Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, վերջին տարիներին Մոսկվայում բնակվող Սամվել Բաբայանը մտադիր է աջակցել ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությանը՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղաքական թիմի անդամ Տիգրան Գրիգորյանը: Թե հատկապես ինչպե՞ս է Բաբայանն աջակցելու Ղարաբաղի ընդդիմությանը՝ դեռ հստակ չէ:
«Սամվել Բաբայանի դերի վերջնական հստակեցումից հետո, իհարկե, տեղի է ունենալու ոչ թե ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա, այլ Արցախում ստեղծված իրավիճակից դժգոհ բոլոր մարդկանց կոնսոլիդացիա, որովհետև Սամվել Բաբայանը շատ մեծ հեղինակություն ունի Արցախում: Մարդիկ չափազանց ոգևորված են, և մտածում են, որ Սամվել Բաբայանը հենց այն մարդն է, որը կարող է համախմբել, որը կարող է մինչև վերջ պայքարել ժողովրդի իրավունքների համար և տեր կանգնել ստացած քվեին», – ասաց Գրիգորյանը։
Ընդդիմության ներկայացուցիչը համոզված է՝ այս ընտրությունները Ղարաբաղի պատմության մեջ ամենահետաքրքիրն ու ամենամրցակցայինն են լինելու:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում