Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ, ու երկրի առանցքը մարդն է»

Մարտ 06,2015 14:30

Հարցազրույց գրող, հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ

– Հրապարակի վրա երեք գիրք է միաժամանակ՝ Հրանտ Ադամյան՝ «Պատմական ճշմարտության եւ պատմական միֆի միջակայքում», Անահիտ Ադամյան՝ «Հիմնականի հիմնականը» եւ «Ես դուռն եմ»: Հայրեր եւ որդիներ հարթության մեջ՝ ինչպիսի՞ն են Ձեր եւ Ձեր հոր հարաբերությունները:

-Հրաշալի: Հայրերի եւ որդիների կոնֆլիկտ չկա, եթե դա եք ակնարկում, իրականում կա հայրերի եւ որդիների ժամանակների կոնֆլիկտը իրար հետ՝ ընկալումների, ցանկությունների ու կենսափորձի: Հայրերն ու որդիները տարբեր են միմյանցից ու դա օբյեկտիվ տարբերություն է: Ի վերջո՝ նրանք միմյանց սկիզբն ու շարունակությունն են՝ հայրերը ժամանակին եղել են որդի եւ որդիները դառնում են հայր, սերունդների շղթան է, որը չի հատվում, օղակ-օղակ դառնում է մարդկության տարեգրություն: Պատմական ճշմարտության եւ պատմական միֆի միջակայքում է մեր բոլորի պատմությունը: Երբ հայրս գրում է Վասակ Սյունու մասին, նրա նպատակը Վասակին արդարացնել կամ մեղադրելը չէ, նրա նպատակն է այսօրվա ու վաղվա ընթերցողին մտածելու ու գնահատելու հարթակ տալը, ինքնուրույն՝ առանց կարծրատիպերի, սեփական տեսակետն ունենալու:

Պատմությունը սեւի ու սպիտակի մեջ հավասար գծված քառակուսի չէ, որտեղ մեկընդմիշտ տրված են սեւի ու սպիտակի սահմանները: Ի՞նչ գիտենք մենք Վասակ Սյունու մասին: Որ նա դավաճան է: Բայց ո՞ւմ է դավաճանել: Ավարայրում որտե՞ղ է եղել հայոց մարզպանը ու ինչո՞ւ: Ինչո՞ւ են հետագա դարերը նրա ուսերին դավաճանի թիկնոց նետել, եթե իր ժամանակի պատմիչները դա չեն արել, գոնե միանշանակ չեն արել: Ո՞ւմ եւ ինչո՞ւ էր պետք, որ հայերն անպայման յուրայինների մեջ միշտ դավաճան որոնեն ու նրան իրենց բոլոր ձախորդություններն ու պարտությունները վերագրեն: Հարցեր են, չէ՞, որոնց պատասխանը Դուք ունե՞ք…

-Իսկ Դուք ունե՞ք:

-Հիասթափեցնելու եմ՝ այո: Ունեմ, այլապես չէի գրի: Մարդը բոլոր ժամանակներում որոնել է կյանքի իմաստը, իր առաքելությունը, իր տեղը կյանքում: Քաղաքակրթության ամբողջ պատմությունը պատասխանում է երեք հարցի՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում, քաղաքակրթության ամբողջ պատմությունը պտտվում է մի առանցքի շուրջ՝ մարդու: Մարդու, որ ինքն իրեն որոնելիս գտավ Աստծուն, ստեղծեց Հայրենիք, հող, ծովերով ու ցամաքներով ճանապարհներ հարթեց, որ հարաբերվի ուրիշ մարդկանց ու ուրիշ Հայրենիքների հետ, որ միայն մի աջակից ունեցավ՝ սերը, մնացած ամեն ինչը նրան հակառակ էր: Չե՞ք կարծում, որ մարդկությանը հայտնի ամբողջ գրականությունը մի գիրք է եւ ունի մի հեղինակ, անկախ՝ ո՞վ, ե՞րբ ու ինչի՞ մասին է գրել, ու դա տիեզերական պարգեւ է, երբ իսկապես գործում է «Մեկը բոլորի ու բոլորը մեկի համար» սկզբունքը:

Պատկերացրեք, որ այդ մեկը հենց Դուք եք, ու աշխարհը պտտվում է Ձեր շուրջ, որովհետեւ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ, ու երկրի առանցքը մարդն է:

– «Ես դուռն եմ» գրքում մա՞րդն է, թե՞ Աստված:

-Մի զատեք մարդուն ու Աստծուն: «Ես դուռն եմ» պատմություն է Հիսուսի խաչելությունից առաջ ու հետո երեք օրերի մասին, երբ ժամանակը իսկապես կանգ էր առել, ինչպես չէր հոսում Հորդանանը, երբ Քաղաքում, որ դեռ Երուսաղեմ չէր դարձել, անձրեւ էր գալիս, որ չի լինում անապատում, երբ դեռ կանգուն էր, բայց ներսից արդեն փլվել էր Սողոմոնի տաճարը: Ամեն ինչ կար ու ոչինչ չկար՝ չկար Աստվածաշունչը, Ավետարանները չկային, մեր թվարկությունը սկսվել էր, բայց ոչ ոք չգիտեր այդ մասին ու հետո, շատ հետո մեր թվարկության սկիզբը պիտի դառնար Հիսուսի ծնունդը:

