Այսօր նախագահական նստավայրի մոտ ոստիկանության շխատակիցները կրկին պատնեշ էին կազմել և թույլ չէին տալիս բանակում զոհված զինվորների ծնողներին անցնել Բաղրամյան 26-ի մայթով: Միևնույն ժամանակ, այլ քաղաքացիներ ազատ տեղաշարժվում էին նշված մայթով, իսկ ոստիկաններն իրենց պահվածքը բացատրում էին նրանով, որ զոհված զինվորների ծնողները պատրաստվում են կանգնել նախագահական նստավայրի դիմաց և ակցիա անել:
«Էլի են եղել դեպքեր, երբ ասել են, որ գնում են նամակների բաժին, բայց կանգնել են նախագահականի դիմաց, իսկ դա չի կարելի, նախագահականը ռեժիմային օբյեկտ է»,- ասել է ոստիկան Մադաթյանը:
Բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի զանգից քիչ անց նախագահականի մոտ են ժամանել իրավապաշտպաններ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Գոհար Սարգսյանը նրանց հայտնել է, որ այս դեպքում ոստիկանների մտավախությունը անհիմն է: «Մենք ոչ պաստառներ ունենք մեր ձեռքերում, ոչ նկարներ: Մենք գնում ենք նամակների բաժին՝ չորս ամիս առաջ մեր գրած նամակի պատասխանը պահանջելու»,- ասել է տիկին Սարգսյանը: Նամակում ծնողները Սերժ Սարգսյանից պահանջել են հանդիպել իրենց հետ և արդար լուծում տալ զոհված զինվորների քրեական գործերին։
Նյութի մանրամասները կարդացեք epress.am -ի կայքում