Իրավապահները մի դեպքում մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, մյուսում՝ ճնշումներով փորձում են «բացահայտել» կամ մեղսագրել չկատարած հանցագործությունը
«Առավոտը» ներկայացնում է Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ուշագրավ քրեական գործերը, որոնք վերաբերում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելուն:
Ներկայացվող դեպքը տեղի է ունեցել դեռեւս 2013 թվականի հոկտեմբերի 13-ին, երբ բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի` կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել անչափահաս Դավիթ Հ.-ն, ով ավելի ուշ գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ, եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով քաղաքացի Կարեն Կ.-ն ձերբակալվել է:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունում Կարեն Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ) եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Կարեն Կ.-ն տեղափոխվել էր ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
«Առավոտին» Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնակի կալանավոր Կարեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժին բերման ենթարկվելուց հետո հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրեն ծեծի են ենթարկել՝ ստիպելով ընդունել, որ հանցագործությունը ինքն է կատարել:
Կարեն Կ.-ն նախաքննություն իրականացնող Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է նաեւ, որ, իր տեղեկություններով, սպանության փորձը կատարել է այլ անձ, որի հայրը զբաղեցրած պաշտոնի բերումով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Լոռու մարզի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հետ, սակայն վերջիններս նրան քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով հանցագործության կատարումը մեղսագրել են իրեն:
Կարդացեք նաև
Կալանավոր Կարեն Կ.-ի հաղորդմամբ՝ վերը նշված հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն ստիպել են ստորագրել դատարկ ձեւաթղթերի տակ, սակայն ինքը հրաժարվել է, ինչի արդյունքում վերջիններս շարունակել են իրեն ծեծի ենթարկել:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության ղեկավար Միքայել Ահարոնյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ կալանավորի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Եթե այս դեպքում կալանավորը հայտնել է, որ իրեն հանիրավի մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ իրական հանցագործին պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք զերծ են պահում քրեական պատասխանատվությունից, ապա մյուս դեպքում ոսկու հանքավայրից հանքանյութի գողության մեջ մեղադրվողը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ինչպես հանցագործության կազմակերպչի, այնպես էլ՝ խմբի մյուս անդամների վերաբերյալ տվյալները հայտնել է ճնշումների ներքո:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մի խումբ անձանց կողմից ոսկու հանքավայրից հանքանյութի գողություն կատարելու մեջ մեղադրվող Նվեր Մ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարին Վարդենիսի իրենց տանը խուզարկություն կատարելուց հետո՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ 6 ժամ պահել են: Այդ ընթացքում ինչպես հատուկ ծառայություն իրականացնող անձը, այնպես էլ` քրեական գործը քննող քննիչը ճնշումներ են գործադրել Նվեր Մ.-ի նկատմամբ, ով էլ ստիպված է եղել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ թե՛ իր, թե՛ հանցագործության կազմակերպչի ու թե՛ խմբի մյուս անդամների վերաբերյալ:
«Առավոտի» տեղեկություններով, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ գործով նախաքննությունը շարունակվում է:
Մեկ այլ՝ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ օրերս Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) եւս մեկ քրեական գործ հարուցվեց, որի նախաքննությունն այս պահին նույնպես շարունակվում է:
Ըստ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության, Գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն էր հասցեագրել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանի հաղորդումը, որը վերաբերում է մի շարք պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելուն:
Պաշտպանը մասնավորապես հաղորդել է, որ իր պաշտպանյալ Դավիթ Հ.-ն 2014թ. փետրվարի 7-ին Երեւանում գտնվող բուքմեյքերական կետի մոտից վերցրել է ծխախոտի տուփ: Անտեղյակ լինելով դրա պարունակությունից, նա նստել էր պատահական տաքսի ավտոմեքենա, որը կանգնեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Այնուհետեւ նրան դուրս են հանել մեքենայից, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծխախոտի տուփի միջից հանել են թմրամիջոց: Ոստիկանությունում բռնության գործադրմամբ նրան հարկադրել են խոստովանական բացատրություն եւ ցուցմունք տալ, ինչպես ծխախոտի տուփում թմրամիջոցի առկայության մասին տեղյակ լինելու, այնպես էլ` իր կողմից չկատարված մի շարք այլ հանցագործությունների վերաբերյալ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2015