Շատ հաճախ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին «բռնացնելու», նրանց իրենց բողոքը հայտնելու կամ պարզապես փող խնդրելու համար շատ քաղաքացիներ կարեւոր միջոցառումներին վաղ առավոտից «հերթապահում» են Եռաբլուրում՝ սպասելով հարմար պահի:
Այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին մոտեցավ մի կին ու գումար խնդրեց: Նախարարը բարկացավ՝ «Դու կառավարության շենքի մոտ չէի՞ր եկել անցած օրն էլ: Ստեղ՝ այս վայրը մեր սուրբ վայրն է, այստեղ փող խնդրելու տեղ չի»: Նախարարը տիկնոջը հրավիրեց ՊՆ. «Եկեք այնտեղ, կտեսնենք»:
Սեյրան Օհանյանը դեռ չէր նստել իր մեքենան, մեկ այլ կին սկսեց աղմկել. «Թող ասում եմ, ի՜»:
Կինը լաց էր լինում, նրա թեւերից բռնել էին եւ թույլ չէին տալիս մոտենալ նախարարին:
Կարդացեք նաև
Որքան էլ կինը փորձեց արանքներից ճողոպրել եւ մի կերպ մոտենալ նախարարին, դա նրան չհաջողվեց: Մի խումբ տղամարդիկ, նրա թեւերը ոլորելով՝ տարածքից բռնի ուժով փորձեցին հեռացնել:
Կինը ձեռնափայտով էր եւ լաց էր լինում, բողոքում. «Լույսս են անջատում, 1 մլն 300 հազար պարտք ունեմ: Մեկը օգներ, ես զավակ եմ պահում, երեխա եմ պահում, օգնե՜ք: 2 ամիս կլինի՝ նպաստ չեմ ստացել: Պարտքի տակ խեղդված եմ: Քանի տարի ա՝ ջուրս փակել են, ջուր չի մտնում տունս, օգնե՛ք»:
ՊՆ-ի պաշտոնյաներից մեկը նետեց՝ «Էս մարդիկ քո լույսի հետ ի՞նչ կապ ունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