Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանին» մարտի 7-ին, ժամը 16:00-ին գյումրեցիների հետ հանդիպման համար Թատերական հրապարակը քաղաքապետարանի կողմից չտրամադրելուն, ասաց . «Իրենք լրիվ անգրագետ իրազեկում են ներկայացրել քաղաքապետարան. ընդունված կարգին ՝ «Հավաքների ազատության մասին օրենքի» պահանջներին ոչ համապատասխան: «Հավաքների ազատության մասին օրենքի» 12-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ իրազեկումը պետք է ներկայացնել հավաքի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ: Իրենք երկու դեպքում էլ իրազեկումը ներկայացրել են օրենքի խախտմամբ: Մեկը ներկայացրել են ամսի 2-ին, մյուսը՝ ամսի 4-ին: Թող շուտ բերեին իրազեկումները:
Իհարկե, երկու դեպքում էլ մենք մուտքագրել ենք իրենց գրությունները գրանցամատյանում, բայց քննարկման չի դրվել, այլապես օրինախախտ կդառնար նաև հարցը քննարկող լիազոր մարմինը՝ քաղաքապետը: Ես անձամբ կանչել եմ «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու պատասխանատուին՝ Արամ Հակոբյանին, ու ասել եմ, որ օրենք է խախտվել: Նա պատասխանել է՝ ես չգիտեի ու շնորհակալություն հայտնելով ՝ հեռացել է:
Երկրորդ անգամ է իրազեկում ներկայացրել՝ նույն ոճով, դարձյալ ուշացմամբ, երևի իրեն Երևանից էին պարտադրել: Երկրորդ անգամ ես ավելի մանրամասն եմ նրան բացատրել, այնուհետ մեր օրինակի հետևի մասում նա գրեց,՝ ստացա, համաձայն եմ: Այսինքն` մարդը, ընդունելով իրենց սխալը, համոզվելով, հեռացել է:
Ինձ բոլորովին դուր չեկավ նրանց այսօրվա տարածած հայտարարությունը, թե իբր քաղաքապետարանը փորձում է խափանել գյումրեցիների և Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը:
Կարդացեք նաև
Ի դեպ, երբ Արամ Հակոբյանին հարցրեցի, եթե դու համաձայն ես մեր մերժմանը, ինչո՞ւ եք նման հայտարարություն տարածում, նա ասաց՝ ի՞նչ հայտարարություն, ես տեղյակ չեմ:
Զարմանում եմ, թե ո՞րն է նպատակը «Ժառանգություն» կուսակցության անունը շոշափելու: Ես զանգահարել եմ «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Մամիկոն Սարգսյանին ու խոսել նրա հետ: Նա ասաց, որ «Հիմնադիր խորհրդարանը» իրենց չի դիմել, իրենց ուղղված ոչ մի հարցում չի եղել, իրենց հորինածն է: Մենք ոչ մի խոչընդոտ չենք սարքել, մենք օրենքով ենք շարժվել: Եթե օրենքի խախտմամբ է ներկայացվել իրազեկումը, նորից եմ կրկնում, բնականաբար մենք գրանցում ենք, բայց քննարկման ենթակա չէ, այլապես քաղաքապետը խախտում կաներ: Ուզում է Ժիրայր Սեֆիլյանի փոխարեն Պողոսը կամ Պետրոսը լինի հավաք անցկացնողը, թո՛ղ օրենքի համաձայն դիմեր, մեզ համար ի՞նչ նշանակություն ունի, թե «Հիմնադիր խորհրդարանն է»: «Ժառանգությունը» իր իրազեկումը ներկայացրել է իրենցից շուտ, ամսի 26-ին: Մենք պատասխանել էինք, որ հենց նույն ժամին նույն տեղի համար դիմում ունենք ավելի վաղ ստացած. առաջինը դիմում է ներկայացրել «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը՝ տոնավաճառ կազմակերպելու նպատակով:
Իհարկե, «Ժառանգությունից» պատասխան չստացանք՝ միգուցե իրենք ժամը փոխեի՞ն, նույն օրը այլ ժամի անցկացնեի՞ն… «Ժառանգությունից» հետո նոր միայն Սեֆիլյանենք են իրենց իրազեկումը բերում:
Հետայսու հորդորում եմ բոլորին՝ կլինեն անհատներ, կլինեն կազմակերպություններ, շարժումներ՝ եթե հավաք են անցկացնում, ծանոթացե՛ք «Հավաքների ազատության մասին օրենքին» ու տեղավորվեք ժամկետների մեջ»:
Հիշեցնենք, որ այսօր «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել h ՝ Գյումրու քաղաքապետարանին մեղադրելով իրենց հավաքը խափանելու մեջ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Անկեղծորեն չէի սպասում, որ Սեֆիլյանն այս կարգի մուտիլովչիկ էր: