ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը մարտի 4-ին հանդիպել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) գնահատման առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի Քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության ստորաբաժանման Հայաստանի հարցերով պատասխանատու Ստեֆեն Էլգերսմայի, ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության ստորաբաժանման Հայաստանի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլիի եւ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերի ավագ խորհրդատու Սվեյն Ամունդսենի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:
Ողջունելով հյուրերին` Կորյուն Նահապետյանը կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է` ինչպես քննարկելու հարցերի լայն շրջանակ, գնահատելու երկկողմ փոխգործակցության մակարդակը, դրա առանձին բաղադրիչների իրականացման ընթացքը, այնպես էլ քննարկելու գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ:
Բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների ներկա մակարդակը՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հանձնաժողովը առանձնակիորեն կարեւորում է բոլոր այն միջոցառումների իրականացումը, որոնք խորհրդարանական ձեւաչափով ընդգրկված են ԱԳԳԾ-ի շրջանակներում: Ներկայացվել են հանձնաժողովի օրենսդրական եւ վերահսկողական գործառույթները, բյուջետային գործընթացում հանձնաժողովի դերը, ապագայում ծրագրային բյուջետավորման անցնելու համատեքստում պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի համագործակցությանը միջազգային տարբեր գործընկերների, մասնավորապես Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնեւի կենտրոնի հետ համատեղ իրականացված տարբեր միջոցառումներին: Խոսելով 2014 Ուելսյան գագաթաժողովի արդյունքների մասին պարոն Նահապետյանը կարեւորել է ընդունվող հռչակագրերում ամբողջական եւ հավասարակշված մոտեցումների ներկայացման կարեւորությունը:
Պատգամավորի կողմից բարձրացվել են նաեւ ՆԱՏՕ-ի հետ ինստիտուցիոնալ, ժողովրդավարական եւ պաշտպանական բարեփոխումների բնագավառներում փոխգործակցության առկա մակարդակին, խաղաղապահ առաքելություններում ՀՀ մասնակցության դինամիկային վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Անդրադառնալով սույն թվականի հունիսի 18-20-ը Հայաստանում ծրագրվող Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներին՝ Կորյուն Նահապետյանը հույս է հայտնել, որ սեմինարի ընթացքում ՆԱՏՕ-ն եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կապահովի բարձր ներկայացվածություն՝ ընդգծելով, որ թեեւ հայկական պատվիրակությունն ունի ընդամենը 3 անդամ, այդուամենայնիվ այն կարողանում է ակտիվորեն մասնակցել վեհաժողովի 5 հանձնաժողովներում իրականացվող բոլոր հանդիպումներին եւ քննարկումներին՝ արժանանալով վեհաժողովի ղեկավարության բարձր գնահատականին:
Նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության ճանաչման շարունակական գործընթացին: Մասնավորապես, կարեւորվել է մարտի 3-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի ընդունած բանաձեւը, որում Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատել եւ դատապարտել է հայկական ցեղասպանության եւ հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը:
Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂՀ հակամարտության ներկա փուլին՝ կարեւորելով այն, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես հակամարտության կարգավորման համար գոյություն ունեցող միակ ձեւաչաչափը: Ներկայացվել են հակամարտության սրմանն ուղղված ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ մտահոգությունները:
Պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադարձել է հանձնաժողովի գործունեության թափանցիկության ապահովման, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանն ուղղված միջոցառումներին, ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի ԽՎ կողմից իրականացվող մասնագիտական վերապատրաստման միջոցառումներին ԱԺ պատգամավորներին եւ փորձագետներին ներգրավելու անհրաժեշտությանը: Նա նշել է, որ ինքը նույնպես լիահույս է Հայաստանում ծրագրվող առաջիկա Ռոուզ-Ռոթ սեմինարի առնչությամբ եւ ակնկալում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կամ տեղակալի մասնակցությունը: Պատգամավորի կարծիքով՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար միայն Հայաստանի կողմից ակտիվ մասնակցությունը քիչ է, ՆԱՏՕ-ն եւս պետք է քայլերի շրջանակն ընդլայնի: Նա առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնք առկա են երկկողմ հարաբերությունների տեսադաշտում, որոնցից են կիբերանվտանգությունը, հակաահաբեկչական պայքարում ուժերի համատեղումը:
Թեւան Պողոսյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ արժեքների ընդհանրությունը եւ այդ համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտությունը:
Ստեֆեն Էլգերսման նույնպես բարձր է գնահատել ինչպես Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները այնպես էլ ընդհանարապես իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը՝ նշելով, որ Հայաստանը չնայած չի գտնվում ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում, այդուամենայնիվ գտնվում է Դաշինքի ընդլայնված տեսադաշտում: Նա բարձրացրել է նաեւ մի քանի այլ հարցեր, որոնք վերաբերում էին հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին բյուջետային գործընթացի իրականացմանը, հնարավոր սահմանադրական բարեփոխումների արդյունքում Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների ավելացմանը:
Անդրադարձ է եղել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
ՀՀ ԱԺ