Ինչո՞վ է կաշկանդված գյուղապետը,
որ տարիներ շարունակ այս խնդիրը չի լուծում
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն լուծվում: Գյուղացիները կանգնած են փաստի առաջ. չունեն իրենց հատկացված հողատարածքների սեփականաշնորհման վկայականներ, եւ վտանգ կա, որ մի օր, երբ ցանկանան հողն իրենց ձեռքից վերցնել, անզոր են լինելու: Մյուս հրատապ խնդիրը գյուղի բուժկետի հարցն է. այն գտնվում է գյուղի դպրոցի շենքում, եւ ծնողները մտահոգված են, որ իրենց երեխաները եւ բուժկետ եկող վարակակիր անձինք նույն մուտքից են ելումուտ անում:
«Առավոտի» հետ զրույցում գյուղի երկարամյա բնակիչ Գարսեւան Յավրյանը պատմեց. «1992-ից հողերը սեփականաշնորհվել են, բայց ոչ մեկն անձնագիր մինչեւ օրս էլ չունի: Մի քանի անգամ գյուղացիները դիմել են ե՛ւ գյուղապետարան, ե՛ւ բարձրագույն մարմիններին, պատասխանել են, թե մարդ կուղարկենք՝ այդ հողերը նորից կվերանայեն, քանի որ սխալներով են բաժանված եղել, բայց այդպես էլ ոչինչ չի կատարվել, եւ արդյունքում հողերը չեն սեփականաշնորհվել»: Նշենք, որ թեեւ գյուղացիները փաստացի չունեն սեփականաշնորհման վկայական, սակայն, որքան էլ զարմանալի է, հողի հարկ վճարում են: Նշենք նաեւ, որ գյուղում կա 340 կտոր հող, որը ընդհանրապես տեր չունի: Այս առիթով պարոն Յավրյանը մանրամասնեց. «Շուրջ 68 հա հող նախկին գյուղապետի ձեռքով ստորագրված մի ցուցակով տրվել է մարդկանց եւ նշվել` «տերերն անհայտ են»:
Բուժկետին վերաբերող խնդրի առնչությամբ պարոն Յավրյանն ասաց. «1989-ին կառուցվել եւ շահագործման է հանձնվել բուժկետը: Նախկին գյուղապետ Ստեփան Ղազարյանն այդ երկու հարկանի շինությունում տեղավորեց ոմն գյուղացի մեխանիզատորի: Մինչեւ 2004-ը այդ անձնավորությանը այդտեղից չի լինում հանել: Հետո տեսան, որ ժողովուրդը շատ է բողոքում, նախկին մարզպետ Ղուկասյանի միջնորդությամբ տեղ հատկացրին եւ բուժտեղամասը տեղավորեցին դպրոցի շենքում»:
Կարդացեք նաև
Զրուցեցինք նաեւ Ակունք գյուղի գյուղապետ Արծրուն Ղարիբյանի հետ: Նա խոստացավ, որ բուժկետի խնդիրը 2-3 ամսից, իսկ հողերի հարցը` մինչեւ սեպտեմբեր կլուծվի: Մասնավորապես ասաց. «Արդեն կա ծրագրով, որ հետագայում տեղափոխություն կարվի, եւ խնդիրը կլուծվի: Առողջապահության նախարարության հետ համաձայնություն կա»: Մեր հարցին՝ ի՞նչ ժամկետներում, եւ արդյոք պայմանավորվածությո՞ւն են ձեռք բերել «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի հետ, պարոն Ղարիբյանը պատասխանեց. «Այո, այս տարվա մեջ՝ առաջիկա 2-3 ամիսների ընթացքում խնդիրը կլուծվի»: Հետաքրքրվեցինք` բուժկետը նույն այն շենքն է վերադառնալու, որտեղ հիմա բնակի՞չ է ապրում, իսկ նա համաձա՞յն է, քանի որ 1992-ից սկսած՝ նրան չեն կարողանում այդտեղից հանել, պարոն Ղարիբյանը պատասխանեց. «Դա իմ ժամանակ չի եղել, հին պատմություն է, հիմա այդ մարդկանց տեղափոխման հարցն է դրված: Նրանց համաձայնությունը շատ քիչ է, ուղղակի հողամաս ունեն, պիտի ժամանակավոր տնակ կառուցեն, իրենք տեղափոխվեն, որ ազատեն շենքը, այնպես չէ, որ դա նրանց սեփականությունն է, նրանք ապօրինի են այնտեղ ապրում»: Հողերի սեփականաշնորհման հարցի հետ կապված՝ գյուղապետն ասաց. «Կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերված, որ պետք է նորից չափագրում կատարվի: Մինչեւ սեպտեմբեր այդ հարցը կլուծվի»:
