Այսօր Aravot.am-ն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց` ինչպես կմեկնաբանի Նուբարաշենի կրակոցները, որի արդյունքում 3 մարդ է մահացել, ինչ գնահատական կտա երեւույթին, երբ իրավական պետությունում «գողականներն» ու թաղային հեղինակությունները օրը ցերեկով զենքերով շրջում են, քրեակատարողական հիմնարկի մոտ կրակում են: «Իրավական երկիրը չի բնորոշվում նրանով, որ այնտեղ չեն լինում հանցագործություններ, այլ բնորոշվում է նրանով, որ այդ հանցագործությունները բացահայտվեն, ամեն ինչ անում են, որպեսզի ամեն ինչ բացահայտվեն եւ բոլորը հավասար լինեն օրենքի առջեւ: Ես հույս ունեմ, ինչպես նախորդ մի քանի դեպքերում, այնպես էլ այս դեպքում բացահայտում կլինի եւ մեղավորները կկանգնեն դատարանի առջեւ»:
Մանրամասներն` տեսանյութում
Կարծիքներ են
շրջանառվում, որ երեկվա հանցագործությունը, քրեական հեղինակությունների միջեւ ազդեցության ոլորտների բաժանման հետեւանք է: Նկատենք նաեւ, որ սպանվածները` Մեսրոպ Մելիքյանը, Լեւոն Ղազարյանը, ավելի հայտնի` «Երրորդմասցի Լյովիկ» եւ Դրաստամատ Թադեւոսյանը, որը հայտնի է Դրո անունով, նախկինում դատապարտված են եղել, եւ կալանավայրերը, որոնք ոչ միայն պատժիչ, այլ նաեւ ուղղիչ-աշխատանքային կառույցներ են համարվում, եւ ըստ էության այդ հիմնարկներն այս անձանց վրա որեւէ ուղղիչ ու բարենպաստ ազդեցություն չեն թողել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