Շախմատային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մարտի 16-ից ապրիլի 7-ը Սոչիում կայանալիք կանանց աշխարհի անհատական առաջնության (նոկաուտ համակարգ) մասնակիցների վերջնական ցուցակը: Նրանք 64-ն են: Աշխարհի չեմպիոնուհի եւ կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար, չինացի Հոու Յիֆանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել առաջնությանը:
Հայաստանը ներկայացնելու են մեր երկու առաջատար շախմատիստուհիները` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը: Իսկ կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը հանդես է գալու ԱՄՆ-ի դրոշի ներքո:
Վիճակահանությունն արդեն կայացել է: Մեկնարկային տուրում Էլինա Դանիելյանը հանդիպելու է կուբացի Յանիեթ Մարերո Լոպեսի հետ, Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան է, Իսկ Տաթեւ Աբրահամյանն ուժերը չափելու է Հարիկա Դրոնավալիի (Հնդկաստան) հետ: