Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Հայաստանը կամրջելու Եվրոպան եւ Եվրասիան

Մարտ 06,2015 17:30

Փորձում են գայթակղել օտարերկրյա ներդրողներին

Այն, որ մինչ այժմ հայաստանցի տարբեր գործիչներ բարձրաձայնում էին, թե Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար` կամուրջ դառնալու Եվրոպական եւ Եվրասիական մայրցամաքների միջեւ, սկսում է «միս ու արյուն» ստանալ: Պետական աջակցությամբ եւ մասնավոր հատվածի ներդրումներով գործող BPA (Business partners of Armenia) ընկերությունը սկսում է լայնածավալ գործունեություն ծավալել մեր երկրի համար նոր աշխարհաքաղաքական միջավայրում` ԵՏՄ-ում, այդ թվում նաեւ արեւմտյան երկրներից ներդրումներն ավելացնելու հույսով: Ընկերության հիմնական նպատակն է լինելու օտարերկրյա ներդրողներին ցույց տալ այն հեռանկարները, որոնք բացվում են Հայաստանի համար` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով: «Մենք բացառիկ հնարավորություններ ունենք եւ այդ առավելություններն ու արտոնությունները պետք է ճիշտ ներկայացնենք, որ ցանկացած օտարերկրյա գործարար կարողանա ավելի հստակ տեսնել եւ շոշափել մեր երկրի հնարավորությունները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը:

Իբրեւ առաջին քայլ՝ ընկերությունը կսկսի իրագործել «Ինվեստ Արմենիա» ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում բիզնես եւ ներդրումային միջավայրերի բարելավմանը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն ամենամյա բիզնես-ֆորումներ եւ բիզնես-էքսպոներ: Բիզնես-ֆորումների ժամանակ կլինի նաեւ հայկական արտադրանքների թեմատիկ համտես-ցուցահանդես: Առաջին բիզնես-ֆորումը կլինի մայիսին, որտեղ արդեն կլինի հայկական գինու, կոնյակի եւ ջրերի համտես: Առաջին բիզնես-էքսպոն նախատեսված է սեպտեմբերի վերջին: Այս բիզնես-էքսպոյի առանձնահատկությունն այն է լինելու, որ ներկայացված են լինելու ոչ միայն մեծ հաջողությունների հասած, միջազգային լուրջ գործընկերների հետ աշխատելու պատրաստ ընկերություններ, այլ նաեւ այնպիսիք, որոնք պատրաստ են նաեւ իրենց բիզնեսն ամբողջությամբ կամ մասամբ վաճառել: Դրան հրավիրվելու են նաեւ միջազգային առեւտրային ցանցերի ներկայացուցիչներ, նրանց առանձին տաղավարներ կտրամադրվեն, որպեսզի հայ գործարարները՝ հիմնականում արտադրողները, արդեն տեղում` մեր երկրում, հնարավորություններ ունենան կապեր հաստատել ու հետագայում այդ ցանցերի միջոցով արտահանել սեփական արտադրանքը: Մինչ այժմ նման պրակտիկա չի եղել: Գործարարները հիմնականում սեփական կապերի, սեփական միջոցները ծախսելով միջազգային ցուցահանդեսներին մասնակցելով` փորձել են կապեր հաստատել: Սակայն միշտ չէ, որ հաջողում են միջազգային առեւտրային ցանցերի մասնագետների հետ հանդիպել-համագործակցել:

Որպես օտարերկրյա ներդրումների ինդիկատոր՝ միջոցառումներին հատուկ տաղավարներում ներկայացված կլինեն մեր երկրում գործող առեւտրաարդյունաբերական միջազգային կառույցները, որոնք կներկայացնեն իրենց երկրներից Հայաստանում ներդրումներ արած եւ գործող ընկերությունների ցանկը: «Սա կարեւոր բաղադրիչ է, քանի որ, ասենք, եթե ֆրանսիացին գալիս է եւ տեսնում, որ ինչ-որ թվով ֆրանսիական ընկերություններ ներդրումներ են արել եւ հաջողության հասել` անկախ ասեկոսեներից, հուսադրիչ մի բան կտեսնի»,- ասաց մեր զրուցակիցը: Հստակ վիճակագրական տվյալներ, թե Հայաստանում քանի օտարերկրյա կամ համատեղ ձեռնարկություն է գործում, չկան: Հայտնի է միայն, որ վերջին շրջանում այդ ոլորտում վիճակագրությունը մխիթարող չէ` շատերը փակվեցին: Վրույր Փենեսյանը համոզված է` իրենց նախաձեռնությունների արդյունքում աշխուժացումն ակնհայտ է լինելու: Ժամանակի խնդիր է:
Նախատեսվող միջոցառումների շրջանակներում նաեւ շրջայցեր կլինեն հայաստանյան լավագույն հիմնարկ-ձեռնարկություններ, արտադրամասեր, որպեսզի օտարերկրացիները տեսնեն Հայաստանի արտադրական պոտենցիալը, ծանոթանան արտադրության որակական չափանիշներին: «Այսօր մենք ունենք 21-րդ դարին հարիր բարձրակարգ գործարաններ, որոնք կարող են ամենաբարձր չափանիշների արտադրանք տալ»,- վստահ է մեր զրուցակիցը:

22 երկրներից 100 գործարարների հաստատված ցանկ արդեն կա, ովքեր մասնակցելու են առաջիկա միջոցառումներին: Ցանկը բաց է, ակնկալվում է, որ այն դեռ կհամալրվի, մանավանդ որ բազմաթիվ հանդիպումներն ու պայմանավորվածությունները դեռ առջեւում են:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031