Լրահոս
Օրվա լրահոսը

«Երրորդմասցի Լյովիկ»-ի սպանության քաղաքական աստառը

Մարտ 05,2015 16:49

«Եթե քաղաքականության ոլորտում ռեսուրսների վերաբաշխում է տեղի ունենում, դրանք պրոյեկտվում են նաև կրիմինալ դաշտում: Ով ում վրա ատամ ունի, սկսում է մյուսին նեղացնել»,-Aravot.am-ի հարցին` կրիմինալ աշխարհի վերջին սպանությունները կապ ունե՞ն ներքաղաքական վերջին վերադասավորումների հետ, մանավանդ, որ մեր երկրում քաղաքականությունն ու կրիմինալը սերտաճած են, այսպես պատասխանեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ փոխհրաձգության արդյունքում սպանվել էր երեք քաղաքացի` Մեսրոպ Մելիքյանը, որը մահացել է տեղում, «Երրորդմասցի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Ղազարյանը, Դրաստամատ Թադեւոսյանը՝ հայտնի է Դերո անունով։

Ստեփան Սաֆարյանը հավաստեց, որ մեր հասարակությունում փողը, իշխանությունը և կրիմինալը միմյանց միաձուլված են և խոշոր հաշվով պահում են միևնույն քաղաքականությունը. «Եթե փողի վերաբաշխման առումով ինչ-որ բան է տեղի ունենում, ապա դա վերաբերում է նաև քաղաքական դաշտին: Դրանք միանշանակ փոխկապակցված են: Այն, որ արդեն վարչապետի տղայի և նրա հետ են կապում, դրանով իսկ մեկ գործընթաց է սկսում, որը հանգեցնելու է կառավարության փոփոխության: Կարող ենք նախնական դատողություն անել, որ կառավարության հրաժարականի գործընթացը սկսված է»:

Հետաքրքրվեցինք` մտահոգություններ կան, որ «Երրորդմասցի Լյովիկ» կոչվող քրեական հեղինակության սպանությունից հետո շատերը վախեցած են, թե հնարավոր է անկառավարելի իրավիճակ ստեղծվի, քաղաքական վերլուծաբանը չհամաձայնեց ու նշեց. «Եթե հիմնական քաղաքական կոնֆլիկտն այսպես լուծվեց, ապա մնացած կոնֆլիկտները շատ ավելի հանգիստ են լուծվելու, իհարկե, ավելի դաժան ու զոհերով: Հիմնական ճակատամարտը արդեն Սերժ Սարգսյանը շահել է, մնացածը պոչերի հետ հաշիվները մաքրելն է: Սերժ Սարգսյանից և մյուս նախագահներից ավելի լավ որևէ մեկը չգիտի, որ այս երկրում սեփական իշխանությունը պահվում է և վարչական ապարատով, և փողով, և նաև կրիմինալով` օրենքով գողերից մինչև թաղային հեղինակություններ»:

Ստեփան Սաֆարյանը մի դրվագ հիշեց, երբ ինքը ընտրությունների էր մասնակցում Ավան համայնքում. «Թաղի ջահելներից մեկի հետ, երբ զրուցում էինք, ասաց, որ թաղային հեղինակություններից մեկն ասել է, որ բոլորը տվյալ անձին պիտի ընտրեն: Այդպես էլ եղավ: Մեր երկրում ամեն ինչ շատ նման է ջունգլիներին. հաղթող թիմը զավթում է մյուսների կալվածքները` ընդլայնելով իրենը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031