Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «ԽՍՀՄ-ի ժամանակ խոշտանգումը մասսայական էր, հիմա՝ ընտրողաբար»

Մարտ 05,2015 19:32

«Զեկույցում արձանագրված են այն խնդիրներն ու իրավիճակը, որոնք, ցավոք, արձանագրված են նաև նախորդ տարիների զեկույցներում: Հիմնական խնդիրն այն է, որ իրավիճակը ընդհանրապես չի փոխվում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված  քննարկմանը այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) մի շարք խնդիրներ է արձանագրել իր զեկույցում ՀՀ քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ, որոնց ժամանակին անդրադարձել էինք:

Պարոն Սաքունցը բարձրացրեց նաև կոռուպցիայի հարցը, որը հատկապես տեսանելի է սննդի վրա հատկացվող գումարների ծախսման հարցում: Արթուր Սաքունցը նկատեց. «ԽՍՀՄ-ի ժամանակ մասսայական էր խոշտանգումը, հիմա ընտրողաբար, բայց վախի մթնոլորտը այնուամենայնիվ գոյություն ունի»:

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը նշեց. «Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը բխում է դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու անդադար որոշումներից: Պիտի անենք ամեն ինչ, որ դատապարտյալները կրթական, մասնագիտական առումով  զբաղվածության ապահովում ունենան, քանի որ պատժի նպատակն է անձի վարքի շտկումը»:

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը թվարկեց մի շարք խնդիրներ. «Հիմնական խնդիրը վաղաժամկետ ինստիտուցիոնալ գործունեությունն է, անկախ հանձնաժողովի գործունեության արդյունավետվությունը, բուժսպասարկումը և գերբնակեցումը»: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմավերլուծական, իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետ Միքայել Զախարյանը հակադարձեց, թե, այնուամենայնիվ, տարեցտարի առաջընթաց կա ու  պարզաբանեց. «Զեկույցի ուղղվածությունն ավելի շատ դրական է հենց կոմիտեի գնահատականներով, քանի որ բազում դեպքերում ողջունում է ձեռնարկված միջոցառումները: Երկու դատապարտյալների վերաբերյալ մտահոգություններ կան, նրանք մեզնից տեղեկատվություն են պահանջել, ինչը կներկայացնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը մեդիա կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031