-Ի՞նչ կապ ունի երկու հազար տարվա պատմությունը այսօրվա հետ:

-Ի՞նչ կապ ունեք Դուք ինքներդ Ձեզ հետ: Աբսուրդ է, չէ՞: Խաչելությունից առաջ ու հետո այդ երեք օրերին է որոշվել քաղաքակրթության ամբողջ ընթացքը: Այդ օրերին է որոշվել Հիսուսի հետ Հուդայի ներկայությունը, Մարիամ Աստվածածնի հետ Մարիամ Մագթաղինեցու ներկայությունը, Պետրոսի երեք անգամ ուրացումը, բայց եկեղեցու բանալիները երկրում ու երկնքում ստանալը: Քեզ տրված է ընտրություն, բայց որպեսզի ճիշտ ընտրես, քեզ տրված է օրինակ՝ ինչ անելու ու ինչ չանելու, սխալվե՞լ ես, քեզ նաեւ օրինակ է տրված սխալն ուղղելու, չե՞ս հասկացել, որ սխալվել ես, քեզ եւս մեկ հնարավորություն է տրված հասկանալու: Երբ Լեոնարդո դա Վինչին Միլանում որմնանկարում էր «Խորհրդավոր ընթրիքը», Հիսուսին ու առաքյալներին արդեն պատկերել էր, բայց չէր կարողանում կտավն ավարտել, չէր գտնում Հուդային բնորդ, նույնիսկ որոշել էր Հուդային «վտարել» կտավից: Անձրեւոտ, ցուրտ մի երեկո տաքանալու համար մտնում է մի գետնահարկ պանդոկ ու դեռ դռնից տեսնում անկյունում նստած «իր» Հուդային:

Մոտենում է ու արագ ուրվանկարում: Մարդը բարձրացնում է գլուխը ու գինի է խնդրում: Լեոնարդոն նրա ու իր համար գինի է պատվիրում ու շարունակում է աղոտ լույսի տակ արագ-արագ թղթին հանձնել նրա ջնջված դիմագծերը: «Ինձ մի անգամ էլ են նկարել,-պատմում է պանդոկի անծանոթը,-հաստատ կճանաչեք, էս քաղաքի ամենահայտնի նկարիչը՝ Լեոնարդո դա Վինչին, էն ժամանակ ես ուղիղ մեջք ու փայլուն աչքեր ունեի ու նա ինձ դարձրեց իր Հիսուսի համար բնորդ, որ նկարում է եկեղեցու պատին, լավ էլ վճարեց, ասում էր, որ ես շատ եմ նման Հիսուսին»: Հեռանալուց առաջ Լեոնարդոն նորից լավ վճարում է, արդեն՝ Հուդային: Դուք ասում եք՝ պատմությունը հնանո՞ւմ է:

-Ձեր բոլո՞ր գրքերի անվանումներն են փիլիսոփայական:

-Հաջորդը՝ հաստատ: «Հիմնականի հիմնականը» Եղիշե Չարենցի բառերն են, իսկ Չարենցը ԲԱՌԻ արժեքը գիտեր ու բառի Աստված է, ես գրել եմ իմ Չարենցի մասին, որ հավասարը հավասարի պես հարաբերվում է համաշխարհային գրականության մեծերի հետ: Չարենցի, որ մենակ պատասխանել է բոլոր հարցերին, Չարենցի, որ ապրեց 40 տարի, բայց 400 ու 4000 տարի հետո էլ մնալու է բառի Աստված, որ գիտեր Աստծո Բառը:

-Հաջորդ գիրքը ինչպե՞ս է կոչվելու եւ ինչի՞ մասին է:

– «Ժամանակից դուրս ժամանակը»: Ինկերի, ացտեկների, մայաների, հույների ու մեր օրերի հայրենիքի որոնման ու սիրո մասին: Հուլիոս Կեսարի, Միքելանջելո Բուոնարոտիի, Նիկոլո Պագանինիի, Սապա Ինկայի, Շամբալայի, Ձեր, իմ ու այն մարդու, որ դեռ չի ծնվել, բայց գալու է, որ շարունակի հայրերի ու որդիների պատմությունը:

-Ի՞նչն է այդքան տարբեր մարդկանց ու ժամանակները միավորում:

-Սեփական ես-ի ու հայրենիքի որոնումը: Պայտիտին՝ ինկերի կորած հայրենիքը վերագտնելու առասպելը, կարմիր երազների կամուկուն՝ Պայտիտին իրենց որդիներին թողնելիս մեռնող ացտեկների հրաժեշտի երգը Արեւին, որ միակ աստվածն էր, Պագանինիի սքանչելի «Կամպանելլան», Կեսարի «Եվ դո՞ւ, Բրուտոսը», որ նա չի հարցրել, Միքելանջելոյի խելագար հանճարը, որ մարմարը դարձնում էր մարդ, մարդուն՝ աստված: Գուցե մի քիչ էլ ես, ում տուն նրանք գալիս են հարազատի պես…

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031