Մարտի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ մի խումբ զինվորների հետ այցելեցին Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոց ու Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Նպատակն էր սաներին հանձնել օրեր առաջ «Նամակ զինվորին» ծրագրով զինվորներին գրած քաջալերող նամակների պատասխանները: Զինվորները եկել էին ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներ Ժորա սարկավագ Սարգսյանի և Վոլոդյա սարկավագ Նաջարյանի հետ:
Երեխաները հյուրերի հետ սպորտային խաղեր՝շախմատ, բասկետբոլ, ֆուտբոլ խաղացին, պարեցին: Զինվորները պատմեցին իրենց զինվորական առօրյայից, իսկ երեխաները հետաքրքրվում էին զինվորներից, թե ինչպիսի՞ն է զինվորի կյանքը, կարո՞ղ են նրանց հետ ծառայել, ի՞նչ է երջանկությունը և այլն: Զինվորները տղաների խնդրանքով մարզական հնարքներ ցուցադրեցին, ուժային վարժություններ կատարեցին:
Այնուհետև երեխաները նրանց հրավիրեցին միասին ճաշելու: Ճաշը համեմվեց ազգային երգերի միասնական կատարումներով:
Հրաժեշտից առաջ զինվորները խոստացան երեխաներին նորից այցելել և նոր ձեռքբերած ընկերությունը պահպանել հոգատարությամբ:
«Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացվում է ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում: ԱՀԹ երիտասարդները մանկատների, գիշերօթիկ դպրոցների սաներից քաջալերող նամակներ են հավաքում և դրանք փոխանցում հայոց բանակում ծառայող զինվորներին: Զինվորներից ստացած պատասխաններն էլ փոխանցում են երեխաներին: Արդեն երրորդ անգամ երիտասարդներին միանում են զինվորներ, ովքեր ցանկություն են հայտնել հանդիպել իրենց նամակ գրած երեխաներին ու անձամբ փոխանցել պատասխանները: Այս ծրագրի շրջանակում նախորդ հանդիպումն ԱՀԹ երիտասարդները կազմակերպել էին փետրվարի 27-ին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին