Ռուս լրագրողները՝ Բորիս Նեմցովի սպանության մասին
Նախորդ շաբաթ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության լուրը քննարկման առարկա դարձավ նաեւ Հայաստանում: Սոցցանցերում հայ օգտատերերը եւ հայկական լրատվական կայքերը վերլուծում եւ վերհանում էին ռուս քաղաքական գործչի սպանության վարկածները՝ գտնելով եւ դատապարտելով հնարավոր մեղավորներին: Ռուսական քաղաքական դաշտում տեղի ունեցածի, հայ հասարակությանը հետաքրքրող սպանության մասին «Առավոտը» զրուցել է ռուս լրագրողների հետ:
«Независимая газета» պարբերականի լրագրող Դարիա Գարմոնենկոն հիացմունքով է խոսում Բորիս Նեմցով քաղաքական գործչի մասին, նրան բնորոշում է որպես բարի կամքի տեր մարդ եւ ուղղախոս: Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչը երբեք իրեն չէր սահմանափակում իշխանությանը քննադատելիս: «Բորիս Նեմցովը դեմոկրատ էր: Նրա համար մեծ ջանք չէր փողոցում կանգնած տատիկի հետ զրուցելը: Նա միշտ բաց էր լրագրողների համար, մամուլի խոսնակի փոխարեն, ի տարբերություն շատ ռուս քաղաքական գործիչների, ինքն էր անձամբ պատասխանում հեռախոսային զանգերին: Միեւնույն ժամանակ նա ամենախելացի մարդկանցից եւ ամենապրոֆեսիոնալ քաղաքական գործիչներից մեկն էր մեր ժամանակների»,- ասում է Դարիա Գարմոնենկոն՝ նշելով, որ սպանվածը լուրջ քաղաքական անցյալ ունեցող մեկն էր: Ելցինի ժամանակներից նա երկար ճանապարհ է անցել. եղել է Նիժնի Նովգորոդի քաղաքապետը, առաջին փոխվարչապետը, Պետդումայի պատգամավոր, նավթի եւ էներգետիկայի նախարար եւ վերջապես՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ:
Խոսելով Բորիս Նեմցովի սպանության վարկածների մասին՝ Դարիա Գարմոնենկոն նշում է՝ սպանությունը ձեռնտու էր անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Շատ փորձագետներ, տրամաբանական շղթայով հավաքելով եւ դասավորելով Նեմցովի սպանության հանգամանքները, եկել են այն եզրակացության, որ այստեղ կա հատուկ ծառայությունների ձեռագիրը»,- ասում է ռուս լրագրողը:
Կարդացեք նաև
Նա նշում է, որ այս ընթացքում ռուսական լրատվամիջոցներում տարբեր անհասկանալի տեղեկություններ հայտնվեցին, որոնք խճճեցին լսարանը. «Մեկ ասվում էր, թե Նեմցովին սպանել են մեջքից, բայց Նեմցովի պիջակը, չգիտես ինչու, չէր պատռվել, մեկ հայտնում էին, որ քաղաքական գործչին սպանողները սպիտակ արտասահմանյան մեքենայով են եղել, որը հանկարծ լուրերում, չգիտես ինչու, վերածվում է հայրենական «Լադա Պրիորիի», մեկ էլ հանկարծ պարզվում է, որ մարդասպանը ստորաբար թաքնվել է կամրջի տակ, հետո ինչ-որ տեղից հայտնվել է ձյուն մաքրող մեքենան»,- ռուսական լրատվադաշտում հայտնվող «աբսուրդի» մասին է խոսում ռուս լրագրողը:
Մտահոգվում է, որ սպանության տեսաձայնագրությունը շատ վատ որակի է, չնայած որ Կրեմլի մոտ հսկվում է ամեն սանտիմետրը: «Մի քանի ընդդիմադիրներ նույնիսկ հարց են հնչեցրել՝ «արդյոք արժանահավա՞տ տեսագրությունն են ներկայացրել հանրությանը»: Մտահոգիչ է նաեւ, որ Նեմցովի ուղեկցորդուհուն առանձնապես չհարցաքննեցին, եւ նա շտապ մեկնել է տուն՝ Ուկրաինա: Չնայած որ անհայտ է մնացել՝ եթե նա տեսել է մարդու սպանությունը, ինչո՞ւ շոկի մեջ չէր: Ի՞նչ էր անում նա Նեմցովի հետ գիշերը կամրջի վրա, եւ որտե՞ղ էր կորել Նեմցովի մեքենան: Ինչո՞ւ էին նրանք տարբեր հեռավորությունների վրա գնացել: Իշխանության վարկածից երեւում է, որ հավաքել են այն ամենը, ինչից որ կարելի է հնարել՝ բացի ակնհայտից: Այնտեղ կա ե՛ւ «ուկրաինական հետք», չնայած որ Նեմցովին անվանում էին «Ուկրաինայի ընկեր», ե՛ւ իսլամիստների, որոնք սպանել էին լրագրողների Ֆրանսիայում, ե՛ւ կենցաղային վարկածներ»,- ասում է նա եւ նշում, որ ռուս քաղաքական գործչի սպանությունը չի բացահայտվի՝ մինչեւ իշխող քաղաքական ռեժիմը չփոխվի. «Ավելի շուտ՝ հանրությանը կներկայացնեն ինչ-որ մեկին՝ որպես քավության նոխազ, իսկ իսկական մարդասպանի անունը չենք իմանա»,- ասում է նա:
