Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ով վախենում է, ով մնում է»

Մարտ 06,2015 16:00

Լեւոն Զուրաբյանը վստահեցնում է,
որ ՀԱԿ-ից էլ ահագին մարդիկ վախեցել ու դուրս են եկել

«Ինչի՞ Ծառուկյանը չի երեւում, ի՞նչ է եղել»,- Ազատության հրապարակում՝ հանրահավաքից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին այս հարցադրմամբ մոտեցավ մի կին՝ Ռիմա անունով: Ի պատասխան՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ծառուկյա՞նը, լավ չգիտե՞ք, չե՞ք իմացել այս վերջին հարձակումները»:
Տիկին Ռիման շարունակեց հարցադրումները՝ «վախեցավ, հա՞, էլ չի երեւում»: Մինչ Լեւոն Զուրաբյանը պատասխան կգտներ քաղաքացու անկեղծ հարցադրմանը, նրան օգնության հասավ հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ «Տարան կոտրին, հբը ըդպես ա, քաշին մի յան»:

Տիկին Ռիման մտահոգվեց, թե՝ հիմա ձեզ էլ կսկսեն նեղել: Լեւոն Զուրաբյանը հանգստացրեց. «Մեզ 2007 թվից կոտորում են, ջարդում են, սպանում են, բանտերն են նստեցնում»: Տիկին Ռիման հետաքրքրվեց՝ «Էդ ո՞նց է, որ դուք չվախեցաք, Ծառուկյանը վախեցավ»: ՀԱԿ խմբակցության ղեկավարը չհամաձայնեց. «Չէ, մեր մոտից ահագին մարդիկ վախեցան՝ դուրս եկան: Դե, հիմա ով որ մնացել է չվախեցած, նրանք դեռ այստեղ են: Դուք կարծում եք՝ մեզանից վախեցողներ չե՞ն եղել: Այնքա՛ն են եղել: Մեր շարժումից այնքա՛ն մարդ դուրս եկավ, ճնշումների տակ բիզնեսներ ունեցողներ այնքա՛ն դուրս եկան: Բայց հիմա ամենակարեւոր արդյունքն այն է, որ չեն կարողանում մինչեւ վերջ կոտրել: Այսինքն՝ դիմադրության այս շարժումը մնում է: Սա ամենակարեւոր բանն է: Հենց որ կարողանան, Հայաստանը դառնալու է մի հատ ճահիճ՝ Թուրքմենստանի նման: Մենք իշխանությանն ասում ենք՝ ախպեր, ձեզ ոչ ոք չի վստահում, ազատ, արդար արտահերթ ընտրություններ անցկացնենք, այնպիսի իշխանություն լինի, որին ժողովուրդը վստահելու է»:

Քաղաքացիները հիշեցրին Սերժ Սարգսյանի խոսքերը. «Լենինականում չասե՞ց՝ ուզենամ 70 կխփեմ, ուզենամ՝ 80 կխփեմ, մատն էլ թափահարեց, իմ ձեռը չի՞: Հենց այդպես էլ արեց»:

Լեւոն Զուրաբյանը համաձայնեց. «Բա այս երկրի հիմնական չարիքը ո՞րն է, դա է: Իշխանությունը ընտրված չի, դրա համար էլ թքած ունեն ժողովրդի վրա, դրա համար էլ գողանում են, իշխանությունն օգտագործում են իրենց համար, ոչ թե ժողովրդի»:
Տիկին Ռիման, լսելով Լեւոն Զուրաբյանին, հիասթափվեց՝ ուրեմն սկի հույս չկա, ոստիկանությունն իրենն է, զորքը իրենն է: Բոլորին կանչում, ահ է տալիս, ու մարդիկ վախեցած հետ են կանգնում: Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ իշխանափոխության հույս կա. «Ոտքի կանգնեցինք, փետրվարի 20-ին չհաջողվեց, պիտի շարունակենք: Եթե հանձնվեք, պրծած է այս երկիրը»: Ինչ վերաբերում է վախեցնելուն՝ նա պատասխանեց. «Ով վախենում է, ով մնում է»:

Քաղաքացիներից մեկն էլ բարկացած էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վրա, որ Գագիկ Ծառուկյանին «անուն էր դրել»: Նրա խոսքերով՝ «Եթե այդքան համարձակ տղա էր, անուններ էր դնում, բա վարչապետի անունը ինչի՞ չտվեց եթերում: Եթե ասում ես՝ մեկը Պոլոզ ա, մեկը՝ Մուկուչ ա, բոլորի անուններն էլ ասա: Ասում է, թե կոռուպցիայի դեմն են առնում, բայց փողով դիրեկտոր ընդունում է, մեռանք՝ գրքի փող տուր դպրոցում, էլ թաղման փող տուր: Հա ձեն չենք հանում, ասում ենք՝ երեխուն վնաս կտան, «2» կդնեն: Առաջին կոռուպցիոները դու ես, որ բարեկամ, մորքուր, հորքուր մտցնում ես համակարգ»:
Քաղաքացիներից մեկին հետաքրքրում էր, թե Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման եւ այսպես ասած՝ «բարիշելու» մեջ ի՞նչ դեր է ունեցել Սամվել Կարապետյանը՝ Տաշիրի Սամոն: Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ նրա դերը ձեւական բնույթ է կրել այդ գործում: Հիմնական դերակատարը եղել է Սերժ Սարգսյանը, որն իր ահաբեկչական մեթոդներով Գագիկ Ծառուկյանին հետ է պահել շարժումից:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031