Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդեսի կազմակերպիչ. «Ուրիշին մեջքից դանակով չենք խփում, որ թաքուն անենք»

Մարտ 05,2015 16:22

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (լուսանկարում) առաջիկայում կհամալրվի հայ ժամանակակից նկարիչների աշխատանքով:Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը, մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի կոմիտասյան թեմաներով ցուցահանդես, որից հետո բոլոր գործերը կնվիրվեն  Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: «Դա մեր վերաբերմունքն է այդ թանգարանին, որ ունենա ֆոնդերը, որպեսզի կարողանա ցուցադրել, ակցիայի նման մի բան է, որի նախաձեռնողը Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ Ղազար Միրզոյանն է»,- ասաց Փարավոն Միրզոյանը:

Նա հակադարձեց մի խումբ նկարիչների այն դժգոհությանը, թե ցուցահանդեսում ընդգրկված են «նեղ» շրջանակի ու իրենց ծանոթ արվեստագետների աշխատանքներ: Պատկերասրահի տնօրենը հայտնեց, որ ցուցահանդեսի մասին հայտարարություն արվել է, այն տեղադրված է եղել նաեւ պատկերասրահի կայքում, ով իմացել-եկել է, իսկ աշխատանքներն ընտրել է մասնագիտական հանձնաժողովը. «Հետագայում ով ցանկանում է, թող համապատասխան ստեղծագործություններ տանի ու Կոմիտասի անվան թանգարանի ղեկավարության հետ պայմանավորվի: Բայց այնպես չէ, որ ով ինչ ուզի, կարող է տանել»:

Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ Ղազար Միրզոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Կոմիտասյան թեմայով ցուցահանդեսում ներառված է քանդակ, գեղանկարչություն, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ: «Իմաստն այն է, որ նկարիչը չունենալով պետական պատվեր՝ նկարել է հայ երեւալու թեմաներով աշխատանքներ եւ նվիրելու է նույն մարդու անվան թանգարանին: Արվեստագետները ներկայացրել են իրենց գործերը, հանձնաժողովն ընտրել է այնպիսի աշխատանքներ, որոնք հարիր են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի ֆոնդերը հարստացնելու համար: Կային շատ բարձր որակի աշխատանքներ, բայց դրանք իրենց ոճաբանական իմաստով այնտեղ չէին տեղավորվում»,- հավելեց Ղազար Միրզոյանը:

Ինչ վերաբերում է որոշ նկարիչների կողմից ցուցահանդեսը «թաքուն» որակելուն, այս մասին էլ Աշխարհի հայ նկարիչների միության նախագահը ասաց. «Մենք ոչինչ թաքուն չենք անում, կա նկարիչների մի մասսա, որ անընդհատ փորձում է մեր արածի վրա ստվեր գցել, եւ եթե մասնագիտական որակի վրա չի կարողանում ստվեր գցել, ասում է՝ իբր գաղտնի է, թաքուն է: Շատ նկարիչներ իմացել են այս ցուցահանդեսի մասին: Դեռեւս անցյալ տարի սուրբ Սարգսի ցուցահանդեսի ժամանակ էլ եմ ասել երիտասարդներին, մի քանի հեռուստատեսային հարցազրույցների ու ելույթների ժամանակ էլ եմ տեղեկացրել: Վաղն էլ հայտարարելու եմ, որ Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի առթիվ ենք ցուցահանդես կազմակերպելու, ով ուզում է, թող կապվի ինձ հետ: Այնպես որ, մենք վատ բան չենք անում, որ թաքուն անենք, ո՛չ ուրիշին մեջքից դանակով խփում ենք, ոչ էլ բամբասում, որ թաքուն անենք»::

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031