«Независимая газета»-ի մեկ այլ լրագրող՝ Ալեքսեյ Գորբաչովը, ով մտերիմ էր Բորիս Նեմցովի հետ, ընդդիմադիր քաղաքական գործչի մասին ասում է. «Ինձ համար հիանալի բնավորության գիծ էր Նեմցովի լսելու կարողությունը. հարց ես տալիս, ի պատասխան դրա՝ նա հարցնում է՝ իսկ դու ի՞նչ ես մտածում այդ մասին: Բացի այդ, ի տարբերություն շատ քաղաքական գործիչների՝ Նեմցովը հասանելի էր իր բոլոր կողմնակիցների համար, ինչպես իսկական դեմոկրատ»,- ասում է Ալեքսեյ Գորբաչովը: Նա համոզված է, որ Բորիս Նեմցովի սպանությունը քաղաքական դրդապատճառներ ուներ: «Ինչ վերաբերում է կազմակերպիչներին, ապացույցներ, որ սպանության հետեւում կանգնած է ասենք՝ Պուտինը, ոչ ոքի մոտ չկան: Բայց անուղղակիորեն նրա վրա է եղածի պատասխանատվությունը՝ ցանկացած ելքի դեպքում հաշվի առնելով, որ գաղտնի ծառայությունները հետեւել են Բորիս Նեմցովին 24 ժամ, նրա յուրաքանչյուր քայլ լսում եւ նայում էին: Եվ արդյոք դա ձեռնտո՞ւ էր Պուտինին, իհարկե՝ ձեռնտու էր,- ասում է Ալեքսեյ Գորբաչովը եւ նշում:- Միջազգային արձագանքը ու ներքին զգացումը ոչինչ են նրա դիմաց, որ վերացվել է նրա ամենահայտնի քննադատը»: Ռուս լրագրողը նկատում է՝ մարդասպանները անմիջական վկային ձեռք չեն տվել, սպանությունը եղել է ամբողջ երկայնքով դիտվող եւ լսվող թաղամասում, որտեղ որ հավանաբար պահվել են բոլոր մեքենաների շարժի ձայնագրությունները: «Եղած տեղեկատվության համաձայն՝ Նեմցովը սպանությունից առաջ եղել է ԳՈՒՄ-ի սրճարաններից մեկում: Ոչ ոք չէր կարող իմանալ՝ երբ է նա դուրս գալու եւ որտեղ է գնալու: Դա նշանակում է, որ արտահոսքը եղել է կամ գաղտնալսող սարքից, կամ նրա մեքենան գտնվում էր Իլինկի/Վարվարկի մարզերում, որտեղ որ նույնպես ամբողջությամբ վերահսկվում է»,- ասում է Ալեքսեյ Գորբաչովը՝ նշելով, որ այդտեղ է գտնվում նախագահի ադմինիստրացիան:
Սպանությունը եղել է պրոֆեսիոնալների ձեռքով՝ կարծում է ռուս լրագրողը, եւ նշում՝ նրանք վստահ են եղել, որ չեն պատժվելու: Ալ. Գորբաչովը հիշատակում է քննարկումներից մեկը, ըստ որի՝ սպանությունը եղել է «ամենամեծ ընդդիմադիր ակցիայից 48 ժամ առաջ, որի համար իշխանությունները լարված էին, եւ Նեմցովին գուցե հետեւել են: Գուցեեւ չեն հետեւել, բայց մարդասպանները այնքան պրոֆեսիոնալ էին, որ պետք է մտածեին դրա հավանականության մասին: Սպանության ցանկացած շարժառիթ, որը իշանության կողմից չէր, կարելի էր հետաձգել ավելի ուշ եւ հանգիստ շրջան»:
Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներում այս թեմայի լուսաբանմանը՝ Ալեքսեյ Գորբաչովը նշում է. «Այս անգամ Նեմցովի սպանությունը ռուսական լրատվամիջոցները, նույնիսկ իշխանականները հայտնում էին առանց պրոպագանդայի»: Ռուս լրագրողը նկատում է՝ ընդդիմադիրները փորձում են կարծիքներ հավաքել նաեւ վարկածների մասին, մեկնաբանություններ վերցնել գործընկերներից, պետական լրատվամիջոցները հիմնականում հաղորդում են չոր տեղեկատվություն: «Բացի այդ, հաճախ ԶԼՄ-ներում գցում են սպանության պրովոկացիոն վարկածներ՝ բացահայտորեն փորձելով շեղել մարդկանց ուշադրությունը եւ վերջնականորեն բոլորին շփոթեցնել»,- ասում է ռուս լրագրողը: Նա եւս մեծ հույսեր չունի ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության բացահայտման հարցում. «Ես չեմ բացառում, որ հանցագործություն իրականացնողները կգտնվեն (չնայած, հնարավոր է, նրանք սպանվել են): Բայց չեմ հավատում, որ կգտնվի իրական պատվիրատուն, որովհետեւ թելը տանում է դեպի վերեւ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2015