«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու:
ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը:
Նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար: Այստեղ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ նրա և նրա ղեկավարի նկատմամբ վերջին շրջանում իրականացված միջոցները:
Իշխանական բոլոր լծակների կամայական, խտրական և հակասահմանադրական օգտագործումը առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը:
Կարդացեք նաև
Երկրորդ, որ ավելի կարևոր է, այդ գործողությունները կոտրեցին հայ ժողովրդի` երկրում անհապաղ արմատական փոփոխություններ իրականացնելու հույսը` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Շնորհավորում եմ Նաիրա Զոհրաբյանին կուսակցության ղեկը ստանձնելու համար: Դա, կարծում եմ, ճիշտ որոշում էր կուսակցության քաղխորհրդի կողմից: Կուսակցությունն ունի գիտակից և նվիրված քաղաքական թիմ, որը, հուսով եմ, կշարունակի պայքարը երկրում քաղաքական մենաշնորհի դեմ, ինչպես նաև քաղաքական մթնոլորտի առողջացման համար: Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին իրենց հետագա գործունեության մեջ: