նշանակություն ունեցել, եւ չնայած իմ բանաստեղծությունների տպագրության հարցում ինքն էն դերակատարությունը չի ունեցել՝ որ ունեցավ Պարկետչիկ Հրաչի բանաստեղծությունների տպագրության հարցում, այդուհանդերձ, Հովհաննեսն առաջիններից էր՝ որ ընթերցեց բանաստեղծություններս, եւ առաջինն էր՝ որ առաջին իսկ բանաստեղծություններս դրվատելով՝ խրախուսեց ու  ոգեշնչեց ինձ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031