Հետաքրքրվեցինք` այդ ծախսերը մնալու են գյուղացիների՞ վրա, պարոն Ղարիբյանը վստահեցրեց, թե պետական միջոցներով են արվելու:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ժամանակին հողաբաժանումը սխալներով է կատարվել, ինչի պատճառով լրացուցիչ չափագրումների եւ այլ հարցեր են առաջացել, որի պատճառով էլ նման խնդիր է առաջացել: Նա պարզաբանեց. «Երբ ֆինանսական միջոցներ լինեն, այն ժամանակ խնդիրը կլուծվի»: Այն մտահոգություններին, թե գյուղացին պաշտպանված չէ, մարզպետը պատասխանեց. «Իրենց տնտեսական գրքերում ամբողջվին ամրագրված են նրանց հողերը: Մեզ էլ են այդ հարցով դիմելու: Կոնկրետ ժամկետներ ասել չեմ կարող, բայց այդ հարցը ամբողջովին մեր ուշադրության ներքո է»: Բուժկետի հետ կապված՝ պարոն Գրիգորյանն ասաց. «2011-ին ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից նախատեսված է եղել, որ Ակունք համայնքում կառուցեն նոր ամբուլատորիայի շենք: Բազմիցս առողջապահության նախարարության ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են Ակունք համայնքում: Պիտի տարածք հատկացներ համայնքը, ինչը չի արվել: Իսկ ծրագիրն արդեն փակվել է»: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, թե իրենք օպտիմալացման ճանապարհով են գնում, ու ասաց. «Վերջին տարիներին աշակերտների թվի պակասի պատճառով շենքերն ազատվել են, եւ աշխատում ենք տարբեր տեսակի կազմակերպություններ տեղավորել դպրոցական շենքերում, այդ թվում նաեւ մանկապարտեզներում ու դպրոցներում»: Մեր հարցին՝ իսկ դա անվտա՞նգ է, մարզպետը դրական պատասխան տվեց:
«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի ընտանեկան բժշկության անձի բաղադրիչի համակարգող Երվանդ Էլիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե գյուղապետի հետ պայմանավորվածություն չունեն, ու փոխանցեց հետեւյալը. «Ակունքն ընդգրկված է եղել մեր ծրագրում, եւ 2013-ին նախատեսել էինք, որ սկսեինք շինարարություն: Բայց քանի որ մեզ համապատասխան տարածք չհատկացրին, մարզպետարանը որոշեց, որ ամբուլատորիան Ակունքի փոխարեն կառուցվի Լիճք համայնքում: Իսկ այս պահին մենք ծրագիր չունենք»: Պարոն Էլիբեկյանը շեշտեց, թե նման բան անընդունելի է, որ բուժկետը լինի դպրոցի շենքում, ու հայտնեց, թե հենց դրանից ելնելով էլ որոշել էին գյուղում ամբուլատորիա կառուցել:
Հավելենք, որ «Առավոտը» հետամուտ է լինելու ակունքցիների խնդիրներին՝ պարզելու, թե երկու-երեք ամսից խնդիրը լուծելու գյուղապետի հայտարարությունը իրականությո՞ւն է դառնալու, թե՞ նախընտրական հերթական խոստումն էր, քանի որ մայիսին նախատեսված են Ակունք համայնքի ընտրություններ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2015