Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԵԿՄ անդամները Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակը շնորհավորելու համար գնացել էին Արարատ՝ նրա տուն:
Երկրապահներին դիմավորեց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Նրան ողջագուրվելով՝ գեներալ Մանվելն ասաց. «Սպարապետի տոնը՝ ծննդյան օրը շնորհավոր»:
Իսկ Սեյրան Սարոյանը, Արամ Սարգսյանին ողջունեց. «Հոպլո, բարլո՛ւս»:
Գրետա Մայրիկը շատ ջերմ ընդունեց հատկապես գեներալ Մանվելին՝ «Տղուս ամենամոտ ընկերն ես»: Մանվել Գրիգորյանը Գրետա մայրիկին մի ծաղկեփունջ էր բերել եւ որպես գարնան ավետաբեր՝ ձնծաղիկներ: ԵԿՄ անդամները, մեկ առ մեկ մոտենալով՝ շնորհավորեցին ու համբուրեցին Գրետա մայրիկին: Այցելության ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անընդհատ ինչ-որ բան էր շշնջում Գրետա մայրիկի ականջին, իսկ վերջինս առանձնապես ուշադրության չէր արժանացնում:
Կարդացեք նաև
Ըստ գեներալ Մանվելի, Գրետա մայրիկը մեր ազգի մեծ մայրն է, մեր ժողովրդի «հզոր մերն է», քանի որ Սպարապետ է մեր երկրին պարգեւել:
Գեներալ Մանվելը պատմեց, որ 10 հազար պատանի այսօր երդվելու են եւ դառնան պատանի երկրապահ: Գրետա մայրիկը շնորհավորեց նրանց: Նա հուզվեց՝ բաժակ բարձրացնելով եւ խմելով որդու՝ Սպարապետի կենացը. «Իր ծնունդն այսպես եղավ…Փառք ու պատիվ իրեն, փառք ու պատիվ մեր երկրապահներին, որոնք կարողացան տանել այս հաղթանակը: Մենակ թող պատերազմ չլինի, մնացած դժվարությունները ժողովուրդը կհաղթահարի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